ՀԱՅԵՐՆ ՈՒ FASTFOOD-Ը

\"\"Ամերիկացիների գիրացումը սպառնալիք է նաեւ հայերիս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ԱՄՆ-ում ամենատարածված հիվանդությունը դեպրեսիան է, սակայն պարզվում է, ինչքան էլ սարսափելի համարվեն սթրեսներն ու դեպրեսիան, ամերիկացիները դրանից չէ, որ պետք է զգուշանան առաջին հերթին: Ըստ մասնագիտական մեկ այլ կարծիքի` ԱՄՆ-ում ամենահիթային հիվանդություններն այսօր համարվում են սրտանոթային ախտահարումներն ու գիրությունը: Մեզանից յուրաքանչյուրը բազմիցս լսել է այն մասին, որ սրտանոթային որեւէ հիվանդություն ձեռք բերելու ամենանպաստավոր պայմաններից մեկն էլ չափից դուրս գիրանալն է: Ոչ մասնագիտական շրջանակներում դա բացատրվում է նրանով, որ ավելորդ կիլոգրամներ «շալակած» մարդը դառնում է սակավ շարժուն եւ դրան միանում է ներքին օրգանների, այդ թվում՝ նաեւ սրտի ճարպակալումը: Դրա պատճառներն ավելի քան շատ են: Սակայն կա դրանցից մեկը, որին բաժին է ընկնում ԱՄՆ-ի թիվ մեկ խնդրի մեծ բաժին մեղքը: Դա, անկասկած, արհեստական հավելումներով, սննդային ներկանյութերով, անորոշ, սակայն գայթակղիչ բուրմունքով եւ, ի վերջո, անհայտ ծագում ունեցող, սակայն արագ պատրաստվող fastfood-ն է. ճարպոտ մսագնդերով, քիմիական սոուսներով համեմված սենդվիչներ, «մինչեւ կոկորդը յուղի մեջ տժժցրած» թռչնամիս ու կարտոֆիլ, «սալախեղդ», հյութալի ուրիշ պատառներ, որոնք որովայնում ախորժելի ճլճլոցով միախառնվում են դարձյալ սինթետիկ ծագումնաբանությամբ զովացուցիչ ըմպելիքների հետ: Եվ ինչպե՞ս կարող է համադամասեր թմբլիկ ամերիկացին դիմանալ գայթակղությանը. եթե ցանկանա էլ, չի կարող: Նա մեծ ախորժակով ուտում է խայտաբղետ փաթեթավորված վերը նշված այդ ամբողջ կերակրացանկը եւ կշտանալուց հետո մեծ դժվարությամբ վեր կենալով` մտածում, որ հնարավոր է ինքը ճիշտ չի սնվում… եւ այսպես ամեն օր, իսկ ոմանք էլ` օրը մի քանի անգամ: Այսօրինակ կենսակերպ ունեցող մարդիկ սովորաբար բուսական սնունդ կամ կաթնամթերք ընդունում են այնքան, ինչքան լինում է fastfood-ի այս կամ այն ուտեստի բաղադրության մեջ: Ամերիկացի բժիշկներն ու դիետոլոգներն անընդհատ ահազանգ են հնչեցնում, սակայն նրանց խորհուրդներին առայժմ, կարծես, հատուկենտ մարդիկ են հետեւում: Շատ դժվար է ստիպել ինչ-որ մեկին, որ հրաժարվի տարիներով կարծրացած իր սննդակարգից եւ համոզել, որ համեղն ու օգտակարը բացարձակ տարբեր կատեգորիաներ են: Սակայն, այնուամենայնիվ, դա հնարավոր է, եթե մարդը գիտակցի, որ այն անհրաժեշտ է հանուն իր սրտի: Պետք է ընդամենը բացատրել, որ սիրտը նեղվում է խոլեստերինի` տարիներով ձեռք բերված առատությունից, եւ այն կարգավորելու համար պետք է սննդակարգում աստիճանաբար ավելացնել կանաչեղենը, մրգերն ու կաթնամթերքը, եւ հատկապես ցածր յուղայնությամբ կաթնամթերքը: Առողջությունը թանկ է բոլորի համար, եւ ամեն մարդ պետք է հասկանա, որ ցածր յուղայնությամբ կաթնամթերքի արժանիքը միայն նվազագույնի հասցված խոլեստերինի քանակությունը չէ. այն հարստացված է կալցիումով, ինչն էլ իր հերթին օրգանիզմից ավելորդ ճարպի դուրս մղման լավագույն միջոց է: Իհարկե, սխալ կլինի մտածել, որ այն, ինչի մասին խոսվեց, ամերիկյան մենաշնորհ է կամ ամերիկյան քաղաքակրթության արդյունք: Նույն այդ «քաղաքակրթությունը» թեեւ դանդաղ, բայց հաստատուն սողոսկում է նաեւ մեր իրականություն: Ցավոք, մեզ մոտ նույնպես փողոցում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում մարդիկ, որոնց ֆիզիոլոգիական «կլորությունները» բավականին չափազանցված են: Դա նշանակում է, որ գոնե գիրանալու հարցում մենք կարող ենք հասնել ամերիկացիներին եւ հաստատ կհասնենք, եթե հանուն կշտանալու միմյանցից չտարբերենք համեղ ու վնասակարի, օգտակար ու առողջարարի գործակիցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք