Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆ ՋՐՈՒՄ» ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

Ապրիլ 22,2011 00:00

Դրանք իրականացվում են աշխատակիցների  իրավունքների խախտումներով

\"\"

Երեկ «Երեւան ջուր» ընկերության «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» 40 աշխատակից իրենց աշխատանքային պայմանագրերը լուծարելու մասին ծանուցագիր են ստացել: Ընդ որում, այս ծանուցագրում «Երեւան ջուրը» գրել է, որ ընկերության վերահսկողական բաժնի աշխատակիցները այսօրվանից այլեւս չեն աշխատելու: Չնայած ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ընկերությունն իր աշխատակիցներին ազատելուց կամ կրճատելուց առնվազն 2 ամիս առաջ պետք է նախազգուշական ծանուցագիր ուղարկի, սակայն «Երեւան ջուրը» նախապես ոչինչ չի ասել: Ապրիլի 14-ին ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն խորհրդակցություն է հրավիրել եւ որոշել, թե այսուհետեւ ինչ հաստիքացուցակով պետք է աշխատեն: Այդ հաստիքացուցակներից դուրս է մնացել մի ամբողջ բաժին՝ վերահսկողական տնօրինությունն իր 40 աշխատակիցներով: Բացի այն, որ ընկերության տնօրինությունը օրենքը շրջանցել է իր գործողություններում, «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» ղեկավար Միքայել Դավթյանի համոզմամբ՝ սա իսկական վրեժխնդրություն է աշխատակիցների նկատմամբ. «Մեր բաժինը ստեղծվել է 1 տարի առաջ, մենք այդքան կարճ ժամանակահատվածում հայտնաբերել ենք 15315 խախտում, որից միայն 5217-ը ապօրինի ջրօգտագործողներն են եղել: Մենք այս թվերը ներկայացրել ենք «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրենին, սակայն նա անուշադրության է մատնել մեր ակտերը, քանի որ, եթե ուշադրություն դարձներ, ընկերության հասույթը կավելանար՝ ջրի վաճառքից ավելի շատ գումար պետք է գար, իսկ ջրի կորուստները, մեր հաշվարկներով, առնվազն պետք է 5%-ով նվազեին, ոչ թե 2%-ով, ինչպես հայտարարում է ընկերության ղեկավարությունը: Եթե մենք բացահատումներ ենք անում, արձագանք չի լինում, ուրեմն մենք խանգարում ենք այս ընկերությանը»: Մ. Դավթյանը եւ նրա աշխատակիցները որոշել են անպայման դիմել դատարան, քանի որ խախտվել է իրենց աշխատանքային իրավունքը. «Մենք պահանջ ենք դնելու վերականգնվելու մեր աշխատանքում: Մեր աշխատանքը իսկապես դրական արդյունք է տվել ոչ միայն ջրի կորուստների նվազման առումով, այլեւ ավելի շատ գումար հավաքագրելու, սակայն վերցնում են ու 40 հոգու միանգամից, մի քանի օրում, աշխատանքից ազատում»:
Նշենք, որ «Առավոտը» ապրիլի 12-ի իր համարում անդրադարձել էր, որ ընկերության տնօրինությունը այդ բաժնի աշխատակիցներին՝ կրճատվելու վերաբերյալ պարբերաբար ոչ օֆիցիալ զգուշացումներ է անում, սակայն երբ այդ հարցը ճշտելու նպատակով դիմել էին «Երեւան ջրի» պատասխանատուներին, ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը հերքել էր, որ մոտակա ժամանակահատվածում ընկերությունում որեւէ կրճատում կլինի, ավելին՝ նա անգամ զարմացած հայտարարել էր, որ այդ ամենի մասին նա առաջին անգամ մեզնից է լսում: Սակայն չանցած ընդամենը 2 օր՝ ընկերության ղեկավարությունը խորհուրդ է հրավիրում եւ նման որոշում կայացնում:
Հիշեցնենք, որ այս ընկերությունում կրճատումների մասին խոսք եղավ այն ժամանակ, երբ «Երեւան ջուրը» հայտնեց, որ իր մատակարարած ջրի դիմաց 6 դրամով պակաս գումար է նախատեսում վերցնել ջրօգտագործողներից՝ ջրի սակագինը դարձնելով 1 խմ-ի համար 175 դրամ: Սակագինը բնակիչների համար նվազելու է 6 դրամով, ընդհանրապես՝ 20-ով, քանի որ սակագինը ընկերության համար 195 դրամ էր, բնակչության համար՝ 14 դրամով էժան, տարբերությունը փոխհատուցում էր պետությունը՝ Երեւանի ավագանու որոշման համաձայն: Այս սակագինը, ամենայն հավանականությամբ, կգործի հունիսից, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատի նոր սակագինը: Այդ ժամանակ նոր միայն պետք է կրճատումների մասին հայտարարվեր, երբ վերահաշվարկ արվեր եւ պարզ լիներ, թե որքան եւ որ ոլորտում է անհրաժեշտ խնայողությունների դիմել: Սա մեզ հավաստիացնում էր նաեւ Գ. Մարգարյանը՝ ասելով, որ իրենք որակի եւ սպասարկման առումով պրոգրես պետք է ապրեն եւ դրա համար, եթե անհրաժեշտ է ծախսերի նվազում, ապա կօպտիմալացվի, որը դեռեւս պարզ չէ, թե ինչ ձեւով կանդրադառնա ընկերության վրա՝ աշխատավարձերը կամ աշխատակիցնե՞րը կկրճատվեն, թե՝ վառելիքը:
Նշենք, որ «Երեւան ջուր» ընկերությունը մայրաքաղաքում ջրամատակարարման գործունեություն է ծավալում արդեն 5 տարի, այդ տարիների ընթացքում մի քանի անգամ հասցրել է բացել եւ փակել վերահսկողական ծառայություններ, որոնք, ի դեպ, ինքնաֆինանսավորվող են եղել. վերահսկողական ծառայությունները գումարներ են մուտք արել ընկերության բյուջե՝ իրենց կազմած ակտերի եւ տուգանքների հիման վրա եւ ստացել իրենց հասանելիք տոկոսները: Վերջին վերահսկողական տնօրինությունը իր գործունեության միայն 11 ամիսների ընթացքում «Երեւան ջուր» ընկերության բյուջե է գանձել 160 միլիոն դրամ՝ հայտնաբերելով բազմաթիվ խախտումներ եւ օրինական դաշտ բերելով մի շարք «լեւի» գծեր: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել