Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԴԱՍԵՐԸ

Ապրիլ 22,2011 00:00

Անցել է 96 տարի, սակայն հայոց մեծ սգո դասերը դեռ յուրացված չեն: Մի ամբողջ ժողովուրդ երիտթուրքերին կոտորել տվողները համարվում են ազգային հերոսներ: Նրանց մասին գրում են բազմաթիվ փառաբանող գործեր: Իսկ նրանք, ովքեր ձգտել են մեր ժողովրդի կյանքը փրկել ու պահպանել, արհամարհվել են:

\"\"

Պարզ լինելու համար պետք է սկսել մի փոքր հեռվից եւ գնահատել հիմնական պատմական անցքերը: Երբ 1877-78 թթ. ռուսական բանակների հարվածների ներքո Թուրքիան հայտնվեց կործանման եզրին, Անգլիան, Ֆրանսիան եւ Ավստրո-Հունգարիան Ռուսաստանին սպառնացին նրա գլխին կրկին բերել Ղրիմի պատերազմի օյինը: Ռուսաստանը ստիպված դադարեցրեց պատերազմը:
Ոչ մի գաղափար չունենալով եվրոպական մեծ տերությունների քաղաքականությունից, մեր ազգային գործիչները թույլ տվեցին 4 օրհասական սխալ, որոնք կանխորոշեցին մեր ժողովրդի ողբերգական ճակատագիրը: Նախ Պոլսի պատրիարքի պատվիրակությունն ուղարկեցին Սան Ստեֆանո՝ ռուսական դեսպանին խնդրելու, որ նա ստիպի սուլթանին բարեփոխումներ մտցնել Արեւմտյան Հայաստանում: Արդյունքում աշխարհ եկավ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը: Մյուս սխալը կաթողիկոս Խրիմյանի պատվիրակության ուղարկումն էր Բեռլինի կոնգրես, որը դիվանագիտության պատմության մեջ բացառիկ դեպք է: Մեծ տերությունները ռուսական հսկային Բեռլինում ծնկաչոք արած խարազանում են Սան Ստեֆանոյի պայմանագիրը Թուրքիայի օգտին վերանայելու համար եւ հենց այդ սուր պահին մեր գործիչները խնդրում են նրանց, որ լուծեն մեր ժողովրդի հարցը: Բնականաբար, նրանք միահամուռ մերժում են, իսկ բուլղարացիների հարցի լուծումը անգլիական պատվիրակության քարտուղարը բացատրում է նրանով, որ բուլղարացիները կռվել են, իսկ հայերը` ոչ: Մեր գործիչները միանգամից հավատում են: Խեղճերը չգիտեին, որ Բուլղարիայի ազատագրումը Ռուսաստանը գաղտնիորեն նախապես համաձայնեցրել էր այդ տերությունների հետ: Եթե անգլիացի դիվանագետը ազնիվ լիներ, ապա պետք է ասեր. «մեր հոգսը Թուրքիան Ռուսաստանի ձեռքից փրկելն է, դուք, հայեր, պետք է ասպարեզից չքանաք, մեր գործին չխանգարեք»: Դրանով նա մատնած կլիներ այդ տերությունների՝ մեծ խնամքով թաքցվող գաղտնիքը: Սա դիվանագիտության պատմության մեջ եւս բացառիկ դեպք է, երբ մի ժողովրդի գործիչները շփվել են իրենց բախտը որոշող տերությունների ղեկավարների հետ եւ արել են ուղիղ հակառակ եզրակացությունը: Դրանով մեր գործիչների տգիտության ռեկորդը լրացվեց անհասկացողության ռեկորդով: Այս երրորդ սխալին արդեն հետեւեց չորրորդ սխալը՝ երկաթե շերեփի քարոզը, որից եւ սկսվեց ազգային-ազատագրական շարժումը: Եթե Խրիմյանը հասկանար անգլիացու դիվանագիտական լեզուն, Թիֆլիսում պետք է ասեր. «Մենք հայտնվել ենք մեծ տերությունների շահերի բախման կիզակետում, մեր գլխավոր թշնամին մեծ տերություններն են: Մենք պետք է միջազգային ասպարեզից դուրս գանք, այլապես հսկաները մեզ կտրորեն եւ չնկատելու կտան»: Իմիջիայլոց, այդ հսկաներից միայն Ֆրանսիան, այն էլ մոտ 85 տարի անց, ի վերջո, նկատեց, մյուսները շարունակում են չնկատելու տալ: Նկատի ունենալով Խրիմյանի եւ Արծրունու այդ ազգակործան գործունեությունը, շատ զարմանալի է, որ այն այժմ էլ, 133 տարի անց իր արժանի գնահատականը չի ստացել: Մի ամբողջ ժողովուրդ եւ երկիր են ոչնչացնել տվել եւ այժմ էլ ազգային հերոսների լուսապսակ են կրում, Խրիմյանին «հայրիկ» են մեծարում: Բա հայրիկն այդպիսի՞ն է լինում: Ասում են Խրիմյանը շատ բարի ու ազգասեր է եղել: Բայց Աստվածաշունչն ասում է. «Դժոխքի ճանապարհը բարի մտադրություններով է սալահատակված»: Նրա հետեւորդների մեջ շատ են եղել «պաշտոնական հայրենասերները», որոնք Սասունի ապստամբության ժամանակ 50.000-անոց բանակ կազմելու ֆանտաստիկ ծրագրեր են ներկայացրել եւ ժողովրդից վիթխարի գումարներ են կորզել: Շատ-շատերն են սնանկացել, որպեսզի ազգի այդ դավաճաններն իրենց գրպանները լցնեն, ինչպես այժմյան դավաճանները ղարաբաղյան շարժման վրա միլիոններ են շարունակում դիզել, իսկ իրենց որդիներին անգամ բանակ չեն ուղարկում: Մինչդեռ եղել են զգաստ խելքի տեր ազնվագույն մարդիկ, սակայն նրանց նախազգուշացնող ձայնը տեղ չի հասել: 1896թ. կոտորածների ժամանակ Ղեւոնդ Ալիշանը Ավետիք Իսահակյանին ասել է. «Միակ ելքը ազգային կազմակերպությունների լուծարումը եւ պայքարի դադարեցումն է: Մի պղտորեք թուրքի մոնղոլական արյունը»: Նույն կարծիքին են եղել «Նոր դար», «Մեղու Հայաստանի» թերթերը, մեծ արձակագիրներ Նար-Դոսը, Մուրացանը, Պոլսի պատրիարք Խ.Աշիղյանը, կաթողիկոս Մ.Օրմանյանը –խոշոր հայագետներ: Նրանց ծաղրի են ենթարկել, կղերա-հետադիմականներ են անվանել: Մինչդեռ նրանց դիրքորոշումը եղել է ազգապահպան: «Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր Պետրոս Սիմոնյանն անընդհատ զգուշացրել է. «Թողեք այդ «հայկական հարցը», ձեռք քաշեք Բեռլինի կոնգրեսի տխրահռչակ 61-րդ հոդվածից, մեր ժողովրդին այն միայն դժբախտություն կբերի: Հայ ժողովուրդը բարեկամներ չունի… Ամբողջ ժողովուրդը կկոտորեն եւ մեր արյամբ իրար հետ հաշիվներ կմաքրեն»: Ցավոք, այս ազգապահպան հոսանքը մինչեւ օրս էլ արհամարհված է: Մեր ազգակործաններին հերոսացնում ու գովերգում են, հուղարկավորում են հայրենի հողում, իսկ ազգապահպանների մասին անգամ մի հոդված չկա: Դա անհասկացողության ցնցող փաստ է: Մեր պատմաբանները մեծ պարտք ունեն նրանց հիշատակի առջեւ:
Խրիմյանին, Արծրունուն եւ մյուսներին ինչ-որ տեղ դեռ ներելի է, նրանք ցեղասպանությունը չտեսան, բայց ներելի չէ նրանց կրտսեր հետեւորդներին, քանզի նրանք տեսել են այն: Բացառություն են կազմել Լեոն, Ավ. Իսահակյանը եւ որոշ այլ գործիչներ: Այսպես, Լեոն ցասումնալից ասում էր. «Մենք այնքան հիմար ու տգետ էինք, որ հավատացինք շահամոլ ու այլասերված Եվրոպային, մեղավոր ենք մենք՝ պարծենկոտներս ու պոռոտախոսներս, որ ստեղծեցինք դաշնակցական եւ հնչակյան կուսակցություններ: Քանի՜-քանի տարի ես հանցագործ կերպով պայքարել եմ մեր պահպանողականների դեմ, բայց … նրանք գիտեին, որ մեծ տերությունները սկզբում մեզ կօգտագործեն, իսկ հետո կծախեն»: Սակայն Լեոյի եւ Ավ. Իսահակյանի ձայնը եւս չի լսվում: Եվ այժմ էլ նույն գիծը պահանջատիրության եւ ցեղասպանության միջազգային ճանաչման ձեւով շարունակվում է: Այդ ոգով դաշնակցությունը հանդես եկավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ՝ հանձինս իր լիդեր Վահան Հովհաննիսյանի, որը հայտարարեց, թե դրանով ընդմիշտ կկորցնենք մեր հողերը: Միամիտը գլխի չի ընկել, որ այդ հողերը վաղուց են կորսված, քանզի այնտեղ ապրում են մոտ 15 մլն թուրք եւ քուրդ: Դրանից առաջ մեր անպատկառ լրագրողները ծաղրեցին Պոլսի պատրիարք Մ. Մութաֆյանին՝ զգուշության կոչ անելու համար: Բայց նրա խոսքը շատ մեղմ ու կիսատ էր, որովհետեւ պահանջատիրությունը ոչ միայն օգուտ չէ, այլեւ շատ վտանգավոր է: Թուրքիայում մենք պատանդ ժողովուրդ ունենք: Թուրքիան հարմար պահին է սպասում մեզ Քուվեյթի օրը գցելու համար: Ռուսաստանի ռազմակայանը մեզ փրկել չի կարող: Ռուս-թուրքական պատերազմի դեպքում Հայաստանը կավերվի:
Արեւմտյան տերություններն էլ շարունակում են մեզ ծախել: Մեր ԶԼՄ-ները խայտառակում են ԱՄՆ-ի պրեզիդենտներին: Նախ, եթե ամոթանք տալով այժմ էլ Օբամային ստիպեցինք ցեղասպանությունը ճանաչել, քանի՞ լումա կարժենա այն: Իսկ հետո, կոնֆլիկտի դեպքում եւ՞ս ստիպելու ենք, որ հասնի մեզ օգնության: Եթե նույնիսկ ուզենա օգնել, կհասցնի՞: Այստեղից հետեւում է ստիպողական ճանաչման ողջ անհեթեթությունը եւ վտանգավորությունը:
Մեր վիճակում գտնվող բազմաթիվ ժողովուրդներ մեզ խելք են սովորեցնում: Թուրքիան հույներին, բուլղարացիներին եւս քիչ չի կոտորել, ԽՍՀՄ-ը հափշտակել է Ֆինլանդիայի 1/3-ը, Գերմանիայի Քյոնիքսբերգի մարզը, բայց նրանք ցեղասպանության, պահանջատիրության հարցեր չեն բարձրացնում: Սպասում են հարմար պահի: Մենք էլ այդպես պետք է վարվենք: Դժվար է ասել, թե երբ կգա այդ պահը: Նախ, Թուրքիան պետք է քայքայվի (թերեւս քրդերը նրան հյուծեն), պետք է կորցնի հակառուսական եւ հակաիսլամական պատնեշի իր դերը, մենք էլ առնվազն 50 անգամ պետք է ուժեղանանք: Դա շատ ժամանակ կպահանջի: Ռուսաստանը 500 տարվա ընթացքում չկարողացավ իրագործել երրորդ Հռոմի գաղափարը, բուլղարացիները 130 տարուց ավելի է՝ չեն բարձրացնում մեծ Բուլղարիայի հարցը:
Այս բոլորը ստիպում է ասել մեր գործիչներին. «Հանգստացեք, պարոնայք, կեղծ հայրենասիրությամբ մի զբաղվեք, գնացքը վաղուց է գնացել, մի խանգարեք երկրի նախագահին կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները. երկիրը նոր վտանգների մի ենթարկեք, այնպես արեք, որ հայը կարողանա ապրել իր երկրում, չփախչի կամ կառավարական շենքերի առջեւ իրեն չհրկիզի, կամուրջներից ցած չգցի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել