Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԳՐԱՎՎԱԾ ԵՆ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԸ

Ապրիլ 29,2011 00:00

Հայաստանում օրը ցերեկով շենք են գողացել: Ու որեւէ մեկը չի ուզում գողին բռնել:

Մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի Գեւորգ Չաուշի 37 (Նորաշեն 37) շենքի 28 բնակիչներ 2006թ.-ից սկսած՝ պայմանագրեր կնքեցին «Բազմաբերդ» կոոպերատիվի տնօրեն Վիգեն Ղանդիլյանի հետ: Վերջինս ուներ տվյալ տարածքում շինարարություն սկսելու թույլտվություն եւ սեփականության իրավունք՝ տվյալ տարածքի նկատմամբ:

Բնակիչները 7 հարկանի շենքը կառուցվելուց հետո պետք է ստանային իրենց բնակարանները: Բնակիչների պնդմամբ, իրենց ներդրած գումարով հիմք դրվեց նորակառույցի 10 տոկոսի կառուցմանը: Սակայն շինարարությունը դադարեցվեց, եւ Վ.Ղանդիլյանը սկսեց բանակցություններ՝ շենքի հարեւանությամբ գործող մեկ այլ շինարարական կազմակերպության՝ «Նորաշեն-2007»-ի պատասխանատուներ Վիտալի Մանուչարյանի եւ Արմեն Թադեւոսյանի հետ: Նրանց միջեւ կնքվեցին առքուվաճառքի պայմանագրեր, այլեւս գործարքները կատարվում էին «Նորաշենի» կնիքով:

Սակայն բնակիչները հետագայում պիտի տեղեկանային, որ Վիտալի Մանուչարյանն ու Արմեն Թադեւոսյանն էլ իրենց հերթին պայմանագրեր են կնքել Արտաշես Մելիքյանի հետ: Խարդախության համար էլ քրեական գործ է հարուցվել Արմեն Թադեւոսյանի նկատմամբ, որը ներկայումս ձերբակալված է:

Այս գործարքի ժամանակ մոռացվեց այն հանգամանքը, որ շենքի 28 բնակիչների ներդրած գումարով է սկսվել շինարարությունը, որ պայմանագրով, ցանկացած փոփոխության դեպքում, հաշվի պիտի առնվեին բնակիչներից յուրաքանչյուրի կարծիքն ու համաձայնությունը:

2010թ. հոկտեմբերից նոր սեփականատեր դարձած Ա. Մելիքյանը մինչ օրս չի հանդիպել նշյալ 28 ներդրողների հետ, անգամ չի ընդգրկել նրանց շենքի փայատերերի ցուցակում, հաշվի չի առել ներդրողների հատկացրած գումարները: Իսկ նրա ներկայացուցիչ իրավաբանը խորհուրդ է տվել, որ ում հետ կնքվել է պայմանագիրը՝ նրանից էլ պահանջեն շենքը: Ի դեպ, կիսակառույցի պատին կարող եք տեսնել հետեւյալ գրությունը. «Սույն շենքի պատվիրատուն եւ սեփականատերը հանդիսանում է «ԱՐՏ-ՄԵԼ» ՍՊԸ-ն: «ԱՐՏ-ՄԵԼ» ՍՊԸ-ն որեւէ կապ չունի նախորդ սեփականատերերի հետ: Շենքի հետ կապված բոլոր հարցերով դիմեք «Էստո» իրավաբանական գրասենյակ»:

«Նորաշեն-2007»-ի տուժողները դիմել են հանրապետության նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, քաղաքաշինության նախարարին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Երեւանի քաղաքապետին՝ բազմաբնակարան շենքի եւ իրենց ճակատագրի հարցով: Բնակիչներին հարկ է համարել պատասխանել միայն Կադաստրի վերահսկողության վարչության պետը՝ Ա. Սարգսյանը: Ըստ նրա ապրիլի 5-ի պաշտոնական գրության. «Հայտնվում է, որ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից թիվ 16105311 քրեական գործով առգրավվել է «Նորաշեն-2007»-ի սպառողական կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի կադաստրային գործերը:

Ձեր բարձրացրած հարցերին համապատասխան ընթացք կտրվի հարուցված քրեական գործի ավարտից հետո»:

Ի դեպ, պայմանագրի համաձայն, 1 քառակուսի մետրի համար բնակիչները վճարել էին 550 ԱՄՆ դոլար: 75 մլն դրամ էլ դեռ պետք է վճարեին՝ շենքի 7-րդ հարկը կառուցելուց հետո: Մեր տեղում լինելու ժամանակ, տարածքում գտնվողներն ավելի ցնցող տեղեկատվություն տվեցին. շենքը 90 000 դոլարի դիմաց գրավ է դրած:

Ըստ պայմանագրի, «Գույքը», այսինքն՝ շենքը, ներդրողի տիրապետմանն ու օգտագործմանը կհանձնվի որոշակի ժամկետներում, կտեղեկացվի «առաջացող ծախսերի փոխհատուցման չափը»:

Շինարարություն իրականացնողը պարտավորվել էր ավարտել շինարարությունը, գրանցել եւ շահագործման հանձնել: Շինարարություն իրականացնողը պարտավորվել էր շինարարության որակի, ժամկետների, ստանձնած պարտավորությունների կատարման համար կրել պատասխանատվություն:

Պայմանագրով նախատեսված էր 12 ամսվա ընթացքում ավարտել «գույքային համալիրի շինմոնտաժային, հարդարման, հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները»: Նայեք լուսանկարին: Դուք կտեսնեք, թե ինչ են արել 28 ընտանիքների նկատմամբ: Դուք կհամոզվեք, որ շինարարության թույլտվություն են տվել մարդկանց, որոնց խիղճն այս շենքի առաջին հարկի նման ցեմենտված է: Մի՞թե սա հանցագործություն չէ եւ արժանի չէ դատապարտման՝ օրենքի ողջ խստությամբ: Ասացեք, խնդրեմ, ո՞րն է 28 քաղաքացիների մեղքը:

Պայմանագրի յուրաքանչյուր կետ խախտվել է, իսկ գործադիր մարմինները, բերանները ջուր առած, չեն պատասխանում բնակիչներին, որոնք իրենց տարատեսակ ցուցակներից դուրս են:

Լուսանկարում պատկերված մեկ այլ ցուցակից պարզ է դառնում, թե ինչքան գումար են վերցրել շենքը կառուցելու համար:

Բնակիչները, որոնց հետ հանդիպել ենք, խնդրում էին օգնել, որպեսզի վերականգնվեն իրենց իրավունքները, որպեսզի տեր լինեն իրենց բնակարաններին: Հարցի լուծման ճանապարհը նրանց նախ տուժող ու ապա՝ կիսակառույցի փայատեր ճանաչելն է: «Կադաստրի Դավիթաշեն տարածքային ստորաբաժանման կողմից ներկայումս կատարվում են կիսակառույց շենքի բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումներ՝ բազմատիրաժ տարբերակով եւ անթաքույց շտապողականությամբ: Մենք, որ վճարել ենք այդ բնակարանների համար, հնարավորություն չունենք մոտենալ կիսակառույցին, քանի որ մեզ արգելում են, ասելով, թե ոչ մի առնչություն չունենք այդ շենքի հետ»,- ասում էին նրանք: Բնակիչները մտադիր են դիմել նաեւ միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ իրենց նկատմամբ կատարված այս ակնհայտ ոտնձգությունների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել