Լրահոս
Օրվա լրահոսը

Պարարվե՞ստ, թե՞ էրոտիկա

Ապրիլ 30,2011 00:00

Ըստ մասնագետների՝ պարարվեստն էլ պետք է կարգավորվի օրենքով

\"\"

Երեկ Պարի միջազգային օրն էր: Պարային մշակույթ ունեցող երկիրը լռակյաց նշեց տոնը: Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանի խոսքով՝ սա վերջին տարին կլինի, որ այս օրը սովորական օրերի պես կանցնի ու կգնա. «Մյուս տարի որոշել ենք պարի տոն մատուցել հանրությանը, բոլորը դուրս կգան հրապարակ եւ միասին կպարեն, չէ՞ որ մենք սիրում ենք պարել»:
Կ. Գեւորգյանը ոլորտում առկա խնդիրների մասին խոսելիս նշեց սնկի պես աճող սիրողական մակարդակի պարային խմբերի անվերահսկելի լինելը. «Այսօր ով պարուսուցման համար դահլիճ վարձակալելու հարցով դիմում է քաղաքապետարան, նրանից պահանջում են լիցենզիա՝ արդյո՞ք այդ մարդը իրավունք ունի զբաղվել պարուսուցմամբ եւ վարձակալել տարածք: Չնայած լիցենզիա տվող չկա, մարդիկ շարունակում են ազատ ու անկախ բացել պարախմբեր ու մոլորեցնել հազարավոր ծնողների: Չկան համապատասխան օրենքներ թե՛ քաղաքապետարանում, թե՛ մշակույթի նախարարությունում: Այսինքն՝ ոչ մի կողմից պարը վերահսկելի չէ մեր երկրում: Անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է մարդը զբաղվել պարուսույց-մանկավարժությամբ, եթե չունի համապատասխան կրթություն: Դա նույնն է՝ որ հայոց լեզվի ուսուցիչ աշխատես դպրոցում՝ առանց բարձրագույն կրթության: Պարն էլ է, չէ՞, լեզվամտածողություն»:
Սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանն էլ կարծում է, որ ոլորտում վերջին տարիներին միջակություն է նկատվում. «Մեր խորհուրդը աշխատում է միջակությունը վերացնելու ուղղությամբ: Օգնում ենք ճիշտ ուղու վրա կանգնեցնել այն մարդկանց, ինքնակոչ ղեկավարներին, ովքեր չունեն լիցենզիա, բայց իրենք իրենց կարգել են պարուսույցներ: Սա պետք է վերահսկեն պարային միությունները: Զուտ հսկողության մասին խոսք լինել չի կարող: Ես ունեմ պարային դպրոց, բայց միայն մի պարային դպրոցով լուծել խնդիրը՝ սխալ կլինի: Օրինակ՝ խնդիրը որոշակի լուծումների բերելու համար ստեղծվեց Սպորտային պարերի համահայկական խորհուրդ, որը Պարերի համաշխարհային խորհրդի անդամ է՝ 57 երկրների շարքում: Մյուս տարի դառնալու ենք այդ խորհրդի լիիրավ անդամ. դա մեզ կտա Համաշխարհային խորհրդում քվեարկելու, ինչպես նաեւ Հայաստանում Եվրոպայի եւ աշխարհի մրցումներ կազմակերպելու հնարավորություն»:
Կ. Գեւորգյանի համոզմամբ, դաշտում միջակություն է այն պատճառով, որ ցանկացած մեկը, ով 3 ամիս պարի է գնացել՝ տան նկուղում հարեւաններից, բարեկամներից հավաքում է 8 հոգանոց խումբ ու իրեն կարգում պարուսույց. «Իսկ բարձրագույն կրթություն ստացողը 4 տարի միայն պրակտիկա է անցնում ու նոր իրավունք ստանում խումբ բացելու: Ինկուբատորի ճտերի նման աճող խմբերը մեր ազգային պարի հետ ոչ մի կապ չունեն, դրանք աղճատում են մեր պարի ձեւն ու բովանդակությունը: Էլ ինչո՞ւ են ստեղծված պարարվեստի համապատասխան գիտական հաստատությունները, բա մենք այնտեղ ի՞նչ ենք անում… ԱԺ-ում պետք է հարց բարձրացվի «Պարարվեստի մասին» օրենքի ստեղծման վերաբերյալ: Դրա կարիքն իսկապես կա: Թողնված է ինքնահոսի եւ ոչ ոք տեր չի կանգնում»:
Կ. Գեւորգյանը ասում է, որ ոլորտի խնդիրները լուծելու հարցը երկու հոգու ձեռքերում է՝ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի. «Մեկ ամիս առաջ զրույց եմ ունեցել ԱԺ նախագահի հետ, առաջարկել ենք անվճար մշակել օրենքի նախագիծը…»:
Կ. Գեւորգյանը դժգոհեց ծնողներից, որ 3-4 տարեկանից երեխաներին ուղարկում են պարի, ընդգծելով, որ այդ տարիքում երեխայի ոսկորները դեռ ամրացած չեն եւ վնասվածքների հավանականությունը մեծ է: Նա անդրադարձավ նաեւ պարային շարժումներին ու ձեւերին:
Ըստ բանախոսի, ինքնակոչ պարուսույցները 10-11 տարեկան երեխաներին այնպիսի շարժումներ են սովորեցնում, որ միայն գիշերային ակումբներում կհանդիպես նման բաների. «Լատինամերիկայն պարերն այսօր դարձրել են էրոտիկ պարեր: Միայն տեսնեք՝ ի՜նչ է կատարվում մրցումներին, ես ամաչում են այդ երեխաներին նայել: Ինչպե՞ս կարելի է 11 տարեկան երեխային զույգ տալ ու այդ զույգի հետ այնպիսի կոմպոզիցիաներ անել տալ, որն իսկապես էրոտիկա է: Ախր, չի կարելի…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930