Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԽՄԲԱԳՐԵՑ ԻՐԵՆ

Ապրիլ 30,2011 00:00

Դա նրան ստիպեցին անել ներքաղաքական նոր իրողությունները

Ընդամենը մեկ-երկու օր առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես էր եկել իշխանական կոալիցիայի ու Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսություն սկսելու հարցում միջնորդի դեր ստանձնելու հանձնառությամբ: Երեկ նա այդ առնչությամբ մի նոր հայտարարություն է արել՝ նկատի ունենալով ապրիլի 28-ին Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում իշխանության հետ երկխոսության դեռ «բաց դռների» մասին արած հայտարարությունը: Իսկ ՀՀ օմբուդսմենի նոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հաշվի առնելով Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների միջեւ ձեւավորվող քաղաքական երկխոսության ներկայիս զարգացումները,
շարունակելով հավատալ, որ այդ երկխոսությունը կարող է հանգեցնել 2008թ. մարտի ցավալի իրադարձությունների հետեւանքով մի շարք մարդկանց խախտված իրավունքների պաշտպանությանը,
հավաստելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է միջամտել քաղաքական գործընթացներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, այն էլ բացառապես մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով,
ընդունելով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների պնդումները՝ միջնորդի կարիք չունենալու մասին, եւ ներկա իրավիճակում նպատակահարմար չհամարելով կողմերին ներկայացնել գրավոր առաջարկներ,
վերահաստատելով իմ պատրաստակամությունը ցանկացած ժամանակ հանդես գալ որպես միջնորդ պետության եւ հասարակության տարբեր խմբերի միջեւ՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության,
դիմելով հատկապես մեր այն համաքաղաքացիներին, ովքեր գտնում են, որ 2008թ. մարտի ցավալի իրադարձությունների հետեւանքով դեռեւս վերականգնված չեն իրենց խախտված իրավունքները՝
հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի նշված խնդիրների լուծմանն ուղղված իրավիճակի իր դիտորդական գործառույթը, ինչպես նաեւ պատրաստ է ընդունել անհատական դիմումներ այս եւ այլ խնդիրների առնչությամբ»:
Քաղաքական վերլուծաբանները Կ. Անդրեասյանի այս հայտարարությունը որակում են որպես ճիշտ ժամանակին արված ու ապրիլի 28-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձներն ու այդ ֆոնին՝ կոալիցիայում առաջացած խմորումները խորությամբ ընկալելու արդյունք: Բանն այն է, որ կոալիցիայում կա ԲՀԿ, որն այնքան էլ ոգեւորված չէ իշխանություն-ընդդիմություն «բաց դռների» ռեժիմով աշխատող երկխոսության փաստից: Ավելին, ԲՀԿ-ն սկսել է ավելի զգայուն ու նյարդային կերպով արձագանքել, գոնե իր համար, թերեւս, չնախատեսված այդ զարգացումներին: Հիշեցնենք, որ նախ՝ ապրիլի 28-ին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե իր կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, ապա մի քանի կոշտ նկատառումներ էր հայտնել, այդ թվում՝ «ԲՀԿ առաջնորդը հստակ բացատրեց, թե ինչու ԲՀԿ-ն իր ստորագրությունը դրեց, ինչպես այնուհետ ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց՝ իրավական որեւէ ուժ չունեցող կոալիցիոն հայտարարության տակ։ Թվում էր, Գագիկ Ծառուկյանի բացատրությունը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի, սակայն քաղաքական դաշտում վխտացող տարատեսակ արկածախնդիրներ սկսեցին աննախադեպ ակտիվություն եւ հետաքրքրություն ցուցաբերել ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի հանդեպ», «Գագիկ Ծառուկյանը ստորագրեց կոալիցիոն հայտարարությունը, որպեսզի երկրի նախագահի թիկունքը ամուր լինի թե՛ դրսում՝ բանակցություններ վարելիս, թե՛ ներսում՝ տնտեսական եւ սոցիալական լրջագույն մարտահրավերներին դիմակայելու համար», «ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, ԲՀԿ-ի քաղաքական ռեսուրսը ժողովրդի վստահությունն է, եւ վստահության ահա այդ՝ ամենակարեւոր քվեով ԲՀԿ-ն մասնակցելու է եկող ԱԺ ընտրություններին, մեկ անգամ եւս հիշեցնեմ՝ առանձին ցուցակով, ի հեճուկս տարբեր սցենարներ եւ միզանսցեններ շրջանառության մեջ դնողների»:
Երեկ, սակայն, այս եւ նաեւ ավելի վաղ Վարդան Բոստանջյանի կողմից արված համանման հայտարարությունը մի փոքր սրբագրել է ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արամ Սաֆարյանը՝ tert.am-ին ասելով, որ թեեւ ԲՀԿ-ում այդ տրամադրությունները գերիշխող են, բայց հայտարարությունները միայն իր գործընկերների «մտայնությունն ու ցանկությունն» են, որ դեռ վաղ է ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերը դիտարկել: Բայցեւ հարցին՝ արդյոք խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելով՝ ԲՀԿ-ն չի՞ շեղվի կոալիցիոն հուշագրից, Սաֆարյանն ասել է. «Կոալիցիոն հուշագիրը մենք ստեղծել ենք այն պարզ եւ անկեղծ մտայնությամբ, որ ստեղծված արտաքին եւ ներքին մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու համար պետք է սատարել եւ օգնել երկրի ղեկավարին, ինչը եւ մենք անում ենք»:
Քաղաքական փորձագետների կարծիքով, ԲՀԿ-ն այսպիսով փորձում է Սերժ Սարգսյանին հասկացնել տալ, որ վերջինս կարող է ստիպված լինել ընտրություն անել ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, մանավանդ, որ վերջերս Ահարոն Ադիբեկյանն էր կարծիք հայտնել, թե ԱԺ ընտրությունների ժամանակ դեռ հարց է՝ ՀԱ՞Կ-ը, թե՞ ԲՀԿ-ն է երկրորդ խոշոր խմբակցությունը լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930