Լրահոս
Օրվա լրահոսը

Մահ կամ հաղթանակ

Ապրիլ 30,2011 00:00

\"\"Աշխարհի առաջնության բազմաչարչար ցիկլը վերջապես տեղափոխվում է գործնական հարթություն: Մայիսի 4-27-ը Կազանում կայանալիք շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտի արդյունքներով կորոշվի այն գրոսմայստերը, ով գահին տիրելու համար ձեռնոց կնետի ներկայիս գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին:
Ոչ ոք վայրկյան անգամ չի կասկածում, որ Թաթարստանի մայրաքաղաքի «Կորստոն» համալիրի կոնֆերենց դահլիճներից մեկում շուրջ երեք շաբաթ շախմատային ութ հսկաների միջեւ կենաց եւ մահու ճակատամարտի ականատեսն է լինելու:
Մասնակից ութ
տոպ-գրոսմայստերները

Վեսելին Տոպալով, Բուլղարիա, 36 տարեկան (մարտ ամսվա վարկանիշը՝ 2775), աշխարհի նախորդ առաջնության մասնակից:
Վլադիմիր Կրամնիկ, Ռուսաստան, 35 տարեկան (2785), որակավորվել է վարկանիշով:
Լեւոն Արոնյան, Հայաստան, 28 տարեկան, ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի հաղթող:
Շախրիյար Մամեդյարով, Ադրբեջան, 26 տարեկան (2772), մասնակցում է մրցաշարը Բաքվից Կազան տեղափոխվելուց հետո Ադրբեջանին նվիրված մեկ տեղի պատճառով:
Բորիս Գելֆանդ, Իսրայել, 43 տարեկան (2733), «Աշխարհի գավաթ-2009»-ի հաղթող:
Ալեքսանդր Գրիշչուկ, Ռուսաստան, 27 տարեկան (2772), «Grand Prix»-ի 3-րդ մրցանակակիր, փոխարինել է Մագնուս Կարլսենին:
Թեյմուր Ռաջաբով, Ադրբեջան, 24 տարեկան (2744), «Grand Prix»-ի 2-րդ մրցանակակիր:
Գատա Կամսկի, ԱՄՆ, 35 տարեկան (2733), 2009 թվականի հավակնորդների մրցաշարի մասնակից:
Վիճակահանությունը մասնակիցներին դասավորել է այսպես
Տոպալով-Կամսկի, Մամեդյարով-Գելֆանդ մրցամարտերի հաղթողներն ի հայտ կբերեն եզրափակչի առաջին մասնակցին: Երկրորդը կորոշվի Կրամնիկ-Ռաջաբով, Արոնյան-Գրիշչուկ զույգերի հաղթողների մրցամարտից հետո:
Քառորդ եզրափակիչների եւ կիսաեզրափակիչների մասնակիցները խաղալու են դասական ժամանակով չորս պարտիա: Հավասարության դեպքում խաղացվելու է 25 րոպեանոց չորս պարտիա՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վրկ. ավելացումով: Եթե դա էլ ի հայտ չբերի հաղթողին, նախատեսված է 5 րեպե տեւողությամբ (յուրաքանչյուր քայլի համար 3 վրկ. ավելացումով) հինգ պարտիա, որոնցից յուրաքանչյուրը կարող է վերջինը լինել: Կրկին հավասարություն լինելու դեպքում կխաղացվի, այսպես կոչված, «հանկարծահաս մահի» պարտիա, որում սպիտակներին ընձեռվում է՝ 5, սեւերին՝ 4 րոպե: Ոչ-ոքին հաղթանակ է բերում սեւերին:
Եզրափակչում նախատեսված է վեց դասական պարտիա: Թայ-բրեքը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) կընթանա նույն սկզբունքով:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 420 հազար եվրո է: 1/4 եզրափակչում պարտվածները կստանան 30- հազարական, 1/2 եզրափակչի անհաջողակները՝ 60-հազարական, իսկ եզրափակչի մասնակիցները կկիսեն 180 հազար եվրոն:
Արոնյա՞նը,
թե՞ Գրիշչուկը

Թե շախմատասերների, թե պրոֆեսիոնալ փորձագետների կարծիքով՝ Կազանում ընթանալիք մրցաշարի թիվ մեկ ֆավորիտը մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող 28-ամյա Լեւոն Արոնյանն է:
Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը, ով իր թիմը երկու անգամ առաջնորդել է դեպի շախմատի համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալներ, վերջին շրջանում տպավորիչ, արտիստիկ խաղ է ցուցադրում: Թեթեւությունը, որով նա ամենաանսպասելի որոշումներ է կայացնում անգամ ամենաբարդ իրավիճակներում, մրցակիցների վրա կործանիչ ազդեցություն է գործում: Բավական է հիշել Տալի վերջին հուշամրցման ժամանակ Կրամնիկի հետ պարտիան, որում մրցակիցը նրան «որսացել» էր նախապես լարված անելանելի «թակարդով» եւ, կարծես, պարտվելուց խուսափելու ոչ մի շանս չկար: Բայց Լեւոնը խաղում էր այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել: Եվ… ինքը հաղթեց:
Լեւոն Արոնյանը բլիցի աշխարհի չեմպիոնն է եւ «Amber»-ի վերջին գերմրցաշարում նրա տարած անբռնազբոսիկ հաղթանակը վկայում է հայ գրոսմայստերի հիանալի պատրաստվածության մասին:
Մասնագետների մեծ մասը այժմվանից արդեն աշխարհի թագը տեսնում է Արոնյանի գլխին՝ հավատալով, որ նա ի վիճակի է պարտության մատնել նաեւ աշխարհի գործող գահակալ Վիշվանաթան Անանդին: Բայց, մինչ այդ, նա դեռ պետք է հաղթահարի հավակնորդների մրցաշարի առաջին արգելքը՝ ի դեմս Ալեքսանդր Գրիշչուկի:
Մոսկվացի շախմատիստի տաղանդը բացահայտվել է վաղ: Նա չնայած 27 տարեկան է, սակայն կյանքի կեսն անցկացրել է պրոֆեսիոնալ շախմատում: Նա նվաճել է հեղինակավոր շատ բարձունքներ. եղել է դասական շախմատի Ռուսաստանի չեմպիոն, բլիցի աշխարհի չեմպիոն, հաղթել աստղային «Linares»-ում: Գրիշչուկը պրոֆեսիոնալների համար նախանձելի մի որակ ունի՝ բացարձակապես անդրդվելի է: Տալի նույն հուշամրցաշարում ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ պարտիայում հայտնվելով բացարձակապես պարտված դիրքում, Ալեքսանդրը պաշտպանվում էր միակ քայլերով եւ, ի վերջո, խաղը փրկեց՝ անգամ աչքը չթարթելով:
Բացառիկ զսպվածություն եւ սառնասրտություն, մրցակցի՝ անգամ ամենաաննշան սխալից օգտվելու կարողություն, տեսական անթերի պատրաստվածություն: Այս որակները Գրիշչուկին վտանգավոր են դարձնում ցանկացած մրցակցի համար: Անգամ՝ Արոնյանի նման մրցակցի:
Սակայն Գրիշչուկը, ինչպես ինքն է ասում, գրեթե միստիկական մի թերություն ունի՝ շատ հաճախ է սարսափելի ցայտնոտների մեջ ընկնում, թեեւ այդ ժամանակ էլ նրա խաղի թափը չի նվազում:
Արոնյանի եւ Գրիշչուկի միջեւ անձնական հանդիպումների վիճակագրությունն այսպիսին է:
Դասական շախմատ. Արոնյան-Գրիշչուկ՝ 6:2, 7 պարտիա ավարտվել է ոչ-ոքի:
Արագ շախմատ. Գրիշչուկ-Արոնյան՝ 2:0:
Բլից. Արոնյան-Գրիշչուկ՝ 2,5:2,5:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել