Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԱՃՈՒՅՔՆԵՐԻ» ԱՐԴՅՈՒՆՔԸ

Ապրիլ 28,2011 00:00

ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչությունը ապրիլի 16-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ժամը 13.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել միայն ութ ժամ անց՝ 22.50-ին: Հրդեհի արդյունքում այրվել է 40 հա խոտածածկ եւ 10 հա անտառային տարածք, 30 սյուն եւ 300մ էլեկտրական մալուխ: Հրդեհի պատճառների մասին պաշտոնական հաղորդագրություններում ոչինչ չկա: «Առավոտի» ունեցած տեղեկություններով, հրդեհի պատճառը եղել է տեղական իշխանություն-հեղինակությունների քմահաճույքի արդյունքը: Արմավիրի նորընտիր քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը եւ Արմավիրում տեղակայված ռուսական սահմանապահ զորքի հրամանատար, հայտնի գնդապետ Ալեքսանդր Տիրոնն, ով Խլղաթյանի ընտրություններում նրա հիմնական աջակիցներից է, իրենց 11 այլ ընկերների հետ որոշում են մի փոքր զվարճանալ՝ որս անել: Մեր աղբյուրի պնդմամբ՝ հրդեհի արդյունքում իրականում ավելի մեծ վնաս է հասցվել, քան նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Կրակը հասել է մինչեւ հայ-թուրքական սահման, անգամ հարեւան պետության սահմանապահներն են անհանգստության նոտաներ հղել հայկական կողմին: Մեր աղբյուրը հավանական է համարում, որ հերոս-որսորդները չոր եղեգն այրելով փորձել են «դուրս հրավիրել» վայրի խոզին: Սակայն իրադարձությունները զարգացել են նրանց գծած սցենարից դուրս: Եվ հիմա հայտնի էլ չէ, թե ո՞վ պետք է փոխհատուցի հասցված հսկայական վնասի համար: Ֆեոդալական կարգերում նման դեպքերում տեղի բնակչությունն էր միշտ մեղավոր համարվում: Թերեւս այս պարագայում եւս ամեն ինչ այդպես էլ կզարգանա, քանի որ ֆեոդալիզմն արմավիրցիներին խորթ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել