Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԻԿ ՍԻՐԵԼԸ ՄՇԱԿՈՒՅԹ Է

Հուլիս 19,2011 00:00

\"\"Անցած տարվա հուլիսի 20-ին «Ծաղկի տոնը առանց ծաղիկների» հրապարակմամբ անդրադառնալով Վանաձորում ավանդաբար կազմակերպվող ծաղկի տոնին՝ ցավալի իրողություն էինք արձանագրել. Վանաձորում պակասել են ոչ միայն ծառ ու ծաղիկը, այլ նաեւ բնության նկատմամբ հոգատարությունը: Այս տարի վիճակը քիչ այլ է:
Հուլիսի 17-ին նշված Ծաղկի տոնը ծաղկի սրահների համար հետաքրքրություն չէր առաջացրել, չնայած նախապես հրավիրվել էին: Մասնակցում էին ծաղկաբույծները, ծաղկասեր բակերը, համատիրությունները, նախակրթարանները, դպրոցներն ու ձեռնարկությունները, առիթից օգտվելով փոխանակվում են սերմերով ու ճյուղերով:
Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի վարիչ Գագիկ Աղաբաբյանը նշում է, որ համայնքն ամեն ինչ անում է, որպեսզի ծաղկազարդ ու գեղեցիկ քաղաք ունենանք, բայց հարկ է, որ քաղաքացիներն իրենց հերթին  եղածը պահպանեն եւ ավելացնեն: «Տոնը ուսուցողական բնույթ ունի, եւ նպատակ ունենք նմանատիպ տոների միջոցով արթնացնել սերը դեպի բնությունն ու ծաղիկը, ծառը: Ծաղիկ սիրելը մշակույթ է»,- համոզված է Գագիկ Աղաբաբյանը:
Այս տարի տոնին ելույթ ունեցան Վանաձորի մշակութային օջախների բոլոր գեղարվեստական խմբերը, մանկապարտեզների՝ ծաղկազարդ զգեստներով սաները: Քաղաքապետարանում ուրախությամբ արձանագրեցին, որ իրենց բակում ու այգում ծաղկանոց ունեցող քաղաքացիների ու բակերի թիվն ավելացել է: «Պետք է հաշտ ապրել ու ներդաշնակ լինել բնության հետ, փոքրիկներն էլ յուրօրինակ նուրբ ծաղիկներ են».- տոնին մասնակից վանաձորցիների կարծիքն է: Քաղաքապետարանի կրթության ու մշակույթի բաժնի վարիչը վստահ է, որ առանց գեղարվեստական ելույթների տոնը հետաքրքիր չի լինի. «Բայց էնպես չէ, որ տաշի-տուշի արեցինք-գնացինք: Երեխան, որ դժվարություն կրելով կավիճով ծաղիկ է նկարում, չի թողնի, որ տրորեն, հետագայում նա բնական ծաղկի հանդեպ էլ նույն սրտացավությունը կունենա, ավելի գեղեցիկ քաղաք կունենանք»:
Ամեն տարի տոնը կազմակերպվում էր Վանաձորի Սայաթ-Նովայի անվան այգում: Այս տարի այգին այնքան էլ բարեկարգ չէր, ու տոնը տեղափոխվել էր ծայրամասային թաղամասեր, որպեսզի ավելի շատ վանաձորցի մասնակից դառնա տոնին: Իսկ Սայաթ-Նովայի անվան այգում ազատ արածում էին լուսանկարում պատկերված այծերը: Քաղաքի կենտրոնում էլ ժամանակ առ  ժամանակ կարելի է տեսնել արածող կովերի: Սա՝ պարբերաբար, իսկ Ծաղկի տոնը տարին միայն մեկ անգամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031