Լրահոս
Օրվա լրահոսը

Ճի՞շտ է արդյոք սպանության մեջ մեղադրվողին չկալանավորելը

Ապրիլ 28,2011 00:00

Դատախազություն-դատարան-փաստաբաններ վեճը շարունակվում է

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել է ՀՀ դատավորների միության ս.թ. մարտի 31-ի N 3-15 ուղեկցական գրությամբ ստացված՝ ՀՀ դատավորների միության խորհրդի մարտի 29-ի որոշմամբ ընդունված հայտարարությունը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի վերաբերյալ մարտի 20-ի որոշման առնչությամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից մարտի 22-ի մամուլի ասուլիսում արված դատողությունների կապակցությամբ:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ վերարտադրվել է վերոհիշյալ մամուլի ասուլիսի ձայնագրությունը, ուսումնասիրվել են այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում եղած հրապարակումները, քրեական գործի համապատասխան նյութերը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի համապատասխան որոշումները, ինչպես նաեւ նշված հարցի կապակցությամբ միջազգային իրավունքի փորձը՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, իրավական դիրքորոշումները եւ դրանց մեկնաբանությունները:
Ըստ ԳԴ հանրային կապերի պատասխանատու Շահեն Տոնոյանի. «Քննարկման արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին 20.03.2011թ. որոշման առնչությամբ դատախազ Կարեն Շահբազյանի 22.03.2011թ. մամուլի ասուլիս հրավիրելը պայմանավորված է եղել հանցագործության հասարակական մեծ հնչեղությամբ եւ այն հանգամանքով, որ սպանություն կատարելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, որը, ինքնին, իր եզակիության առումով արդեն իսկ արտառոց երեւույթ է, ինչն, իր հերթին, տեղիք է տվել հասարակական դժգոհությունների եւ բազմաթիվ հարցադրումներ առաջացրել քաղաքացիների ու լրագրողների շրջանում»: Դատախազությունը գտել էր նաեւ, որ դատախազ Կարեն Շահբազյանը գործել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ ԵԴ նախադեպային համապատասխան որոշումների (մասնավորապես, «Բարբերան եւ մյուսներն ընդդեմ Իսպանիայի», «Մինելին ընդդեմ Շվեյցարիայի», «Բուտկեւիչուսն ընդդեմ Լիտվայի», «Դակտարասն ընդդեմ Լիտվայի» գործերով որոշումները եւ այլն) հիման վրա, որոնցից հետեւում է, որ դատախազի կողմից դատավարական գործառույթների իրականացման շրջանակում ԶԼՄ-ներով հայտարարություն անելն իրավաչափ է: Գլխավոր դատախազության համաձայն, ԵԴ նշված որոշումներից բխում է նաեւ, որ «ՀՀ դատախազությունը մեղադրանքի պաշտպանության գործառույթ իրականացնող քրեական հետապնդման միակ մարմինն է եւ ոչ մի դեպքում անմեղության կանխավարկածը չի արգելում, որ նա ներկայացնի անձի մեղավորության վերաբերյալ ապացույցների հիման վրա ձեւավորված իր համոզմունքը: Անձի մեղավորության մասին դատախազության հայտարարությունները, ինքնին, քրեաիրավական հետեւանքներ չեն առաջացնում, կրում են նախնական բնույթ եւ դատարանի համար նախապես հաստատված պարտադիր ուժ չունեն: Մեղադրյալի անմեղության կանխավարկածը նրա օբյեկտիվ կարգավիճակն է, այլ ոչ թե որեւէ անձի, այդ թվում՝ դատախազության, սուբյեկտիվ կարծիքը»: Դատախազությունը դատավորների միությանը պարզաբանում է, որ «Կարեն Շահբազյանը մամուլի ասուլիսի ընթացքում «անհիմն» է անվանել ոչ թե դատարանի որոշումը, այլ դրանում ներկայացված հիմնավորումը՝ կապված Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու հետ՝ դրանով ընդամենը հայտնելով իր կարծիքը այդ հարցերի վերաբերյալ, իսկ կարծիք ունենալ դատախազը ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտավոր է, քանի որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված իր լիազորությունն իրականացնելու համար պետք է գնահատի դատական ակտը՝ դրա օրինական լինելու տեսանկյունից եւ անօրինական եւ չհիմնավորված լինելու դեպքում բողոքարկի այն»: Ինչ վերաբերում է, թե Կարեն Շահբազյանի հայտարարությունները դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ են, դատախազությունը գտնում է. «Դատավորների միության հայտարարությունում նշված «անկողմնակալ» դիտորդները կամ փաստաբանները հանդես են գալիս միայն մեղադրյալի շահերի պաշտպանության դիրքերից եւ անկողմնակալ չեն կարող լինել: Հետեւաբար, դատախազ Կարեն Շահբազյանի կողմից իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կոպիտ խախտում տեղի չի ունեցել, եւ նրա գործողություններում բացակայում են կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը»:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Վանաձորում սպանություն կատարելու մեջ մեղադրվող 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանին դատարանը որոշել էր չկալանավորել: Դատարանը եւ փաստաբանները գտնում են, որ դա ճիշտ է, իսկ դատախազությունը՝ սխալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել