Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՐՄԱԼ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԻ»

Ապրիլ 22,2011 00:00

\"\"Ասում է ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝  մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանի որոշումը

Սկիզբը՝

Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանության արժանացրեց նախագահ Սահակաշվիլիի առաջարկը՝ չեղյալ հայտարարել 2006-ին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում էր արտերկրում գտնվող ռուսաստանյան ռազմակայանների անձնակազմի եւ ռազմական բեռների՝ Վրաստանի տարածքով փոխադրումը: Դա եղավ ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանում հայ-ռուսական միջմարզային համագործակցության համաժողով էր ընթանում: Որոշ ռազմական փորձագետների կարծիքով՝ ակնհայտ է, որ այս քայլի նպատակը դեպի Գյումրիի ռազմակայան անձնակազմի եւ ռազմական տեխնիկայի տեղափոխումը դժվարացնելն է: «Առավոտի» հարցին՝ չե՞ք կարծում, որ Հայաստանի շուրջ օղակն էլ ավելի է սեղմվում, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Հայաստանը տարածաշրջանում արդեն վաղուց կորցրել է իր ինքնուրույն քաղաքականություն վարելու կռվանները: Մենք գնում ենք գործընթացների ետեւից՝ փորձելով հասնել դրանց: Այո, պատահական չէր Վրաստանի խորհրդարանի ոչ որոշումը, ոչ էլ դրա ժամկետները: Վրաստանն ապացուցեց, որ իր համար սեփական շահն ավելի կարեւոր է, քան կեղծ բարեկամությունը Հայաստանի հետ: Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանն առաջնորդվեց սեփական շահով: Դա նաեւ ապացույց է նրա, որ Հայաստանում ռուսական բազաների գոյության երկարաձգումը մոտ 50 տարով պարզապես ֆորմալ գործընթաց էր. փաստաթուղթ, որն իր մեջ շատ քիչ ռազմական էլեմենտ է պարունակում»: Հետաքրքրվեցինք՝ մեր զրուցակցի կարծիքով՝ Վրաստանի խորհրդարանի որոշումը նպաստո՞ւմ է Ադրբեջանի՝ պատերազմը վերսկսելու հավակնություններին: «Իհարկե, մանավանդ, որ Ադրբեջանը շատ վաղուց է պատրաստվում նոր պատերազմի: Էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որ հասկանանք դա: Այդ երկիրն իր ողջ տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը կառուցել է այդ հռետորիկայով: Նախագահից սկսած՝ ավարտած բոլոր մեծ ու փոքր պետական չինովնիկներով, առավոտից իրիկուն դա են հայտարարում: Ո՞վ պիտի բռնի Ադրբեջանի ձեռքը: Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի, եւ դա, ցավոք, իրականություն է դառնալու, եթե այսօրվա իշխանությունը մնաց իշխանության, եւ Հայաստանը մնա այս ներքին եւ արտաքին ստատուս-քվոյի վիճակում»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել