Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄՊՈԶԻՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Հուլիս 30,2011 00:00

Քանդակագործ Վիգեն Ավետիսը առաջին անգամ Շուշին տեսել է 1992 թվականին, երբ «պատառոտված էր ու հազիվ էր լսվում նրա սրտի աշխատանքը»: Ազատագրական պայքարին մասնակցելու համար Արցախ եկած քանդակագործին Շուշիում որեւէ գործ սկսելու առաջարկ արվել է դեռեւս 1992-ին, բայց, իր իսկ խոսքով, այդ ժամանակ Շուշիում ձեռնարկել ինչ-որ բան՝ անհնար էր, չնայած ցանկությունը մեծ էր: Եվ հիմա՝ արդեն 19 տարի հետո, ցանկությունը դարձավ իրականություն: Արդեն շուրջ 12 տարի Ֆլորենցիայում ապրող ու ստեղծագործող քանդակագործի նախաձեռնությամբ վերածնվող Շուշիում հուլիսի 15-ից մեկնարկել էր «Հակոբ Գյուրջյան» քանդակագործների միջազգային սիմպոզիումը: Անդրանիկ հավաքին մասնակցեցին 22 պրոֆեսորներ, քանդակագործներ ու նկարիչներ՝ Իտալիայի գեղարվեստի տարբեր ակադեմիաներից, քանդակագործներ Հայաստանից ու Արցախից: Սիմպոզիումի շրջանակներում անցկացվեցին դասախոսություններ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ: Որքան էլ զարմանալի լինի՝ առաջին անգամ Արցախում գտնվող եւ նրա պատմությանը դեռեւս ոչ լավ ծանոթ իտալացիների գործերի մեծ մասը կապված էր կոնկրետ Արցախի, նրա պատմության ու խոստումնալից ապագայի հետ: Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի դոցենտ Լուչիանո Պրետտին, ով նախքան Արցախ գալը ոչինչ չգիտեր նրա անցած ճանապարհի մասին, հասցրեց կարճ ժամանակում ոչ միայն տեղեկանալ, ճանաչել, այլեւ, իր իսկ խոսքերով, կապվել Արցախի հետ, եւ մի քանդակի մեջ, որը վերնագրել է «Պատմություն. ավանդույթներ. ոգի», ամփոփել է Արցախի պատմությունը: Այլ կերպ է ծնվել Անտոնիո Րիցոյի քանդակը: Քարերը, որոնց պետք է շունչ տային արվեստագետները, նախօրոք բերվել էին Շուշիի «Նարեկացի» արվեստի միության բակ, եւ Րիցոն ասում է. «Երբ եկանք այստեղ՝ համարյա մութ էր, սակայն մթության մեջ լույս էր արձակում մի անկյունում ընկած այս քարը, եւ ես զգացի, որ սա թեկուզ անկյունում է, այնուամենայնիվ, կենտրոնականն է, եւ հենց սրան պիտի շունչ տամ»: Արցախի մասին համացանցով թեթեւակի տեղեկացած քանդակագործին Շուշիի մասին պատմել են շուշեցիները, ու դրանից հետո ավելի է համոզվել, որ ճիշտ է ընտրված քարը, որը բնականից ուներ բազմաթիվ անցքեր՝ «վերքեր»: Սիմպոզիումը կդառնա ամենամյա, իսկ այս՝ անդրանիկ հավաքի արդյունքները կամփոփվեն եռալեզու՝ հայերեն, իտալերեն եւ անգլերեն կատալոգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել