Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ

Ապրիլ 30,2011 00:00

Ապրիլի 27-ին եւ 28-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ Կապանի «Ճանշին» ձեռնարկության ասֆալտի գործարանում, զոդման աշխատանքների ժամանակ, թթվածնի բալոնների պայթյունների արդյունքում զոհվել են Սյունիքի մարզի Եղեգ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Իսահակ Մայիլյանը, Կապանի բնակիչ՝ 68-ամյա Ռուբիկ Սարգսյանը: Վերջինիս դեպքում, ըստ Սյունիքի մարզային փրկարարական վարչության, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ զոհվածի մարմինը բազմաթիվ կտորների է բաժանվել: Իսկ առաջին դեպքում վիրավորվել էր երեք այլ քաղաքացի:
Կապանում եւ Քաջարանում երկու մարդու մահվան պատճառ դարձած պայթյունների փաստերի առիթով քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ»: Պատիժը՝ առավելագույնը տասը տարի ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Գործը նախաքննության փուլում է, մանրամասներ դեռ չեն հաղորդվում, իսկ Կապանում լուրեր են շրջանառվում, որ պայթած երկու բալոնները լիցքավորված են եղել նույն լիցքավորման կետում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել