Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԲԱՐԵՓՈԽՎՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 28,2011 00:00

«Արդարությունը մեր հասարակությունում կաղում է, այս բարեփոխումների արդյունքում հնարավո՞ր է՝ մենք ունենանք իսկապես արդար ոստիկանություն»,- Հայաստանի ոստիկանությունում կատարվող բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հարցրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն էլ իր հերթին, առանց դույզն-ինչ վարանելու, վստահորեն հայտարարեց. «Այո, Հայաստանը կունենա բարեփոխված ոստիկանություն, եւ պետք է շատ աշխատենք՝ հնարավորինս շուտ այդպիսի ոստիկանություն ունենալու համար»: Անահիտ Բախշյանը շարունակեց՝ ասելով, թե ինքը մտահոգված է, քանի որ իր կարծիքով՝ իշխանության շրջանակներում չկա արդար ոստիկան ունենալու քաղաքական կամք: Արթուր Օսիկյանն իր հերթին նեղվեց այդ հարցից եւ հայտարարեց, թե ինքը իրավասու չէ պատասխանել այդ հարցերին: Նախագահող ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը փորձեց փրկել դրությունը. «Իշխանության կամքի առկայության մասին հարցնում եք փոխոստիկանապետին, նա ինչպե՞ս կարող է պատասխանել»: Անդրդվելի տիկին Բախշյանն էլ շարունակեց, թե՝ «նա հավատում է այդ կամքի առկայությանը, դրա համար եմ հարցնում»:
Արթուր Օսիկյանը չհրաժարվեց իր «հավատից» եւ ասաց. «Բարեփոխումների համար անհրաժեշտ քաղաքական կամքը կա»,- նաեւ հավելեց, թե ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումներն անմիջապես հանրապետության նախագահի վերահսկողության տակ են ու կատարվում են նրա հստակ հանձնարարականով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել