Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԻՇՏ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼԸ, ԱՅԼ ՆԱԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Հուլիս 30,2011 00:00

\"\"ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը անհասկանալի է համարում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ասածներին ՀՀ նախագահի չարձագանքելը:

Հուլիսի 23-ին Ծաղկաձորում Արարատի մարզից մի դպրոցականի հարցին, թե մեզ սպասվո՞ւմ է ապագա, «որը մեզ կվերադարձնի Արեւմտյան Հայաստանը՝ Արարատով հանդերձ», ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը՝ «Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը՝ Ղարաբաղը, պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել», Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվանել էր «մեծ սխալ», որն անհրաժեշտ է ուղղել ու «ներողություն խնդրել»: Թուրքագետները սա բացատրեցին այսպես, թե ՀՀ նախագահի խոսքերը աղավաղված էին ներկայացվել՝ «Ղարաբաղը մենք վերցրեցինք, իսկ Արարատ լեռան վերցնելը թողնում ենք Ձեզ», կամ այն հանգամանքով, որ Էրդողանն այդ հայտարարությունն արել էր Ադրբեջանում: ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանն «Առավոտի» հարցին, թե իր կարծիքով՝ վերոնշյա՞լ, թե՞ այլ գործոններ դեր խաղացին նման սուր արձագանքի համար՝ պատասխանեց. «Սուր արձագանքի պատճառը պարզապես մեկ մեղք եւս Հայաստանի վզին փաթաթելու ճիգն էր Թուրքիայի կողմից: Ճիշտ է, որ Էրդողանը Բաքվում էր, բայց Թուրքիայի ԱԳՆ-ն էլ Բաքվում չէր, Եվրամիության հետ կապերի նախարարն էլ Բաքվում չէր, ոչ էլ Թուրքիայի փոխվարչապետը Բյուլենթ Արընչը»: Վերջինս երեկ հայտարարել է. «Թուրքիան հզոր պետություն է, ոչ ոք չի կարող Թուրքիային թարս նայել՝ ո՛չ մեր սարին, ո՛չ դաշտերին, ո՛չ մեր ջրերին: Ալլահի կամքով մենք այդ հողերի տերն ենք: Տեսեք, Հայաստանը տնտեսական դժվարությունների մեջ է, ժամանակին էլ, երբ սոված էին մնացել, Թուրքիայից ցորեն էինք ուղարկել: Խելքները թող գլուխները հավաքեն ու ընդհանրապես հեռու մնան Աղրը դաղի մասին խոսելու մտքից»:

Կիրո Մանոյանի համոզմամբ՝ նման հայտարարություններն «իրենց կողմից ճիգ է, ինչպես եղավ նաեւ Հայաստանի ՍԴ որոշումից հետո, ստեղծելու մթնոլորտ, թե մեր երկիրն է պատճառը, որ Հայաստան-Թուրքիա բանակցություններից հետո չկա ոչ մի առաջընթաց: Մանավանդ որ՝ Հիլարի Քլինթոնը վերջերս հիշեցրել էր, թե գնդակը թուրքերի դաշտում է: Եվ ուրեմն՝ իրենք առիթ են փնտրում, որ փորձեն ցույց տալ, թե մե՛նք ենք խոչընդոտողը»:

Կան նաեւ այլ կարծիքներ, թե Թուրքիայի նպատակը Հայաստանից հերթական հավաստիացումներ պոկելն է, որ Թուրքիայից որեւէ պահանջ չունի, եւ նրանք միշտ ունեն մտավախություն, որ հայերը վաղ թե ուշ կփորձեն լուծել Արեւմտյան Հայաստանի խնդիրը: Սակայն ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչը ոչ այնքան հիմնավոր համարեց նման տեսակետները. «Կարող է ինչ-որ տեղ իրենց մտքում դա ունենան, բայց չեմ կարծում, թե հիմնականը դա է, քանի որ իրենք այդ առնչությամբ, «փառք Տիրոջը», ունեն ստորագրված արձանագրություններ»:

Մեր հարցին, թե իր կարծիքով՝ ո՞րն էր պատճառը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ արձագանք տալով Էրդողանի հետ նույն ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտահայտություններին՝ առայժմ այդպես էլ չի անդրադարձել Թուրքիայից հնչող երբեմն անգամ անձնական վիրավորանքներ պարունակող հայտարարություններին՝ Կիրո Մանոյանը պատասխանեց. «Իսկապես անհասկանալի է, որ ՀՀ նախագահն ինքը ոչ մի բան չասաց: Ճիշտ է, փոխարտգործնախարարներից մեկն այդ առնչությամբ հայտարարություն արեց, ՀՀԿ-ի խոսնակը եւս ինչ-որ բաներ ասաց այդ մասին: Բայց կարծում եմ՝ ճիշտ կլիներ Ալիեւի ասածին արձագանքելու պահին նաեւ արձագանքել Թուրքիայի վարչապետի կատարած հայտարարությանը: Չեմ կարծում, որ մեր նախագահի կողմից չպատասխանելն անտեսելու փորձ էր: Հավանաբար դրա մեկնաբանությունը պետք է գտնել փոխարտգործնախարարի, ես կասեի, ոչ համարժեք պատասխանի մեջ»: Հիշեցնենք, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասել էր. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թուրքերն ուղղակի չեն կարդացել հարցի ամբողջական պատասխանը կամ պարզապես միահամուռ ասում են այն, ինչ ուզում են ասել՝ կառչելով խոսքի հատվածներից»:

ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցչի համոզմամբ՝ այս ամենը «եւս մեկ առիթ է, որպեսզի ՀՀ նախագահն ասեր, թե Թուրքիայի նման արձագանքները պարզապես ցույց են տալիս, որ նրանց հետ բանակցություններն իրենց կողմից անկեղծ չեն եղել, եւ արձանագրություններն այսքան ժամանակ ստորագրված, բայց չվավերացված մնալով՝ մենք պարզապես խրախուսել ենք Թուրքիային, որ ունենա նման պահվածք, դրա համար էլ ստորագրությունը հետ ենք վերցնում: Դա ասելու ճիշտ ժամանակն էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել