Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ ԵՐԵԿ ՀԱՋՈՂ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Վանաձոր-Գյումրի ճանապարհին ավտովթարի ենթարկված ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվեց, որը տեւեց ավելի քան հինգ ժամ: «Առավոտը», որ այդ ընթացքում հիվանդանոցում սպասում էր հարկադիր բժշկական բարդագույն միջամտության ավարտին, մարզուհուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելուց հետո զրուցեց վիրահատությունը կատարած բժիշկների հետ:

Կարապետ Մոմջյան՝ «Էրեբունի» ԲԿ ողնաշարային ախտաբանության հատուկ ծառայության ղեկավար. «Նազիկը կենտրոն տեղափոխվել էր առաջին գոտկային ողի տեղաշարժված կոտրվածքով՝ առանց ողնուղեղի լուրջ վնասվածքի, բայց սալջարդով, որը ապաքինման բավականին հնարավորություններ էր ընձեռում: Իսկ տեղաշարժն այնպիսին էր, որի պայմաններում պիտի կասկածի տակ դրվեին ֆիզիկական հետագա հնարավորությունները, ծանրաբեռնվածությունը, անգամ քայլելը: Սակայն հատուկ գործիքներով եւ պարագաներով կատարեցինք ողնաշարի այնպիսի ֆիքսում, որը նախ եւ առաջ ապահով է, թույլ է տալիս ողնաշարը ֆիքսել այնպես, որպեսզի հետագայում անատոմիական հարաբերակցությունները վերականգնվեն, եւ հիվանդն արագ ոտքի կանգնի եւ քայլի»:

Մամիկոն Եղումյան՝ «Էրեբունի» ԲԿ նեյրովիրահատության ծառայության ղեկավար, հանրապետության գլխավոր նեյրովիրաբույժ. «Վիրահատությունը նորմալ ընթացավ: Հույս ունենք, որ կունենանք այն արդյունքը, ինչ ակնկալում ենք մենք, դուք եւ բոլորս միասին: Մեր Նազիկի սովորական կյանքի համար ամեն ինչ ապահովվել է: Սպորտ վերադառնալու մասին խոսելը դեռեւս վաղ է: Բայց քանի որ գիտենք, թե նրա մարզական կարիերայի հետագա ճակատագրով աշխարհում որքան հայ է հետաքրքրվում, ասեմ, որ հավանականության աստիճանը պարզ կդառնա միայն հետագա ապաքինման ընթացքից հետո: Վնասվածքները ոչ միայն շատ էին, այլեւ բավականին բարդ: Եթե լիարժեք սերտաճում լինի, հատկապես միջողնային սկավառակի, որը ծանրությունների հիմնական կրողն է, այդ ժամանակ, գուցե, լավագույն մարզական բժիշկներին ներգրավելով՝ կարելի լինի քննարկել այդ հարցը: Համենայնդեպս, հետագայի համար բոլոր նախադրյալները պահպանել, ապահովել ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել