Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործընթացներն ընթանում են նորմալ հունով»

Ապրիլ 28,2011 00:00

Արձանագրել է ՀՀ նախագահը

Սերժ Սարգսյանը երեկ «Վալեքս» ընկերությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել  է ներքաղաքական խնդիրների շուրջ: «Առավոտը», սովորականի պես, հրավիրված չէր այդ հանդիպմանը, սակայն քանի որ նախագահի խոսքերը կարեւոր ենք համարում, մեր ընթերցողներին ենք ներկայացնում պատասխանատու լրատվամիջոցների հետ ՀՀ նախագահի հարցազրույցի քաղաքական հատվածները՝ ըստ ՀՀ նախագահի կայք-էջի:
Պատասխանելով ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին հարցին եւ գնահատելով երկրի ներքին քաղաքական կյանքն այս փուլում՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Այս ժամանակահատվածում իմ մոտեցումները չեն փոխվել: Ես համարում եմ, որ քաղաքական գործընթացները մեր երկրում ընթանում են նորմալ հունով, կամ գոնե ամեն ինչ գնում է դրան: Կոալիցիոն կուսակցություններն ակտիվացրել են իրենց գործունեությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմիններում: Տնտեսության որոշակի ոլորտներում մենք նկատում ենք աշխուժություն, որոշ հանգամանքներում նկատում ենք ոգեւորություն, եւ կարծում եմ, որ դրանց արդյունքները՝ ինչպես ցուցանիշների, այնպես էլ հասարակական ընկալման տեսանկյունից մոտ ապագայում հստակ կերեւան:
Բավականին ակտիվ է խորհրդարանական գործունեությունը, ընդդիմադիր ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններն ակտիվացրել են իրենց գործունեությունը: Կարծում եմ, որ շատ կարեւոր ավանդույթ է ձեւավորվում խորհրդարանում այն առումով, որ քննարկումները թեեւ հաճախ կոշտ են լինում, նույնիսկ հնչում են մեղադրանքներ, այնուհանդերձ, այդ քննարկումներն ընթանում են գրեթե կոռեկտության սահմաններում: Սա շատ կարեւոր հանգամանք է, եւ կարծում եմ, որ ե՛ւ կոալիցիայի, ե՛ւ խորհրդարանական ընդդիմության կողմից որոշակի ջանքերի ներդրման դեպքում մենք կարող ենք հասնել քաղաքակիրթ նշաձողի, ինչը խիստ կարեւոր է:
Կարեւորում եմ նաեւ արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ նկատվող դրական միտումները: Ընթանում են հանրահավաքներ, հնչում են ելույթներ, որոնք միտված չեն հասարակության պառակտմանը, որոնք միտված չեն «ջարդել», «փշրել» հասկացողությունները զարգացնելուն, որոնք միտված են քաղաքական պայքարը նաեւ որոշակի հարթակներ տեղափոխելուն: Ինձ դուր է գալիս այն, որ հանրահավաքի կազմակերպիչները եւ ոստիկանները կարողանում են իրար հետ աշխատել: Եվ փառք Աստծո, վերջին տեւական ժամանակահատվածում այդ միջոցառումների ընթացքում չեն գրանցվել հասարակական կարգի կոպիտ խախտումներ:
Սա կարող է հնարավորություն ընձեռել, որպեսզի Ազատության հրապարակը նորից դառնա Հայաստանի զարգացման համար այլընտրանքային կարծիքների հնչեցման վայր: Սա է հենց Ազատության հրապարակի խորհուրդը, եւ եթե իրադարձություններն այսպես զարգանան, կարծում եմ, որ մենք համատեղ ուժերով կարող ենք մաքրել այդ հրապարակից այն կեղծ պատկերացումները, որ այսօր կամ ավելի ճիշտ՝ երեկ գոյություն ունեին իբրեւ ծայրահեղականություն սնող մի միջավայր: Սա բոլորիս համար չափազանց կարեւոր է:
Ուզում եմ հիշեցնել, որ այս տարի լրանում է մեր Հանրապետության անկախության 20-ամյակը: Մենք այս օրերին էլ ենք միջոցառումներ իրականացնում, եւ դրանք տեւելու են ոչ թե մինչեւ սեպտեմբերի 21-ը, այլ, բնականաբար, մինչեւ տարվա վերջ: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ մենք՝ բոլորս, մտնում ենք մայիս ամիս՝ մեր ժողովրդի համար հաջողությունների, հաղթանակի ամիս: Մայիսին տոնելու ենք նաեւ Հանրապետության տոնը. տոն, որը շատ լուրջ դասերով է լի, եւ այդ դասերն այսօր էլ արդիական են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել