Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գիզիրյանին պատրաստվում են դատի՞ տալ

Օգոստոս 31,2011 00:00

Գյումրիի թիվ 28 դպրոցի նախկին տնօրենին պաշտոնանկ են արել հեռախոսազանգով

Ութ տարի շարունակ այդ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Համլետ Ավետիսյանը երեկ ասուլիս էր հրավիրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում՝ վիրավորված պնդելով, որ իրեն աշխատանքից ազատել են անօրինական՝ առանց նախապես զգուշացնելու եւ համապատասխան ծանուցագիր ուղարկելու: Նախկին տնօրենն իր ազատման մասին լսել է հեռախոսազանգով, ընդ որում՝ մարզպետի հրամանից 5 օր անց՝ օգոստոսի 16-ին, երբ մարզպետարանի կրթության վարչությունից աշխատանքային օրվա ավարտին զանգել ու հանձնարարել են հավաքել կոլեկտիվին: Նա իր հետ մի շարք փաստաթղթեր էր բերել՝ փորձելով հիմնավորել մարզպետ Աշոտ Գիզիրյանի անօրինական քայլն իր հանդեպ: Ըստ Հ. Ավետիսյանի, իր 65-ամյակը լրանալու է 2011թ. նոյեմբերին, սակայն Կրթության վարչությունն իրեն ժամանակից շուտ կենսաթոշակի է ճանապարհել՝ չհամբերելով մի քանի ամիս: Նրա խոսքերով, Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի 2009թ. նոյեմբերի 4-ի որոշմամբ, ինքը թիվ 28 պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնակատարի աթոռը իրավունք ունի զբաղեցնել մինչեւ մրցութային կարգով գործադիր տնօրենի նշանակումը: Այս պահին դպրոցը դեռեւս մրցույթով հաղթած տնօրեն չունի, պարզապես նախկին պաշտոնակատարին փոխարինել են նորով, այժմ Հ. Ավետիսյանի աթոռը զբաղեցնում է իր տեղակալներից մեկը՝ Մարիամ Առաքելյանը: Բացի այդ, ըստ նախկին տնօրենի, Կրթության մասին օրենքի 38 կետի համաձայն, ինքը մինչեւ 2011 դեկտեմբերի 31-ն իրավունք ունի պաշտոնավարելու: «Եթե մարդը 5-10 տարի աշխատում է, ուրեմն նրան 42 օր առաջ պետք է ուղարկեն ծանուցագիր, սակայն ինձ ծանուցագիր չի տրվել, ազատել են օրենքի խախտմամբ, որը կատարվել է կառավարության որոշման հիման վրա, իմ աշխատանքային գրքույկում ձեւակերպել են՝ դադարեցնել թիվ 28 հիմնական դպրոցի ՊՈԱԿ-ի պաշտոնակատար Հ. Ավետիսյանի լիազորությունները, այսինքն՝ հիմք է ընդունվել կառավարության որոշման այն կետը, որտեղ ասվում է՝ օգոստոսի 1-ից դադարեցնել այն մարդկանց լիազորությունները, որոնք չեն հաղթել, հավաստագիր չեն ստացել, բայց ես չեմ մասնակցել դպրոցի տնօրենի ատեստավորմանը, որ հավաստագիր ստանամ: Ես կենսաթոշակի եմ գնալու ու չեմ կարող մասնակցել: Եթե այս օրենքը ինձ համար օրինական, է, ապա ինձ նման շատերը կան, ես չեմ ուզում անունները տալ, բայց թող նրանց համար էլ օրինական լինի»,- մեկնաբանում է նախկին տնօրենը: Ըստ նրա, ինքը բողոքող չէ, պարզապես պաշտպանում է իր իրավունքները: Համլետ Ավետիսյանի ասելով, այստեղ խնդիրը երկու ամիս շուտ կամ ուշ պաշտոնանկ լինելը չէ, պարզապես ինքը անչափ վիրավորված է նման վերաբերմունքից. ըստ նրա՝ եթե իրեն կանչեին ու խնդրեին դիմում տալ, ինքը չէր մերժի, պարզապես անընդունելի է ստաժավոր մանկավարժին նման կերպով կենսաթոշակի ուղարկելու ձեւը: Ըստ բանախոսի, գործատուն, տվյալ դեպքում՝ Շիրակի մարզպետը, անգամ հարկ չի համարել իրեն ընդունել իր կաբինետում ու լսել, նրան ընդունարանում խորհուրդ են տվել հերթագրվել մարզպետի մոտ մտնելու համար: Նախկին տնօրենը պարոն Գիզիրյանին «բռնացրել» է մարզպետարանի աստիճանների վրա, որից հետո մարզպետն աշխատակիցներին հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրել գործը: Նախկին տնօրենը դաշնակցական է, սակայն այս պատմությունը իր կուսակցական գործունեության հետ չի կապում, ըստ նրա՝ իր դպրոց ոտք դնողը միանգամից կհասկանա, որ շատերը կուզենային դառնալ այդ կառույցի ղեկավարը: Մենք Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հիմքով են ազատել տնօրենի պաշտոնակատարին: Մարզպետարանի պաշտոնյայի մեկնաբանմամբ, նրան ազատել են ՀՀ օրենսդրության տառին համապատասխան, եւ որոշման մեջ որեւէ իրավական խախտում չկա: Բանն այն է, որ Հ. Ավետիսյանը թիվ 28 դպրոցի պաշտոնակատար է աշխատել առանց պայմանագրի. ընդ որում՝ 2-րդ անգամ է հրամանագրվել որպես պաշտոնակատար. նախորդ մարզպետի օրոք մի անգամ հրամանագրվել է մի տարի ժամկետով, 2-րդ անգամ՝ անժամկետ ու առանց աշխատանքային պայմանագրի: «Իսկ սա մեր երկրի Աշխատանքային օրենսգրքով իրավունք է վերապահում գործատուին նախաձեռնությամբ ազատել զբաղեցրած պաշտոնից՝ առանց զգուշացման, սա զուտ իրավական հիմքն է: Եվ եթե իր պաշտոնավարմանը 2 ամիս է մնացել, ինչո՞ւ համար է այս աղմուկը, ես չեմ ուզում մեկնաբանություններ անել, թեեւ հավաստի տեղեկատվություն ունեմ պատճառների մասին: Նա քաջատեղյակ էր, որ չի շարունակելու աշխատանքը»,- ասաց Կրթության վարչության պետը:
Նշենք, որ Հ. Ավետիսյանը պատրաստվում է դատի տալ Շիրակի մարզպետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031