Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ապրիլ 28,2011 00:00

Սեռական աններդաշնակություն՝ «կոնստիտուցիայի» տարբեր լինելուց

\"\"

Վերջերս հոգեբանները հաճախ են ասում, որ Հայաստանում ամուսնալուծությունները շատացել են. պատճառները բազմաթիվ են, սակայն քչերն են անկեղծանում, որ ամուսնալուծության պատճառը ամուսնու հետ ներդաշնակ չլինելն է, ոչ միայն հոգեբանորեն, այլեւ անկողնում: Ամուսինների միջեւ աններդաշնակությունն առաջանում է աստիճանաբար, ինչն էլ եւ կնոջ, եւ տղամարդու մոտ դրսեւորվում է առնվազն սեռական ցանկության նվազմամբ:
Սեռական աններդաշնակության, անհամատեղելիության վերաբերյալ բժիշկ սեքսոլոգ Սեւադա Հակոբյանը ասում է՝ «ամուսինների մոտ սեռական անհամատեղելիություն կարող է լինել նրանց «սեռական կոնստիտուցիայի» տարբեր լինելուց»:
«Սեռական կոնստիտուցիան»՝ կայուն կենսաբանական հատկանիշների համալիր է, որը ձեւավորվում է ժառանգական գործոնների եւ զարգացման պրենատալ եւ վաղ օնտոգենեզի շրջաններում, արտաքին միջավայրի պայմանների հիման վրա: «Սեռական կոնստիտուցիան» լիմիտավորում է անհատական սեռական պահանջը սեռական ակտիվության որոշակի մակարդակի վրա եւ բնութագրում է պաթոգեն գործոնների հանդեպ դիմադրողականությունը, որոնք ունեն ընտրողականություն հենց սեռական ոլորտի հանդեպ:
Ինչպես բժիշկն է բացատրում՝ «սեռական կոնստիտուցիան» լինում է ուժեղ, թույլ եւ միջին. «Պատահում է, երբ ամուսիններից մեկի մոտ առկա է ուժեղ, իսկ մյուսի մոտ՝ թույլ «սեռական կոնստիտուցիայի» տիպ: Ահա այս պարագայում է, որ պահանջմունքը սեռական հարաբերությունների նկատմամբ որոշակիորեն տարբերվում է, եւ առաջանում է անհամատեղելիության, աններդաշնակության խնդիր»: Ըստ սեքսոլոգի, երբ ամուսինների մոտ սեռական ցանկությունները, նրանց էրոտիկ գուրգուրանքների դիապազոնը տարբերվում է, առաջանում է սեքսուալ աններդաշնակություն, ինչն էլ հաճախ հանդիսանում է ընտանիքների քայքայման պատճառ:
Սեռական աններդաշնակությունը կապված է նաեւ ամուսինների հոգեբանական տիպերից: Ըստ բժշկի՝ հոգեբանական անտիտիպերով պայմանավորված սեռական հարաբերությունները եւս սեքսուալ աններդաշնակության աղբյուր են. «Դա պայմանավորված է, օրինակ, կնոջ մոտ էմոցիոնալ անկայունությամբ, ներշնչվելու ունակությամբ, շրջապատի կարծիքը հաշվի առնելու առանձնահատկություններով, որոնք միանշանակ կարող են իրենց ազդեցությունն ունենալ մարդու սեռական կյանքի վրա: Կնոջ ընկերական շրջապատը կարող է մեծ ազդեցություն ունենալ նրա եւ ամուսնու անկողնային կյանքում: Կնոջ ընկերուհիները նրան կարող են ներկայացնել այնպիսի իրավիճակներ կամ տեսարաններ, որոնք իրականում գոյություն չունեն: Բայց ներշնչվող, էմոցիոնալ կանանց մոտ դա կարող է որոշակի պատկերացումների հիմք դառնալ: Նման օրինակ է նաեւ առաջին սեռական հարաբերությունների մասին երիտասարդ հարսնացուներին պատմվող տեղեկությունը՝ որ առաջին սեռական հարաբերությունները ցավոտ են եւ այլն: Կանանց վրա անդրադառնում է նաեւ հետեւյալը. օրինակ՝ ընկերուհին ասում է, որ սեռական հարաբերության ժամանակ իր էրոտիկ գուրգուրանքների թույլտվության շրջանակն ավելի լայն է…… Լսելով ընկերուհու ասածը, տպավորված կինը փոխում է պատկերացումները իր եւ ամուսնու սեռական հարաբերության մասին, մտածելով՝ ինչու ընկերուհու մոտ այսպես է, իսկ իր մոտ էրոգեն գոտիների գրգռման փուլը ավելի պակաս է, եւ այլն: Այսպիսով, առաջանում է որոշակի կասկած, սրտնեղություն, թե փաստորեն ինքն ու ամուսինը լիարժեք չեն «քնում»: Սրանք լրիվ սուբյեկտիվ պատճառներ ու մեկնաբանություններ են, բայց գործոններ են, որոնք հանգեցնում են սեռական աններդաշնակության ձեւավորմանը»:
Բժշկից հետաքրքրվեցինք, ինչպե՞ս կարելի է մինչ ամուսնանալը հայտնաբերել զույգի սեռական աններդաշնակությունը, երբ հայկական ավանդական ընտանիքը մերժում է մինչեւ ամուսնանալը զույգերի սեռական հարաբերությունները: Ս. Հակոբյանի խոսքով, ընկերության կամ հարսնացու-փեսացու լինելու ընթացքում զույգերը, այսպես, թե այնպես, որոշակի մտերմիկ հարաբերություններ ունենում են, որոնք կարող են նախնական տվյալներ հաղորդել մեկը մյուսի վերաբերյալ եւ պատկերացում տալ նրանց սեռական անտիտիպերի մասին, սակայն այդ պատկերացումներն էլ լիարժեք չեն:
«Զույգը կարող է ունենալ սեռական հարաբերությունների լիակատար մակարդակ, բայց ամուսնությունից հետո նրանց պատկերացումները սեռական կյանքի մասին փոխվեն: Եթե նույնիսկ հայկական մենտալիտետը մերժում է մինչամուսնական սեռական կապը, սեքսոլոգիական խորհրդատվությունը կարող է ճիշտ պատկերացում տալ զույգերի «սեռական կոնստիտուցիաների» մասին: Հետազոտությունների, խորհրդատվությունների արդյունքում կարող ենք հստակ պատկերացում կազմել զույգի ներդաշնակ կամ ոչ ներդաշնակ լինելու մասին՝ նախքան նրանց ամուսնանալն ու սեռական կյանքով ապրելը»,- նշեց բժիշկը, հավելելով, որ մինչ ամուսնանալը «սեռական կոնստիտուցիան» ճշտելու համար սեքսոլոգներին դիմողները նախորդ տարվա համեմատությամբ 5-6 տոկոսով ավելացել են:
Պարզվում է, սեռական աններդաշնակության հիմքում ընկած է նաեւ ամուսինների միջանձնային հարաբերությունների խախտումը: Ըստ Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Գիտահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանի՝ ամուսնացած զույգի թե կենցաղային, թե սեռական կյանքում մեծ դեր ունի սոցիալ-հոգեբանական հարմարվողականությունը. «Անհարմարվողականության ամենահաճախ հանդիպող պատճառը փոխադարձ սիրո եւ հարգանքի բացակայությունն է, ամուսիններից մեկի բնավորության այնպիսի գծերը, որոնք բացասաբար են անդրադառնում մյուսի վրա, տեսակետների, հետաքրքրությունների անհամապատասխանությունը, ամուսիններից մեկի անընդունելի վերաբերմունքը մյուսի նկատմամբ եւ այլն: Որոշ դեպքերում այդ անհամապատասխանությունն առաջանում է ընտանիքի սոցիալ-տնտեսական ոչ նպաստավոր վիճակից: Նշեմ, որ ավելի հաճախ զույգերի աններդաշնակությունը հանդիպում է բարձր կրթական մակարդակ ունեցող մարդկանց մոտ: Ի դեպ, բազմազավակ ընտանիքներում աններդաշնակությունը շատ հազվադեպ է հանդիպում, բայց այստեղ էլ աններդաշնակություն լինում է այն դեպքում, երբ զույգն ապրում է ամուսիններից որեւէ մեկի ծնողների, հարազատների հետ համատեղ»:
Ինչպես նշում է Մ. Մեհրաբյանը, զույգերը հոգեբանական ներդաշնակությունը պետք է կառուցեն նախաամուսնական փուլում. «Հոգեբանական աններդաշնակությունը նախ եւ առաջ առաջանում է զույգերի աշխարհայացքների տարբերությունից. օրինակ՝ զույգերից մեկը լավատես է, մյուսը՝ հոռետես: Այս պարագայում նրանց կոնֆլիկտներն անխուսափելի են: Զույգերը միայն մինչ ամուսնանալը կարող են լուծել հոգեբանական աններդաշնակությունը, այսինքն՝ նախքան ամուսնանալը պետք է պարզել, թե ընտանեկան համատեղ կյանքում ով՝ ինչ դեր է ստանձնելու: Օրինակ՝ հոր տնից դուրս եկող աղջիկը միանգամից հարսի դերի մեջ է ընկնում: Հոգեբանորեն տղան պետք է աղջկան նախապատրաստի իրենց տան հարսի դերին ներկայացվելիք պահանջներին, իսկ ամուսնական կյանքում սրանք նոր-նոր յուրացնող աղջիկը չի կարող խույս տալ անհարմարվողականության զգացումից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել