Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՐԻԵՐԱ

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Համոզված է ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը

Տարբեր առիթներով երիտասարդ շատ արվեստագետներ դժգոհություն են հայտնում, թե Հայաստանում չկան բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար: Չնայած սրան, այնուամենայնիվ, Հայաստանում կան երիտասարդներ, որոնք կարողանում են կարիերա անել եւ այստեղ, եւ արտերկրում:

«Առավոտը» զրուցեց նրանցից մեկի՝ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանի հետ, ով այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) կհնչեցնի Դվորժակի Ջութակի կոնցերտը: Մեկ առիթ էլ կար ջութակահարուհու հետ հանդիպման. ըստ մեզ հասած տեղեկությունների, նա մոտ ժամանակներս հանդես է գալու աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Լուիզի ղեկավարությամբ:

Ի դեպ, վերջինս հանդիսանում է գեղարվեստական ղեկավարը Վիեննայի սիմֆոնիկ, Ցյուրիխի օպերային թատրոնի նվագախմբերի, իսկ 2013թ. նշանակվելու է «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի նվագախմբի գեղարվեստական ղեկավար, որը այս պահին զբաղեցնում է մեկ այլ աշխարհահռչակ արվեստագետ՝ Ջեյմս Լեվայնը: Ա. Նիկողոսյանը մեզ տեղեկացրեց, որ մաեստրո Ֆաբիո Լուիզի հրավերով իսկապես հուլիսին մեկնելու է Ճապոնիա՝ մասնակցելու Սապպորոյի հանրահայտ «Pacific Music Festival»-ին:

«Առաջին եւ դեռ միակ հանդիպումս մաեստրո Լուիզի հետ կայացել է 2010-ին, երբ մասնակցեցի Ավստրիայում անցկացվող «Internationales Karntner Sparkasse Woerthersee» մրցույթին (արժանացել է Մեծ մրցանակի): Մինչ Ճապոնիա մեկնելը, մայիսին Եկատերինբուրգում, տեղի ֆիլհարմոնիկի հետ հանդես եմ գալու ճանաչված դիրիժոր Դմիտրի Լիսսի ղեկավարությամբ…»,- հայտնեց ջութակահարուհին:

Իրեն հաջողակ համարող արվեստագետը հայաստանյան եւ արտերկրի ստեղծագործական բուռն գործունեությունը բացատրում է նաեւ ժամանակին մի քանի միջազգային մրցույթներին իր մասնակցությամբ, պատճառաբանելով դրանցից հետո ագենտների՝ իր արվեստի հանդեպ ունեցած հետաքրքրությամբ: Ա. Նիկողոսյանը տարբեր տարիների Հայաստանը պատվով ներկայացրել է Կաունասում, Մոսկվայում, Չեխիայի տարբեր քաղաքներում կայացած մրցույթ-փառատոներում, իբրեւ մենակատար հանդես եկել Գերմանական ռադիոյի, Համբուրգի, Մորավիայի, Վիլնյուսի եւ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ, Ա. Տրեգերի (ԱՄՆ), Լ. Սվարովսկու (Չեխիա), Մ. Բոշի (Գերմանիա), Է. Զիֆերտի (Շվեյցարիա) եւ այլոց ղեկավարությամբ: Մենահամերգներով էլ հանդես է եկել Ռուսաստանում, Անգլիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ավստրիայում եւ այլուր:

Աշխատանքի հանդեպ ունեցած բծախնդրությունը դրսեւորվել էր նաեւ համերգային հայտագրում. առաջին անգամ մեզ մոտ հանդիպում ենք հայ կատարողի նման լայնաֆորմատ հայտագրի, ուր տեղեկատվությունն ու ջութակահարուհու ամբողջ հասակով լուսանկարը ներկայացված է բարձրարվեստ: Այս առիթով էլ մեր զրուցակիցն ասաց, որ Ճապոնիա մեկնելու առիթով ինքը ֆոտոսեսիաների է մասնակցել Սուրեն Մանվելյանի արվեստանոցում: Ա. Նիկողոսյանին մեկ ամիս առաջ պետական հավաքածուից վստահվել է 19-րդ դարի ֆրանսիացի հայտնի վարպետ Ժան Բապտիստ Վիոմի ջութակը: Մեր հարցին՝ չի՞ վախենում «շրջել» նման թանկարժեք գործիքով, ջութակահարուհին պատասխանեց. «Դրա շուրջ չեմ էլ մտածել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930