Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԱՎԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ»

Ապրիլ 23,2011 00:00

Այսպես են մտածում ճանաչված օպերային երգիչները

\"\" \"\"
Վլադիմիր Բայկովն ու Ջոզեֆ Վոլվերթընը:

Մայրաքաղաքում Եղեռնի զոհերի հիշատակին անցկացվող մշակութային միջոցառման միայն մեկ համերգային հայտագրի հանդիպեցինք. Հայաստանի պետական վաստակավոր երկու կոլեկտիվներ՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) եւ Ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Հովհ. Չեքիջյան) «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ապրիլի 24-ին, «բաց դռներով» հրավիրում են հոգեհանգստյան պատարագի, ներկայացնելով Վերդիի Ռեքվիեմը: Համերգը կղեկավարի Էդ. Թոփչյանը:
Հիանալի ռեքվիեմներ են ստեղծել Մոցարտը, Բեռլիոզը, Բրամսը, Դվորժակը, Ֆորեն, Բրիտենը եւ այլք: Արձանագրենք մի փաստ. քաղաքակիրթ երկրներում դրանք կատարվում են ոչ միայն սգո օրերին…
Վերդիի Ռեքվիեմի կատարմանը որպես մենակատարներ հրավիրված են օպերային երգիչներ՝ Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Մարինե Դեինյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), ԱՄՆ-ից Ջոզեֆ Վոլվերթընը (տենոր) եւ Ռուսաստանից Վլադիմիր Բայկովը (բաս):
«Առավոտը» հանդիպեց հրավիրյալ արվեստագետների հետ:
Վ. Բայկովին, ով եվրոպական օպերային թատրոնների ցանկալի հյուրն է, հայ երաժշտասերին ներկայացնելու հարկ չկա. նա 2002թ. նույնպես Վերդիի Ռեքվիեմում հիանալի կատարեց բասի պարտիան: Հիշեցնենք միայն, որ երգիչը հեղինակավոր մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Բրյուսելում անցկացվող թագուհի Ելիզավետայի անվան (2004թ.), Աթենքում՝ Մարիա Կալասի անվան (2001թ.), Հելսինկիում՝ Միրյամ Հելինիի անվան (1999թ.) եւ այլն: Մեզ հետ զրույցում Բայկովը հայտնեց, որ սիրով արդեն երկրորդ անգամ է ընդունում Ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Ռեքվիեմում հանդես գալու հրավերը, նշելով, որ ինչպես երաժշտությունը, այնպես էլ ցավը, համամարդկային են: Հավելեց նաեւ, թե ինքը տեղեկացված է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ եւ, բնականաբար, հրավիրյալ երգիչների մասնակցությամբ օպերային ներկայացումների ու համերգային կատարումների մասին: Ժամանակին անվանի դիրիժորներ Գ. Ռոժդեստվենսկու, Ռ. Նորինգթոնի, Մ. Մոնդեսկիսի եւ այլոց ղեկավարությամբ, ինչպես նաեւ ճանաչված երգիչների հետ հանդես եկած արվեստագետը ասաց նաեւ, որ առաջին իսկ հրավերի դեպքում պատրաստ է Թոփչյանի ղեկավարությամբ Երեւանում մասնակցել Ֆիլհարմոնիկի օպերային ձեռնարկներին, խաղընկերներ ունենալով, օրինակ, Մ. Դեինյանի, Ն. Անանիկյանի նման հիանալի երգչուհիների:
Առաջին անգամ Հայաստան ժամանած Ջ. Վոլվերթընին ներկայացնելով՝ ասենք, որ նա Պավարոտիի անվան մրցույթի դափնեկիր է, ելույթներ է ունեցել Չիկագոյի, Դեթրոյտի եւ այլ նվագախմբերի հետ, օպերային դերերգերով հանդես եկել Նյու Յորքի, Վաշինգթոնի, Արիզոնայի, Համբուրգի, Մոնրեալի եւ այլ թատրոնների բեմերում: Հարցին, թե ինչքանո՞վ է տեղեկացված Հայոց ցեղասպանության մասին, երգիչը նախ հայտնեց, որ ԱՄՆ-ում բնակվող իր գործընկերների շնորհիվ քիչ թե շատ ծանոթ է հայկական մշակույթին, ինչպես նաեւ անվանի հայ որոշ ստեղծագործողների, հետո էլ ընդամենը կրկնեց Վ. Բայկովի խոսքերը, թե ինչպես երաժշտությունը, այնպես էլ ցավը համամարդկային են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930