Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱՔՍԻՄԸ» ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

Ապրիլ 26,2011 00:00

Այդ օրը Ստամբուլի այդ հրապարակում հավաքվել էին հայերը, հայերին կարեկցողները, ինչպես նաեւ ատողները

\"\" \"\"
Թուրք մտավորականը (ձախից) եւ Ստամբուլում ապրող հայերը
(աջից) եկել էին հարգելու անմեղ զոհերի հիշատակը:

24 ապրիլի, 17.00: Ստամբուլի կենտրոնական «Թաքսիմ» հրապարակ: Մզկիթներից հնչում է մահմեդական աղոթքը, հրապարակում թուրք ազգայնականները հակահայկական կոչեր են հնչեցնում, ադրբեջանական ու թուրքական դրոշներով մեկ այլ ագրեսիվ ամբոխ «Ղարաբաղը մերն է» կոչերով շտապում է նույն հրապարակ, որին հարող «Իստիկլալ» փողոցից էլ նախընտրական պաստառներով ցուցարարների մեկ այլ խումբ է մոտենում: Նույն ընթացքում շուրջ 300 հայեր ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ Ցեղասպանության զոհերի հիշատակի համար մոմեր են վառում, «Թաքսիմի» մի փոքր հատվածում հնչում են նաեւ հայկական դուդուկն ու 1915-ի զոհ դարձած մտավորականների անունները, որոնք մի քանի մետր հեռանալուց արդեն լսելի չեն աղմուկի պատճառով:
Ամբողջ հրապարակում շարք կազմած իրադարձություններին հետեւում էին մեծ թիվ կազմող թուրք ոստիկանները: Արդեն մեկ շաբաթ էր, ինչ հայ լրագրողներս Ստամբուլում էինք, վաղ առավոտյան տանից դուրս էինք գալիս, ուշ ժամին վերադառնալու համար էլ վախի զգացում չունեինք. Ստամբուլում, գոնե Իստիկլալ փողոցում, որտեղ մենք էինք բնակվում, կյանքը կարծես գիշերն էր սկսվում: Մենք էլ հաճախ բարձրաձայն «գենոցիդ», «հայեր» կոչերով էինք շրջում ու մի բան էլ մեզ հանդիպողներին հպարտությամբ փոխանցում՝ հայ ենք, Հայաստանից ենք: Հիշատակի օրը, սակայն, զգացումներն այլ էին: «Թաքսիմի» հրապարակում հայերին շրջափակել էին թուրք ազգայնականները, որոնք ամեն կերպ փորձում էին իրենց բարձր գոչյուններով լռեցնել դուդուկի տխուր հնչյունները. այնպիսի տպավորություն էր, թե ոստիկաններն էլ միայն հայերիս էին խեթ-խեթ նայում: Որքան էլ ինքս ինձ փորձում էի համոզել, թե կիսաեվրոպական քաղաքում եմ, այնուամենայնիվ, այդ պահին մտածում էի, թե ամեն ինչ թուրքական այդ միջավայրում կարող է պատահել: Այդ մտորումներով հայկական «տարածքից» փորձում էի մի փոքր հեռանալ, լուսանկարել ու իմանալ նաեւ, թե ինչն է թուրք քեմալականների ու կոմունիստների ագրեսիայի պատճառը, երբ ինչ-որ մեկը կտրուկ բռնեց ձեռքս: Հավանաբար, իմ վերը նկարագրած զգացումներից էր, որ կարծեցի, թե սխալ բան եմ արել, ու ուր որ է՝ մի թուրք ինձ կվնասի: Ինձ նկատողը, բարեբախտաբար, Թուրքիայի Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (GPOT) տնօրեն, թուրք փորձագետ Մենսուր Ակգյունն էր, որի հետ օրերս էինք հանդիպել: Ամեն ինչ արեցի, որ հուզմունքս չնկատի, նա էլ ժպիտով սկսեց հարցուփորձ անել, թե ինչպես ենք լրագրողներս մեզ զգում Ստամբուլում:
«1915-ին թուրքերի կողմից Ցեղասպանություն է եղել: Եթե Թուրքիան ուզում է առաջ շարժվել, պետք է ճանաչի պատմությունը որպես իրողություն, այդ կերպ մենք կխուսափենք նույն սխալը կրկնելուց: Պետք է հասկանանք հարեւան հայերի ցավը: Ցեղասպանությունը ճանաչելը հիշողության մի մասն է, ինչը շրջադարձային էր նաեւ Գերմանիայի համար: Դա միայն այն չէ, որ կառավարությունն ասի՝ այո, Ցեղասպանություն եղել է, նաեւ դպրոցներում, երիտասարդ սերնդին կրթելու համակարգը պետք է փոխվի: Թուրք հասարակությունը երկար ժամանակ փակված է ապրել, Ցեղասպանության թեման տարիներ շարունակ փակ է պահվել: Երիտասարդության մեծ մասը դաստիարակվում է՝ առանց իմանալու այդ Ցեղասպանության մասին, իսկ պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ինչ-որ բան պատահել է այդ թվին, բայց հայերն էին, որ սկսեցին հարձակվել մուսուլմանների վրա, սպանել թուրքերին, եւ թուրքական կառավարությունն էլ պետք է պատասխաներ: Սա ինձ համար վիճելի ու ծիծաղելի է»,- «Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու է որոշել հայերի ցավը կիսել, պատասխանեց փիլիսոփայության դասախոս, թուրք ակադեմիկոս Ջանք Թյուրենը:
Ստամբուլում արդեն վեց տարի թարգմանիչ աշխատող Վիգենը, ում պապերը գաղթել են Սիրիայից, մեզ հետ զրույցում անկեղծացավ, թե այժմ սահուն թուրքերեն գիտի, եւ թուրքերն իրեն չեն տարբերում, բայց ձգտում է Ցեղասպանության եւ հայ լինելու մասին լռել: «Վերջերս գնացինք Վան, Դիարբեքիր, որտեղ քրդեր կային, ասում էին՝ մենք, մեր պապերը հայեր են եղել, ջարդերի ժամանակ մուսուլման, քուրդ դարձանք, որ փրկվենք: Այսօր Ցեղասպանությունը ճանաչելու համար Թուրքիան տկար է: Ոչ մի կուսակցություն չի ընդունում Ցեղասպանությունը»,- հավելեց նա:
Ստամբուլի հայ համայնքի կյանքը լուսաբանող «Ակոսի» թղթակից, 26-ամյա Նշան Բյուրեղյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց դասագրքերից աշակերտները տասնհինգ թվականի մասին ոչինչ չեն կարող սովորել. «Երբ տասնութ տարեկան էի, ինքս մամուլից, գրքերից ծանոթացա այդ դեպքերին, մինչեւ հիմա մամուլի մեջ ամենասուտ պատմությունները կհորինեն: Տասնհինգը հայ ժողովրդի համար միայն մարմնով մեռնելը չէ, դա մշակույթի մեռցնում էր, որի հետեւանքն այն է, որ այսօր Իստամբուլի մեջ գրեթե հայ մշակույթ չկա»:
«Թուրքերը ինձի Թուրգութ կըսեն, բայց անունս Դավիթ է, ազգանունս՝ Դեմիրճյան, բայց այստեղ Դեմիրջի կըսեն, որ երկաթագործ կնշանակե, պապերս երկաթագործ են եղել»,- իր հայկական արմատներիը տկար հայերենով ներկայացնում էր արմատներով սասունցի 28-ամյա Դավիթը, որ Ստամբուլում սրճարան է աշխատեցնում. «Կյանքը շարունակվում է… Մեզ համար ավելի կարեւոր է ոչ թե հայ-թուրքական սահմանի բացումը, այլ կամուրջը՝ երկու ժողովուրդների սրտերի միջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930