Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք պահանջների մեկնաբանություն

Ապրիլ 30,2011 00:00

\"\"ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ»
հաղորդման շրջանակներում:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 26-ին ՀՀ գործող նախագահին, իշխող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին առաջադրեց երեք քաղաքական առաջնահերթ պահանջներ, որոնք ամփոփում են համաժողովրդական բնույթի կամ տարբեր խմբերի համար կենսական նշանակության ու մինչ օրս իրենց լուծումները չստացած «Ժառանգության» բարձրաձայնած 21 խնդիրները:
Այնպիսի խնդիրներ, ինչպես, օրինակ, մարտի 1-ի բացահայտումն է, մեր ազգային հարստության թալանը, կոռուպցիան, չբացահայտված հանցագործությունները, ՀՀ քաղաքացիների իրավունքների բազմահազար խախտումներն արդյունք են այն բանի, որ մենք չունենք անկախ, օրենքի շրջանակներում գործող դատախազություն եւ իրավապահ մարմիններ: Նրանք տարիներ շարունակ կատարում են բարձրագույն իշխանության՝ նախագահի կամքը, ով նրանց նշանակում եւ ազատում է մեզ բոլորիս հայտնի պայմաններով ու հանգամանքներում: Եթե մեր բոլորիս անհատական ու հավաքական իրավունքները խախտվում են, եւ մենք չենք կարողանում դրանք պաշտպանել դատարանում, ապա այն պատճառով, որ դատարանները հաճախ են իրականացնում «հեռախոսային արդարադատություն», անկախ չեն, իսկ դատավորները նշանակվում ու ազատվում են նախագահի կողմից: Եթե կառավարությունը վախենում է անհապաղ քննարկել մեր ժողովրդի կամ նրա տարբեր հատվածների օրախնդիր հարցերը, սկսած գազի թանկացումից՝ վերջացրած սպառողական ապրանքների գնաճի ու ծառայությունների սակագնի սանձման հարցերը, ու դրանց տալ ժողովրդի շահերից բխող լուծումներ, ապա դա այն պատճառով, որ կառավարությունն էլ է ձեւավորվում նախագահին ձեռնտու նպատակահարմարությամբ ու օլիգարխիկ խմբերի շահերի հաշվառմամբ: Եթե նույն այդ օլիգարխիկ խմբերի ներկայացուցիչները Ազգային ժողովում են, ապա այդպիսի խորհրդարանը չի կարող ազատորեն ու անկախորեն օրենքներում կատարել քաղաքացու եւ ժողովրդի շահերից բխող փոփոխություններ:
1. 1995թ. կեղծված Սահմանադրության հիմքի վրա ձեւավորված այս համակարգի փոփոխության լավագույն ուղին Սահմանադրության փոփոխությունն է: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին պահանջն է Սահմանադիր ժողով հրավիրելը՝ ազգային համերաշխության ճանապարհով նոր Սահմանադրություն ընդունելու նպատակով, որպեսզի իշխանության ճյուղերն անկախ եւ ինքնուրույն լինեն, անկաշկանդ լուծեն ժողովրդի խնդիրներն ու պաշտպանեն քաղաքացուն: Եթե իշխանությունն ու ընդդիմությունն ուզում են փոխել կամ բարեփոխել այս արատավոր համակարգը, ապա պետք է ընդունեն առաջարկվող այս ճանապարհը:
2. Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ պահանջը վերաբերում է Հայաստանի կողմից միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչմանը: Եթե քաղաքական ընտրախավը համարում է, որ այս տարիների ընթացքում թույլ չի տրվել ժողովրդի կամ նրա տարբեր հատվածների իրավունքների խախտում, որ մեր իրավունքն է նման միջազգային ատյանում բարձրացնել մարտի 1-ից մինչեւ Արցախի, Ցեղասպանության ու Հայրենազրկման մեր իրավունքների ճանաչման հարցերը, ապա պետք է ընդունեն նաեւ այս մի պահանջը:
3. Եվ վերջապես, ազգային իրավունքներից չհրաժարվելու վճռականություն արտահայտող իշխանությունը՝ մի կողմից, հայ-թուրքական արձանագրությունները «Ցյուրիխյան ուրացում», Մադրիդյան առաջարկներն անընդունելի որակող ընդդիմությունն էլ՝ մյուս կողմից պետք է ընդունեն նաեւ Հովհաննիսյանի երրորդ պահանջը՝ հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունների ետկանչն ու Արցախի ճանաչումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել