Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային լեզուն սիմվոլիկ է կարեւոր»

Ապրիլ 28,2011 00:00

\"\"Պոլսահայ դասախոս Արուս Յումուլը պատասխանեց «Առավոտի» հարցերին

Օրերս հայ լրագրողներս այցելեցինք Ստամբուլի Բիլգիի համալսարան, որը տասը հազարից ավելի ուսանող ունի: Հանդիպեցինք 1996 թվականից այս համալսարանում դասավանդող սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ՝ պոլսահայ Արուս Յումուլի հետ, ով նաեւ ուսումնասիրում է Թուրքիայում ապրող փոքրամասնությունների կյանքը եւ մասնավորապես Պոլսի հայկական համայնքը: Բիլգիի համալսարանում նրանից բացի էլի հայ դասախոսներ կան: Նա սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին:
Թուրքիայում ապրող հայերի մասին, ըստ նրա, հստակ վիճակագրություն չկա, պաշտոնական թիվը տատանվում է 60-70 հազարի շրջանակում: Ա. Յումուլի փոխանցմամբ, Ստամբուլում ապրող հայերի թիվն օրեցօր աճում է, որովհետեւ շատ երիտասարդներ են գալիս Ստամբուլ աշխատելու եւ ապրելու, օրեցօր ավելանում է նաեւ խառնամուսնությունների թիվը: Նրանից հետաքրքրվեցինք, թե ո՞ր կրթօջախներ են հաճախում Ստամբուլի հայ երեխաները եւ արդյո՞ք հայ ծնողները ցանկություն ունեն, որ իրենց երեխաները պահպանեն հայկականությունն ու հայոց լեզուն: Նա պատասխանեց, որ հայկական ինքնություն պահելու հարցում մեծ խնդիրներ կան Թուրքիայում. «Այժմ էթնիկ լեզվի իմացությունը միայն սիմվոլիկ կերպով է կարեւոր: Օրինակ, երբ ես գնում էի մասնավոր հայկական դպրոց, այնտեղ ինձ օգնում էին գրել եւ կարդալ հայերեն, իսկ այսօր շատ հայեր չգիտեն հայերեն: «Ակոսը» տպագրվեց, ոչ միայն փոխելու այս երկրում ապրող հայերի իմիջը, նաեւ ծառայելու այն հայերին, ովքեր չեն կարողանում խոսել իրենց մայրենի լեզվով: Կան հայկական դպրոցներ, բայց մայրենի լեզվի ուսուցումը չի կարող լինել շատ արդյունավետ: Նախեւառաջ պետք է սովորես այն որպես օտար լեզու, որովհետեւ հայերեն իմացող մարդիկ ու հայերեն իմացողների անհրաժեշտությունը Ստամբուլում փոքր է»:
Մեր զրուցակցի խոսքով, Ստամբուլի հայկական համայնքի եւ սփյուռքի մյուս հայկական համայնքների միջեւ մեծ տարբերություն կա. «Այս համայնքը հայկական աշխարհի համար աութսայդեր է համարվում, կորսված նավակի նման մի բան: Հիմնական տարբերությունն այն է, որ Ստամբուլում չկան հայկական քաղաքական կուսակցություններ՝ դաշնակներ, ռամկավարներ կամ հնչակներ, այստեղ բոլորը հայեր են: Այստեղի հայերը պահպանողական են, վախենում են պետությունից եւ չեն սիրում խոսել որեւէ խնդրի մասին, որպեսզի չբարկացնեն թուրք պաշտոնյաներին ու հասարակությանը: Չեն հետաքրքրվում նաեւ հայկական քաղաքականությամբ: Բայց սա նոր բան չէ: Տասնիններորդ դարում, օրինակ, Անատոլիայի թերթերի սյունակագիրները բողոքում էին, որ Ստամբուլի հայերը չեն հետաքրքրվում իրենց եղբայրների եւ Անատոլիայի մասին, այլ մտածում են միայն սեփական մարմինը փրկելու մասին»: Մեր հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան մի օր կճանաչի հայերի ցեղասպանությունը,  Ա. Յումուլը պատասխանեց. «Այս հարցը շատ քաղաք ականացված է: Այն, ինչ պատահեց Հրանտի հետ, ճնշման արդյունք էր: Ամենակարեւորն այն է, որ մարդիկ իրար հետ հաշտվեն ու հասկանան իրար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930