Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՊԱՀԱՆՋ ԷԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ

Ապրիլ 27,2011 00:00

\"\"Կգնա՞ իշխանությունն ընդառաջ նաեւ «Ժառանգությանը»

Մարտի 15-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց եւ իշխանության հրատապ լուծմանը հանձնեց 21 կետից բաղկացած իր պահանջները: Հակառակ պարագայում՝ եթե իշխանությունը հրաժարվում է իր սահմանադրական պարտականությունների կատարումից, ասաց, որ պետք է իրավաբանորեն ձեւակերպեն հրաժարականը եւ նշանակեն երկու արտահերթ ընտրություններ: Հանուն այդ պահանջների կատարման նա 15-օրյա հացադուլի նստեց, ինչն ամենատարբեր մեկնաբանությունների եւ շահարկումների առիթ տվեց: Երեկ «Ժառանգություն» կուսակցության նախագահը ուղերձ է հղել, որում «քաղաքական անդաստանի» իր հարգարժան գործընկերներ՝ կառավարող կոալիցիային, ՀՀ գործող նախագահին, իշխող եւ ընդդիմացող դասակարգերին ներկայացրել է իր քաղաքական առաջնահերթ պահանջները, որոնք նաեւ բարձրաձայնում է հացադուլի ընթացքում իրեն զորակցած ժողովրդի անունից: Դրանք երեքն են. «Ես պահանջում եմ գումարել Սահմանադիր ժողով՝ Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության հեղինակման եւ ընդունման համար: Երկրի Մայր օրենքը պետք է մշակվի եւ հաստատվի ժողովրդի կողմից, այլ ոչ թե իր որակներով հայտնի Ազգային ժողովում՝ ինչպես կարծում է հավերժ թագավորել պատրաստվող կուսակցապետական վերնախավը: Ժողովրդի այս պահանջի մերժումը նշանակում է անձնական իշխանությունը վեր դասել ազգային շահերից: Ես պահանջում եմ, որ Հայաստանը ճանաչի միջազգային քրեական դատարանի իրավասությունը: Ի՞նչը կարող է ձեզ եւ մեզ սթափեցնել, ո՜վ հայ քաղաքական գործիչներ: Մի՞թե լոկ անձնական քրեական պատասխանատվությունը: Եթե մեր ազգային արդարադատությունն անզոր է երկրում ապահովել օրենքների պահպանումն ու մարդու իրավունքների հարգումը, ուրեմն Հայաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա դիմելու միջազգային արդարադատությանը: Սույն առաջարկը մերժելու դեպքում ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվություն կրելու հավաստիացումներն ուղղակի դատարկ խոսքեր են: Ես պահանջում եմ, որ Հայաստանի նախագահը ստորագրության հետկանչով չեղյալ հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները եւ պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ սահմանադրորեն ամրակայված նրա սահմաններով: Կարիք չկա ինչ-որ մեկին ապացուցել, որ Հայաստանի կողմից Արցախի միջանկյալ կարգավիճակի «մադրիդյան» ճանաչումն Ադրբեջանի կազմում՝ մինչեւ նոր հանրաքվեի անցկացումը, հակասում է ԼՂՀ Սահմանադրության տառին ու ոգուն: Ժողովրդի այս պահանջի մերժումը համազոր է արցախցիների կամքի անտեսման»: Երեկ մեր փորձերը՝ ՀՀ-ում «իշխող եւ ընդդիմացող դասակարգերից» մեկնաբանություններ ստանալ «Ժառանգության» առաջնորդի երեք պահանջների վերաբերյալ, ապարդյուն անցան: Եվ ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակը, եւ ՀՀ գործող նախագահի մամուլի խոսնակը հրաժարվեցին մեկնաբանություններից:

«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանն իր պահանջները չբարձրաձայնեց «Ազատության ծոմի» ընթացքում, երբ բոլորը նրան մեղադրում էին իր ասելիքը ոչ հստակ ձեւակերպելու մեջ, եւ միայն հիմա է բարձրաձայնում, երբ ՀԱԿ-իշխանություն համագործակցության եզրեր են նկատվում, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Մենք մեր գործողությունները երբեք ՀԱԿ-ի եւ իշխանության գործողությունների հետ չենք կապել ու չենք կապում: Հավատացնում եմ ձեզ, հիմա էլ են ասելու՝ չենք հասկանում՝ ի՞նչ ես ասում: Մարդիկ կան, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածի պես՝ թութակի նման, միեւնույն է, կրկնելու են այն, ինչը ուզում են ասել: Ուզում ես նրանց առաջ 21 պահանջ դիր, ուզում ես՝ երեքը. հասկացողը հասկանալու է, չհասկացողը չի հասկանալու: Քաղաքական էլիտայում, ընդդիմադիր թե իշխանական, ձեւավորվել է չհասկացողների մի խումբ»: Ստեփան Սաֆարյանը պարզաբանեց, որ այս երեք խտացված պահանջներում, ըստ էության, ամփոփված են այն 21 պահանջները, որոնք մարտի 15-ին Րաֆֆի Հովհաննիսյանին հիմք էին տվել դիմելու բողոքի ծայրահեղ քայլի: Բուն պահանջների մասին էլ ասաց. «Ներկայիս Սահմանադրությունն, ըստ էության, դարձրել են վահան ապօրինի բոլոր գործողությունների եւ քայլերի համար, կարիք ունենք իշխանության նոր տարանջատման եւ նոր Սահմանադրության: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին պահանջն ամփոփում է ժողովրդի իշխանության իրականացման կետերը, իսկ չիրականացնելու դեպքում նաեւ պատասխանատվություն հարուցելուն»:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ուղերձում նաեւ գրում է. «Ազատության ծոմի» ողջ ժամանակաընթացքում ես, ի վերջո, համոզվեցի, որ մեր «ընտրանու» մի պատկառելի հատված ոչ խիղճ ունի, ոչ առողջ դատողություն: Այդ մարդիկ հանգիստ անցնում են կողքով եւ անտարբեր նայում բոլոր այն դժվարություններին, որոնցում ապրում է մեր ժողովուրդը: Նրանք անկեղծորեն համարում են, որ կարելի է տարիներով չարաշահել ժողովրդի վստահությունը, փորձարկել նրա համբերությունը, քամահրել իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը: Մի խոսքով՝ մշտապես պղտորել սեփական բարեկեցության ակունքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930