Լրահոս
Օրվա լրահոսը

Անտիմամուլ

Ապրիլ 21,2011 00:00

«Կառավարություն առանց մամուլի» շարքից

«Առավոտի» 11.03.2011թ. համարում (https://www.aravot.am/am/articles/regions/90543/view) թեմայի վերաբերյալ հրապարակման նախաբանը սկսվում է նրանով, որ ԱՄՆ Սահմանադրության հայր ու 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն ասել է. «Եթե ստիպված լինեի ընտրել՝ ունենալ կառավարություն առանց թերթերի, թե թերթեր առանց կառավարության, առանց մտածելու կընտրեի երկրորդը»:
Բնականաբար, Ջեֆերսոնը թերթեր ասելով նկատի ուներ ազատ մամուլը, որը կարող է քննադատել, «հայհոյել», երկրում առկա խնդիրները վեր հանել… Մի խոսքով` խոսքի ազատությունից օգտվող ազատ մամուլը:
Ազատ մամուլի նկատմամբ նման վերաբերմունքն էլ սրանից ուղիղ 200 տարի առաջ դրեց ամերիկյան ներկայիս ժողովրդավարության հիմքը:
Մեր պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները սիրում են տեղին թե անտեղի կրկնել, որ պետք չէ նոր հեծանիվ հայտնաբերել: Բայց երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարությանը, բոլորն առանց բացառության էլ ավելի անտեղի կրկնում են, որ արեւմտյան ժողովրդավարությունը 200 տարվա պատմություն ունի, իսկ մեր պետությունը դեռ 20 տարեկան է, մոռանալով, որ պետք չէ նոր հեծանիվ հայտնաբերել, իսկ այս 20 տարին առավել քան բավարար էր վաղուց հնարած հեծանիվը վարել սովորելու համար: Նախկին սոցճամբարի այն երկրները, որոնք ցանկացան, լավ էլ կարողացան ժողովրդավարության հեծանիվը վարել սովորել:
Հնարավոր է մեր, ինչպես նաեւ մեր արեւելյան ու արեւմտյան սահմանակից հարեւանների ազգային մենտալիտետն է այնպիսին, որ ժողովրդավարության հեծանիվը 200 տարում պետք է վարել սովորենք: Դրա համար էլ, մամուլի նկատմամբ վերաբերմունքից ելնելով, փորձենք գուշակել, թե գոնե 200 տարի անց մեզ մոտ ժողովրդավարությունն ինչ մակարդակի վրա է լինելու:
ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահների վերաբերմունքը մամուլի նկատմամբ արդեն տեսել ենք. 1-ին նախագահը փակեց «Հայլուրը», ջարդուխուրդ անելով փակեց դաշնակցական լրատվամիջոցները, հիմնելով մեր ավանդույթը, 2-րդ նախագահը մրցույթներով եթերազրկեց «Ա1+-ը», «Նոյյան տապանը» եւ «պատասխանատու» դարձրեց ողջ եթերը:
Հերթը 3-րդ նախագահինն է, որի օրոք ընդունվեց Քաղօրի՝ մամուլի դեմ ուղղված 1087.1 հոդվածը (այսուհետ՝ անտիմամուլ), որը հնարավորություն է տալիս համարյա ցանկացած քննադատություն կամ անճշտություն որակել որպես վիրավորանք կամ զրպարտություն եւ այնպիսի նյութական պատասխանատվություն սահմանվեց, որի կիրառման արդյունքում լրատվամիջոցն ակամայից կփակվի կամ կսնանկանա ու «պատասխանատու» ձեռքերում կհայտնվի: Գործընթացն էլ փաստացի սկսվել է եւ ժամանակի ընթացքում դժվար թե որեւէ լրատվամիջոց խուսափի դոմոկլյան սրի հարվածից, հերթը անգամ «Հ1»-ին է հասել:
Ճիշտ է, անտիմամուլը «դրական» կողմ էլ ունի. այն երիտասարդ թոշակառուների համար եկամտաբեր զբաղմունք է եւ սերվիսն էլ ապահովում են վերանորոգված դատարանները, սակայն անտիմամուլի ընձեռած նման սերվիսով բիզնեսպրոյեկտի համար լուրջ պայքար են սկսել նաեւ մեր օլիգարխները, որոնցից երեքը նույնիսկ կոալիցիա են կազմել՝ պրոյեկտն իրենց մենաշնորհը դարձնելու համար:
Իր «դրական» կողմերով հանդերձ, անտիմամուլն ակնհայտորեն չի նպաստելու մեր երկրի ժողովրդավարացմանը. առանց ազատ խոսքի բացառվում է ժողովրդավարությունը: Ավելին, համապետական ընտրությունների նախաշեմին անտիմամուլի ընդունումը եւ անտիմամուլ ծրագրի իրագործումը գալիս է վկայելու, որ առաջիկա ընտրություններում երկրի քաղաքական իշխանությունը դժվար թե ժողովրդավարության սկզբունքներով ձեւավորվի: Կասկածնե՞ր կան: Հիմնավորեմ: Որեւէ ժողովրդավարական երկրում ընտրություններից առաջ եւ ընդհանրապես, քաղաքական գործիչները չեն թշնամանում մամուլի հետ: Ավելին, եթե անգամ նրանք կամ աստղերը մամուլին դատի են տալիս, որպես կանոն նյութական փոխհատուցում են պահանջում, ասենք 1 ցենտ խորհրդանշական գումար, քանի որ նրանց համար կարեւորը բարոյական փոխհատուցումն է եւ դրանով ցույց են տալիս, որ ատելություն չունեն մամուլի հանդեպ: Ի՞նչ են անում ընտրությունների պատրաստվող մեր քաղաքական գործիչներն ու մեծ քաղաքականություն վերադառնալ պատրաստվողները. այն, ինչը ցանկացած PR տեխնոլոգիայով հակացուցված է՝ դատի տալով սնանկացմամբ կազմալուծման են տանում մամուլին, դառնալով մամուլի թշնամի: Կարծում եմ, արդար ընտրությունների պատրաստվող քաղաքական գործիչները նման կերպ չէին վարվի, ինչը նշանակում է, որ առաջիկայում հազիվ թե մեզ արդար ընտրություններ եւ ժողովրդավարություն սպասվի, կամ գոնե այդպես են կարծում քաղաքական սուր հոտառություն ունեցող այն գործիչները, որոնք անտիմամուլը զենք են դարձրել մամուլի դեմ:
Թե ինչպիսի ժողովրդավարություն է մեզ սպասվում գոնե 200 տարի անց (եթե այդքան ձգենք), արդեն կախված է ՀՀ 3-րդ նախագահից:
Եթե ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, 200 տարի առաջ երկընտրանքի առջեւ կանգնած լինելու դեպքում առանց մտածելու կընտրեր մամուլը եւ մամուլի նկատմամբ նման վերաբերմունքն ամերիկյան արժեհամակարգի հիմքում դրվեց ու հիմք հանդիսացավ ամերիկյան նախանձելի ժողովրդավարության, ապա ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ազատ է ընտրելու. ունենալ կառավարություն առանց ազատ մամուլի կամ կառավարություն եւ ազատ մամուլ: Հետաքրքիր է, վերջնականապես ո՞ր տարբերակը կընտրվի:

Հ. Գ. Որպես անտիմամուլի հեղինակ, լրատվամիջոցները մեղադրում են ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, սակայն ԱԺ կայքում, որպես օրինագծի հեղինակներ, նշված են պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Ռուբեն Գեւորգյանը (ԲՀԿ) եւ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ):
ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ
Նախորդ օրը Կապանում «Գանձասար» ֆուտբոլային ակումբի խաղացող Արմեն Տատանցյանը իր «ՎԱԶ-2107» մակնիշի 08 ՕԼ 650 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 17-ամյա Էմիլյա Անտոնյանին: Մարզիկը Էմիլյային տեղափոխել է հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930