Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԻՉՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ԱՆՄԵՂ Է

Ապրիլ 23,2011 00:00

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով երկամսյա կալանքի էր ենթարկվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարեւոր գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Վահան Խանզադյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առավոտը», Խանզադյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Ըստ մեղադրանքի, Վ. Խանզադյանը փաստաթղթեր է կեղծել Գավառում տեղի ունեցած սպանության գործով:
Քննիչին մեկուսարան տեղափոխելուց հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում եւ նրա ստորաբաժանումներում բունտ է հասունանում: Նշվում էր, որ մեծ թվով քննիչներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Ոստիկանության տոնի նախօրեին Հայաստանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հայտարարեց. «Ոստիկանությունում չկա մի քննիչ, որ զեկուցագիր է գրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ»:
«Քննիչներն իրենց աշխատանքային գործընկերոջ ձերբակալման փաստի առիթով իրենց մտահոգությունն էին հայտնել, հավաքվել են քննչական գլխավոր վարչության պետի աշխատասենյակում, որտեղ քննարկել են այդ հարցը: Իսկ ես այդ հարցի վերաբերյալ զրուցել եմ Գլխավոր դատախազի հետ, եւ քննիչները հասկացան մեզ: Դրանից տպավորություն է ստեղծվել, թե հրաժարական ե ն տալիս»,- ասել էր Ալիկ Սարգսյանը:
Չնայած այդ հավաստիացումներին, դատարանի բակում երեկ հավաքված ոստիկանության քննիչները ակնհայտորեն դժգոհում էին թե դատախազությունից եւ դատարաններից եւ թե ոստիկանապետից՝ հավաստիացնելով, որ իրենց գործընկերն անմեղ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930