Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ապրիլ 30,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ իններորդ

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ

Հեչ պատահական չի, որ հենց ես եմ էս ամենի մասին մտածելով արտահայտվում ու արտահայտվելով շարադրում, որովհետեւ բանաստեղծությունից արձակի անցածներիս ոչ միայն էս ամենի մասին մտածելու եւ արտահայտվելու ժամանակ ու հնարավորություն է լիուլի տրված, այլեւ՝ ուրիշների ու բոլորի փոխարեն մտածելու ու արտահայտվելու իրավունք, եւ չնայած էդ իրավունքն ինքներս ենք մեզ շնորհում, ամենակարեւորն էն է, որ ինքներս մեզ էդ իրավունքը շնորհելով՝ որեւէ մեկին որեւէ վնաս չենք պատճառում. ավելին. ինքներս մեզ էդ հնարավորությունն ու իրավունքը շնորհելով՝ երբեմն-երբեմն ասում ու գրում ենք էն՝ ինչը որ երկու ու ավելի անգամ ապրողներն իրենց անունից պիտի ասեին ու գրեին, եթե, իհարկե, իրենք եւս ասելու, գրելու եւ, որ ամենակարեւորն է, մտածելու էնքան ժամանակ ու հնարավորություն ունենային, ինչքան որ մենք՝ բանաստեղծությունից արձակի անցածներս ունենք, եւ եթե ունենային, ինձ պես իրենք էլ երջանկության, երջանիկ լինելու եւ նմանատիպ այլ անհասկանալի բաների մասին կմտածեին ու կարտահայտվեին, եւ եթե իմ չափ ժամանակ ու հնարավորություն ունենային, իմ չափ հիշելով ու մտածելով՝ միգուցե շատ ավելի կարեւոր բաներ ձեզ ասեին, քան ես եմ հիմա ասում, եւ եթե ես էլ իրենց պես բուն կյանքով ու կարեւոր գործերով զբաղված լինեի, մեծահոգաբար կհանդուրժեի ու կհամաձայնվեի, որ իմ փոխարեն իրենք մտածեն ու արտահայտվեն իրենց, իմ, ձեր ու ամեն ինչի մասին, բայց քանի որ էդ ամբողջ ժամանակը, հնարավորությունն ու իրավունքը մեզ՝ բանաստեղծությունից արձակի անցածներիս է տրամադրված, մենք ենք էսպես անընդհատ ուրիշների փոխարեն հանդես գալիս ու լիաթոք արտահայտվում՝ երբեմն-երբեմն էլ ինքներս մեր անունից ու մեր իսկ կյանքից կարեւոր ու անմոռանալի մանրամասներ հիշելով ու հաղորդելով, եւ հասկանալով, որ անցյալ դարի վաթսունից վաթսուներկու թվականների արանքում խցկված էդ օրն ընդամենն ինձ ու հարազատներիս համար էր անմոռանալի ու կարեւոր, այնուամենայնիվ, հույս ունեի, որ ձեզանից ոմանց կհետաքրքրի եւ առաջին հերթին երկրորդ ու երրորդ անգամ ապրողներին կհետաքրքրի՝ առնվազն էնքանով, որ առիթից օգտվելով՝ իրենք էլ իրենց նախորդ կյանքերից կարեւոր ու անմոռանալի օրեր կհիշեն՝ ինչպես որ իմը հիշելով գրի առա, որովհետեւ մեր կյանքի էդ կարեւոր ու անմոռանալի օրերը ոչ միայն երեւելի ու երեւացող հետք են թողնում, այլեւ շատ հաճախ շարունակություն էլ են ունենում, եւ եթե անցյալ դարի վաթսունից վաթսուներկու թվականների արանքում բուսնած էդ օրն էդքանով էլ ավարտվեր ու շարունակություն չունենար, դժվար էլ հիշեի ու էդքան մանրակրկիտ անդրադառնայի, որովհետեւ մենք ու հատկապես մի քանի անգամ ապրածներս սովորաբար ու հիմնականում մեր հետագա փրկության մասին ենք մտածում՝ մոռանալով, որ բազմիցս արդեն փրկվել ենք, եւ առաջին ու հիմնական փրկվելս դժվար թե էդքան մանրամասն հիշեի, եթե Ստալինյան էդ կեղտոտ ու ահավոր ջրանցքից փրկվելս ժամանակ առ ժամանակ երազներիս մեջ հայտնվելով չկրկնվեր, բայց այն՝ ինչ հիմա պատրաստվում եմ ձեզ պատմել, ոչ թե երազի հետ է կապված, այլ՝ կյանքի, ընդ որում՝ իմ էս երկրորդ կյանքի, ավելի ճիշտ՝ երրորդ, որովհետեւ ես էդ օրն էդ ահավոր ու ամենակուլ ջրանցքից փրկվելով ու երկրորդ անգամ ծնվելով՝ հետագայում բանաստեղծությունից արձակի անցա եւ հիմա արդեն երրորդ անգամ ու երրորդ ձեւով եմ էս կյանքը համտեսում ու վայելում, եւ եթե մի քիչ էլ մանրանամ ու էդ ամենին նաեւ Երվանդի սնկերը գումարեմ, կստացվի՝ չորրորդ:
Ինչ բանաստեղծություն գրելը թողել ու արձակի եմ անցել, հետս ու շուրջս էնպիսի բաներ են կատարվում ու տեղի ունենում, որ տեղով մեկ արձակ են. մնում է թուղթն ու գրիչը վերցնես ու էդ ամենը գրի առնես:
Էս պատմությունը՝ որ հիմա սկսում եմ, տեղի է ունեցել անձամբ ինձ հետ, ավելի ճիշտ՝ էդ դեպքը միայն ինձ հետ կարող էր տեղի ունենալ, եւ չնայած էս պատմելիքս տեղի է ունեցել երկու հազար չորսի հուլիսի երկուսին, էս պատմության հիմքն ու կարեւորագույն մանրամասները ծայր են առել դեռեւս անցյալ դարի վաթսունականների սկզբներին, երբ Տերյանի դպրոցի երկրորդ կամ, ամենաշատը, երրորդ դասարանում էի սովորում:
Երկու հազար չորսի հուլիսի երկուսի երեկոյան մեծ աղջիկս՝ Սեդուլը, որ բարեհաջող վերջացրել էր դպրոցի ավարտական քննություններն ու բոլոր տեսակի հանդիսությունները, հոնգուր-հոնգուր լաց լինելով եկավ տուն ու ասաց, որ կորցրել է կնոջս տված հիսունդոլարանոցը, որը պիտի տար իր հետ հայերենի տեստեր պարապող տիկին Մանուշակին, բայց տիկին Մանուշակենց տան ճանապարհին էդ հիսունդոլարանոցը, ըստ ամենայնի, տեստերի ժողովածուի միջից ընկել ու անհետ կորել էր, որովհետեւ, նախքան կորցնելը, տիկին Մանուշակենց տան ճանապարհին աղջիկս մի քանի անգամ բաց էր արել տեստերի էդ շտեմարանը, որպեսզի իրեն հուզող հարցերի պատասխաններն իմանա, ու, հավանաբար, էդ պահերից մեկում էդ հիսունդոլարանոցն ընկել ու անհետացել էր, եւ երբ տիկին Մանուշակի տան շեմին աղջիկս շտեմարանը բաց էր արել, հիսունանոցն արդեն չէր եղել, եւ հիսունանոցը չգտնելով՝ էլ դասատուի տուն չէր մտել. սարսափահար ու հոնգուր-հոնգուր լաց լինելով՝ վերադարձել էր մեր տուն:
Հաստատ ամեն ինչ աղջկաս ու իմ պատմածի պես էր եղել, որովհետեւ աղջիկս ու կինս շատ լավ էին հիշում տնից դուրս գալուց առաջ հիսունանոցն էդ, ուրեմն, տեստերի ժողովածուի մեջ դնելու պահը. այնպես որ, մեր տանը ծայր առած ողբն ու աղաղակներն արդեն անիմաստ էին, եւ առավել անիմաստ կլիներ, եթե աղջիկս իր ամենավերջին պարապմունքներից մեկը բաց թողներ, մանավանդ որ՝ ինքը շատ ուշ էր սկսել պարապել, եւ ընդամենը մի շաբաթից իր ընդունելության էդ կենտրոնացված քննությունն էր:
Ինչեւ. ես կնոջս ու աղջկաս խորհուրդ տվի վերջացնել լացուկոծն, ու հույս հայտնեցի, որ հնարավոր է գտնել հիսունանոցն էնտեղ՝ որտեղ որ շտեմարանի միջից ընկել էր, եւ մեր հոգապահուստ հիսունանոցներից եւս մեկը նույն էդ շտեմարանի մեջ դնելով՝ որոշեցինք, որ էս անգամ ինքս աղջկաս կուղեկցեմ Մանուշակենց, որպեսզի նախ էդ երկրորդ հիսունանոցն անվնաս տեղ հասցնենք, եւ, բացի այդ, աղջկաս պարապմունքի էդ ժամուկեսվա ընթացքում հնարավորություն կունենայի տնտղել տեղանքը եւ, ինչու չէ, գտնել մեր կորցրած էդ, ուրեմն, հիսունանոցը:
Տեղանքը ես հրաշալի գիտեի, ընդ որում՝ փոքրուց: Ես ու աղջիկս Կայարանի մեր տնից եկանք, Ուպռավլենու անցումով կտրեցինք Տիգրան Մեծի պողոտան, Ստալինյան ու Շահումյանի ջրանցքի հին ու ճռճռան կամրջակով մյուս ափն անցանք, եւ արդեն մյուս ափին աղջիկս լացակումած ասաց, որ հենց էդ տեղում է բաց արել տեստերի շտեմարանը:
Դա հենց էն տեղն էր, ուր ես անցյալ դարի վաթսունից վաթսուներկու թվականների արանքում խեղդվելուց էի փրկվել, ու մինչ էս բաները հիշելով գրում եմ, նաեւ ինձ փրկողի անունը հիշելով տեղը բերի՝ Ռաֆո, ու նաեւ հիշեցի, որ էդ թվին Ռաֆոն մեր Տերյանի դպրոցի տասներորդում կամ տասնմեկերորդում էր սովորում ու էդ դպրոցի հեղինակություններից էր, ու նաեւ շատ լավ եմ հիշում, որ Ռաֆոն ինձ ջրանցքի երախից փրկելուց ու ափ հանելուց հետո հենց էդ տեղում, ուր հիմա մեր հիսունանոցն էր կորսվել, ինձ քացու տակ գցեց, ու ես հասկանալով, որ վերստին ու վերջնականապես եմ կյանք վերադարձել, դիտմամբ ոտս կախ էի գցել, որ Ռաֆոն մի քանի հատ էլ խփեր ու քվիտ լինեինք. ես էդ պահին դեռեւս տաք էի ու անկարող էի հասկանալ, որ Ռաֆոյի հետ քվիտ լինելու տարբերակ չունեմ ու երբեւէ չեմ ունենալու:
Ինչեւէ. աղջկաս հասցրի Մանուշակենց տուն, որ Մետաքսի վերջի ու Սարի թաղի սկզբի մեծ կամրջի մոտ էր, ու աղջկաս հուսադրելով խոստացա, որ մինչեւ պարապմունքների ավարտը մեր էդ կորսված հիսունանոցը կփնտրեմ ու կգտնեմ, չնայած քամի էր, ու անցորդներ էլ կային, ու պարզից պարզ էր, որ մեր կորցրածը կամ քամին քշած ու տարած կլիներ, կամ էլ անցորդներից մեկը գտած ու երջանկացած պիտի լիներ:
Երբ վերադարձա հիսունանոցի կորած տեղը, ձախ ափին՝ կամրջի մոտ ինչ-որ տղամարդիկ էին խմբված. ըստ ամենայնի, ջրանցքի ձախակողմյան ափի սեփական տների բնակիչներ էին՝ հիսունից վաթսունի մոտ երեք թե չորս տղամարդիկ, եւ չնայած տղամարդկանց քանակը ճշգրիտ չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ էդ պահին ջրանցքի ձախակողմյան ափի ամենամոտիկ տան դռնից եւս մի տղամարդ դուրս եկավ, նարդին դրեց պատի տակի երկաթե սեղանիկին, հետո նույն դռնով ներս գնաց ու շուտով էլի դուրս եկավ՝ երկու աթոռակ բերելով, նայեց խմբվածներից անթրաշ բոյովին ու ասաց. «Արի մի հատ դասդ տամ, Ռաֆո»: «Ինչի՞ վրա ենք խաղում»,- աթոռին տեղավորվելով՝ հարցրեց անթրաշը: «Էդ գտածդ հիսունանոցի»,- ժպտալով ասաց նարդին բերողը: «Չէ,- խոսակցությանը խառնվեց տղամարդկանցից ամենակարճահասակը.- էդ հիսունանոցը Ռաֆոյի ղսմաթն ա. դրա վրա չի կարելի ղումար խաղալ»: «Տասը շիշ պիվա,- ասաց Ռաֆոն, հետո մի քիչ մտածեց ու ավելացրեց.- կրեմ էլ, կրվեմ էլ, ես եմ առնում»: «Փաստորեն, մաղարիչ ես անում, Ռաֆո ջան»,- ասաց կոլոտը: «Ոնց ուզում եք՝ հասկացեք»,- ասաց Ռաֆոն:
Ես շատ մոտ կանգնած՝ պարզ լսում էի իրենց խոսակցությունն ու արդեն համոզված էի, որ բոյով անթրաշն է գտել մեր կորցրած հիսունանոցը, եւ ամենակարեւորը՝ հարյուր տոկոսով ճանաչեցի անթրաշ բոյովին. ինձ փրկած Ռաֆոն էր: Ես իրեն իմ հավելյալ քառասունհինգից ավելի տարիների ընթացքում բազմիցս տեսել ու ճանաչել էի, բայց էս անգամ հազիվ ճանաչեցի, որովհետեւ ճերմակ ու խիտ թրաշն իրեն շատ էր փոխել: Ինքը, պարզ է, ինձ չէր կարող հիշել ու տեղը բերել, որովհետեւ էն օրը, երբ ինձ փրկել էր, ամենաշատը ութ տարեկան էի, եւ, բացի այդ, ինքը ճարպիկ ու հմուտ լողորդ էր, եւ, ըստ ամենայնի, դեպքերի բերումով պիտի որ շատերին փրկած լիներ: Ինքն էն ժամանակ տասնվեց կամ, ամենաշատը, տասնյոթ տարեկան էր, ու հիմա՝ վաթսունից մի քիչ ավել, ու մեր տարիքային տարբերությունը ութ կամ ինը տարի էր, ու ինքն էդ տարի տասներորդցի կամ, ամենաշատը, տասնմեկերորդցի էր, եւ չնայած հիմա արդեն շատ ճերմակ ու շատ խիտ թրաշ ուներ, նույն ձիգ ու ատլետիկ Ռաֆոն էր, ու զառն էլ շատ լավ էր տալիս, ու ես շատ էի ուզում իրենց խաղը նայել, բայց անկոչ լինելս զգալով ու հասկանալով՝ մի քիչ հեռացա ու կամրջի մոտ մլուլ տալով՝ իբր մեր կորցրած հիսունանոցն էի փնտրում, ու էդպես անիմաստ մլուլ տալով հիշում էի՝ ինչպես էր իմ փրկվելու առթիվ ողջ Մետաքսն իրար խառնվել, եւ մի քանի ամիս շարունակ Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածում բոլորի բերաններում ու մտքերի մեջ իմ փրկվելն էր, ու բոլորը գիտեին, որ ինձ փրկելու համար Ռաֆոն մորիցս «կՏսպՑ» ժամացույց էր նվեր ստացել, եւ իմ էդ փրկագինն ամիսներ շարունակ բոլորի քննարկման առարկան էր, ու էդ թեման էնքան շատ էր շոշափվում, որ մայրս ահավոր նեղվում ու տրտնջում էր՝ ենթադրելով, որ մեր հարեւաններն ու բարեկամներն իմ էդ փրկագինը շատ քիչ են համարում, եւ խեղճ մայրս բոլորի առաջ արդարանում ու բոլորին մեկ առ մեկ բացատրելով ասում էր, որ «կՏսպՑ»-ն ամենաթանկ ու ամենամոդայիկ ժամացույցն է, եւ իմ միջնեկ քեռի Վարդանը՝ որ «կՏսպՑ»-ի գաղափարի հեղինակն էր, մորս հորդորում էր բամբասանքներին ականջ չդնել՝ «Սեդ ջան, սրաննրան մի լսի. Ռաֆոն շատ էլ գոհ ա մնացել մեր էդ նվերից», բայց մայրս բոլորին լսում ու բոլոր խոսակցություններից նեղվում էր եւ բոլորի առաջ արդարանալով ասում էր՝ «էդ պահին հնարավորությունս էդ էր» եւ մի քիչ մտածում ու ավելացնում էր՝ «հո դաշնամուրս չէի տալու» եւ մի քիչ էլ մտածում ու ասում էր՝ «որ հնարավորություն ունենամ՝ ավելի մեծ բան կնվիրեմ»։
Աղջկաս պարապմունքի ավարտին մի ժամի չափ դեռ կար, ու էս բաները հիշելով՝ կամրջի մոտ անիմաստ մլուլ էի տալիս ու ոտքերիս տակ արդեն չէի նայում, որովհետեւ արդեն գիտեի, որ մեր հիսունանոցը Ռաֆոյի երկու գրպաններից մեկի մեջ է, իսկ ոտքերիս տակ էդ պահին էն մեծ ու տափակ քարն էր, որից թափ առնելով՝ ավելի քան քառասունհինգ տարի առաջ ցատկել էի էդ ահավոր ու ամենակուլ ջրանցքը, որի ջրերն արդեն խեղճացել ու քչություն էին անում, եւ չնայած հետագա իմ ողջ գիտակցական կյանքում ինքս ինձ հարցրել եմ՝ ինչո՞ւ ցատկեցի,- ինքս ինձնից երբեւէ որեւէ լուրջ ու համոզիչ պատասխան չեմ ստացել եւ հիմա՝ էս պահին էլ էդ հարցի պատասխանը չունեմ. միայն էն եմ հիշում, որ փրկվելուցս առաջ՝ ամեն օր դպրոց գնալիս ու դպրոցից տուն վերադառնալիս ժամերով էդ կամրջին կանգնում ու նախանձով նայում էի ջրանցքում լողացողներին, որոնց մեջ մի քանի իմ տարիքի տղերք էլ կային, ու մեկ էլ էն եմ հիշում, որ էդ օրը մյուս լողորդների պես շատ հանգիստ շորերս հանեցի, խնամքով դրի պայուսակիս մեջ ու հենց էդ տափակ ու հսկայական քարից թափ առնելով թռա. միանգամից որոշեցի ու միանգամից թռա, ու նաեւ հիշում եմ, որ սուզվելուցս հետո երկու թե երեք անգամ ջրի մակերեսին հայտնվեցի, ու նաեւ հիշում եմ, որ երկու թե երեք անգամ ջրի մակերեսին հայտնվելով՝ մաքուր գրականով աղաղակում էի՝ «օգնեցե՜ք», ու մեկ էլ էն եմ հիշում, որ Ռաֆոն շորերով էր. այսինքն, չէր հասցրել շորերը հանել ու էդպես շորերով նետվել ջուրն ու փրկել էր ինձ, ու առ էսօր փրկչի իր թաց ու մեծադիր կերպարն աչքերիս առաջ է, ու շատ լավ հիշում եմ, որ փրկելուց հետո իմ փրկիչն ինձ մի լավ ծեծ տվեց, եւ իր ապտակն էլ սովորական ապտակ չէր, եւ մի քանի օր շարունակ ականջս տժժում էր, ու նաեւ մերոնց խոսակցություններն եմ հիշում։ «Փրկել՝ փրկել ա, բայց խի՞ ա ըտենց վայրենավարի ծեծել»,- զարմացած հարցնում էր փոքր մորաքույրս՝ Լիլիկը։ «Շատ էլ ճիշտ ա արել. աչքն էլ պիտի հաներ»,- լացակումած ասում էր մայրս։ «Ծեծելը հեչ պարտադիր չէր»,- երկար մտածելուց հետո ասում էր Լիլիկը։ «Ի՞նչ ծեծել. ընդամենը մի հատ դաստիարակչական չափալախ ա տվել»,- Ռաֆոյին արդարացնում էր միջնեկ քեռիս՝ Վարդանը։ «Փաստորեն, իրա արած լավությունը ջուրն ա գցել»,- երկար մտածելուց հետո ասում էր Լիլիկը։ «Գիժ ե՞ս, ա՛յ ախչի,- քրոջ վրա գոռում էր Վարդանն ու ավելացնում.- ուրեմն, խեղդվելն ու ծեծվելը նույն բա՞նն են. մեռնելն ու չափալախ ուտելը նույնն ե՞ն»։ «Շատ էլ ճիշտ ա արել,- լացակումած ասում էր մայրս ու լացակումած ավելացնում էր.- շատ քիչ ա ծեծել, պիտի շանսատակ աներ»։ Եվ Լիլոն ասում էր. «Ա՛յ Սեդա, բա ըտենց ականջին կխփե՞ն, որ, դե արի ու մի ասա, էդ լակոտն ա խփել»։ «Պիտի մեծ կտորն էդ ականջը թողներ,- հեկեկալով ասում էր մայրս՝ արցունքախառն ավելացնելով.- ա՛յ Լիլո, բա նորմալ մարդն էդ ջուրը կմտնի՞. ամբողջ քաղաքի կանալիզացիայի ջրերն էդ անտեր ջրանցքն են թափվում»։ «Էս մարդիկ սավսեմ են ցնդել,- մորս հիվանդագին մաքրասիրությունից ապշում էր Վարդանը, որ բազմիցս էր էդ կեղտաջրի մեջ լողացել.- մարդու կյանքը փրկվել ա, սրանք կանալիզացիայից ու կեղտաջրից են խոսում»։ «Կարող ա՞ կեղտաջուր չի. կարող ա՞ ծովի ջուր ա»,- լացակումած հարցնում էր մայրս, եւ ես հասկանում էի, որ մայրս շարունակ ջրի ու ջրանցքի բաղադրությունից է խոսում, որպեսզի չկենտրոնանա ու տեսանելիորեն չպատկերացնի՝ ինչից եմ պրծել։
Էդ դեպքից տարիներ անց՝ երբ արդեն տասներորդում էի, եւ դրանից էլ անց՝ երբ արդեն ուսանող էի, եւ դրանից էլ հետո՝ երբ արդեն հասուն մարդ էի, ես բազմիցս, բոլորից թաքուն, մթնով հանվել ու մտել եմ նույն էդ կեղտաջուրը եւ համոզվելով, որ արդեն չեմ խեղդվում, հագնվել ու շարունակել եմ ճամփես: Ես արդեն աշխարհի ծովերը ոտի տակ տված մարդ էի ու էդ ձեւով էի վրեժս լուծում Ստալինյան էդ կեղտոտ ջրանցքից, եւ չնայած գիտեի, որ մայրաքաղաքի կեղտաջրերն էդ ջրանցքն են լցվում, այդուհանդերձ, իմ վերածնունդից հետո բազմիցս էդ նույն ջուրը մտա, եւ հիմա՝ բազմիցս մտած ու տվյալ բարդույթս հաղթահարած՝ ես մերթ էդ կեղտաջրին էի նայում, մերթ՝ նարդի խաղացողներին, եւ չզգացի՝ ինչպես նորից նրանց կողքին հայտնվեցի, եւ երբ արդեն իրենց կողքին էի, Ռաֆոն մի խաղափուլ տանուլ տվեց ու նորից խաղաքարերն էր շարում, եւ երբ խաղաքարերը շարում էր, ես նրա ձախ թեւին տեսա «կՏսպՑ»-ը՝ տափակ, ոսկեջուր, բարակ եզրերով եւ մուգ շագանակագույն ցիֆերբլատով: Սիրտս սկսեց շատ ուժեղ խփել, եւ հայացքս ձախ թեւից փախցրի աջին, որով Ռաֆոն զառերն էր գցում, եւ Ռաֆոյի աջին քառակուսի ինչ-որ սպիներ էին. հավանաբար, դրանց տեղերում ժամանակին դաջվածքներ էին եղել, որոնք մեծ չարչարանքով ջնջել էր:
Իմ փրկիչ Ռաֆոն, ինչպես քիչ անց պարզվեց, տարրական սխալներով էր նարդի խաղում, եւ իր հերթական սխալի վրա չդիմացա ու անկախ ինձանից գոռացի՝ «շեշի ոտն առեք. շեշի ոտն ինչի՞ չեք առնում», եւ Ռաֆոն գլուխը բարձրացնելով՝ զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «կարող ա՞ բանման ես կորցրել, ախպեր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ բանման», եւ կոլոտը Ռաֆոյին բոթեց, բայց Ռաֆոն ինձ հարցրեց՝ «փողմող չես կորցրե՞լ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չէ», եւ Ռաֆոն կասկածանքով նայեց ինձ ու հարցրեց՝ «բա խի՞ էդքան երկար մտածեցիր», եւ կոլոտը Ռաֆոյի վրա գոռաց՝ «հո դու շառ չես, արա. էս մարդն իրա համար նարդի ա նայում», եւ Ռաֆոն կոլոտի վրա ուշադրություն չդարձնելով ինձ հարցրեց՝ «որ փող չես կորցրել, ինչի՞ ես էս կողմերը մլուլ տալի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մարդ եմ սպասում» եւ մի քիչ էլ մտածեցի ու հարցրի՝ «իրավունք չունե՞մ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բան չունեմ ասելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուղղակի մտածեցի՝ փող ես կորցրել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ փող», եւ Ռաֆոն ասաց՝ «սովորական փող, ավելի ճիշտ՝ դոլար» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «գտնող ա էղել», եւ կոլոտը գոռաց՝ «հո դու շառ չես, այ Ռաֆո. զոռով ուզում ես, որ էս մարդը փող կորցրած ըլնի՞», եւ Ռաֆոն թարս նայեց կոլոտին ու ասաց՝ «դու սուս. քեզ խոսք չի հասնում», եւ ես նորից ստելով ասացի՝ «ոչ մի փող էլ չեմ կորցրել», եւ կոլոտը հանգստացած շունչ քաշելով ասաց՝ «փառք Աստծո, որ չես կորցրել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թե չէ՝ մարդու թափթփված մի տեսակ կա, որ միշտ փող ա կորցնում»:
Ռաֆոյի «կՏսպՑ»-ով իննին հինգ էր պակաս, եւ ես Ռաֆոյին ասացի՝ «ինձ ավելպակաս կներեք», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «դու մեզ ների, ախպեր ջան», եւ կոլոտն ուրախացած ասաց՝ «հաջող, ախպեր ջան», եւ ես ասացի՝ «հաջողություն» ու շարժվեցի դեպի Մանուշակենց տան կողմը:
– Փողը գտա՞ր, հայրիկ,- Մանուշակենց տնից դուրս գալով՝ հարցրեց աղջիկս:
– Գտնողն արդեն գտել ա,- ժպտալով ասացի ես ու ավելացրի,- կամ էլ՝ քամին քշած տարած կըլնի:
– Երանի գտնողին,- ասաց աղջիկս ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- կյանքիս մեջ մի անգամ եմ փող գտել, էն էլ՝ ընդամենը հարյուր դրամ:
– Հարյուր դրամն էլ ա փող,- ասացի ես:
– Մեր հիսունդոլարանոցը գտնողը շատ ուրախացած կլինի,- ասաց աղջիկս:
– Հաստատ չես կարա ասես,- ասացի ես.- մարդիկ կորցնելու դեպքում շատ են տխրում, բայց գտնելուց առանձնապես չեն ուրախանում:
– Ես որ հիսուն դոլար գտնեի, շատ կուրախանայի,- ասաց աղջիկս:
– Դու որ չկորցնես, շատ գոհ կըլնենք,- ծիծաղելով ասացի ես:
– Բարկացել ե՞ս,- ժպտալով հարցրեց աղջիկս:
– Բարկանալուց օգուտ չկա,- ժպտալով ասացի ես:
– Էլ չեմ կորցնի,- ասաց աղջիկս եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց.- մի անգամ էլ երեւի մենք կգտնենք՝ հիսուն կամ նույնիսկ հարյուր դոլար:
– Հա,- ժպտալով ասացի ես:
– Դու կյանքում էդքան մեծ բան գտած կա՞ս, հայրիկ,- հարցրեց աղջիկս:
– Հա,- ասացի ես.- մի անգամ գտել եմ:
– Ինչքա՞ն էր:
– Շա՜տ էր:
– Ինչքա՞ն շատ:
– Թվով չեմ կարա ասեմ, բայց շա՜տ-շա՜տ էր:
– Չհաշվեցի՞ր,- զարմացած հարցրեց աղջիկս:
– Էնքան շատ էր, որ չկարեցա հաշվեմ,- ժպտալով ասացի ես:
– Շատ էի՞ր ուրախացել,- հարցրեց աղջիկս:
– Չեմ հիշում,- մի քիչ մտածելուց հետո ասացի ես եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի.- մոռացել եմ:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել