Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստացույցի զոհ են դառնում

Օգոստոս 31,2011 00:00

\"\"Մի քանի օր առաջ Սեւանում քարի վրայից ջուրը ցատկելիս ծանր վնասվածք է ստացել 10-ամյա Սերյոժա Իսոյանը:

Մեծ քարը շրջվել է երեխայի վրա, ինչի հետեւանքով անդամահատվել է Սերյոժայի աջ ձեռքը եւ ջարդվել գլուխը:
Երեխան շտապօգնությունով մոտ 5 ժամ հետո արյունաքամ վիճակում տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ հանրապետության այլ բուժհիմնարկներից հրավիրված բժիշկների մասնակցությամբ ենթարկվել է ծանր վիրահատության: Դեպքից օրեր անց Սերյոժային հանդիպեցինք նշյալ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրանից բացի՝ տասնյակ երեխաներ էլ էին պառկած: Մանուկներից շատերը ավտովթարների պատճառով տուժած երեխաներ էին: «Առավոտի» հետ զրույցում Սերյոժայի ծնողները պատմեցին, որ երեխան շատ ծանր վնասվածքներ էր ստացել եւ ինչ վիճակում, որ այսօր է, պարզապես «Աստծո հրաշք է»: Սերյոժան բնակվում է Գավառի Արծվաշեն թաղամասում: Դեպքի օրը նա ընտանիքի հետ հանգստանալու նպատակով գնացել էր Սեւանա լճի լողափ: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանի խոսքերով՝ առաջին անգամ իրենց բուժկենտրոնում կատարվել է մի շատ բարդ վիրահատություն, ինչը հնարավորություն է տվել փոքրիկ Սերյոժային չմնալ առանց ձեռքի: Փոքրիկին հիվանդանոց տեղափոխելուց անմիջապես հետո կենտրոն է հրավիրվել բժիշկների խումբ, որոնց թվում եղել է նաեւ միկրովիրաբուժության եւ պլաստիկ վիրաբուժության գլխավոր մասնագետ Արտավազդ Սահակյանը: Ըստ պարոն Դալլաքյանի, երեխայի ծայրանդամի ամբողջովին ամպուտացիայից հետո բժիշկներին հաջողվել է երեխայի ձեռքը վերականգնել. «Այս դեպքի առանձնահատկությունը նրանում է, որ տրավմայի արդյունքում երեխայի ձեռքը ուղղակի ջնջխվել էր: Բացի այդ, երեխան ուներ զուգակցված ծանր գանգուղեղային տրավմա: Ձեռքի հյուսվածքներն ամբողջովին վնասվել էին, մեր թիմը միասին կատարեց լրջագույն մի վիրահատություն: Արմունկի հոդը պահպանելով՝ կարվեցին բոլոր անոթները, զարկերակները եւ նյարդերը, որից հետո վերականգնվեց արյան շրջանառությունը: Սակայն ժամանակ է պետք, որ ձեռքը սկսի աշխատել»:
Պարոն Դալլաքյանը փաստեց, որ վերջին տարիներին ծանր տրավմաներով իրենց հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը 3 անգամ աճել է: Դեպքերը հիմնականում ավտովթարների, ծառից ու վերելակից ընկնելու հետեւանքով են լինում. «Արդեն մի քանի տարի է՝ նոր տրավմայի ձեւ է արձանագրվում. ծանր հեռուստացույցը տնային պայմաններում ընկնում է երեխայի վրա: Վերջերս մեր հիվանդանոց էին տեղափոխել 1 տարեկան 8 ամսական մի փոքրիկի, որը մոտ 15 օր շնչառական ապարատով էր ապրում եւ միայն վիրահատությունից հետո հաջողվեց վիճակը կայունացնել եւ այժմ վերականգնողական շրջան է անցնում: Երեխան լուրջ գանգուղեղային վնասվածք էր ստացել: Պետք է վարորդների եւ ծնողների շատ լուրջ ուշադրությունը հրավիրել, որպեսզի նրանք ուշադիր լինեն»:
Ըստ Ն. Դալլաքյանի, քանի որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը ողջ Հայաստանի մակարդակով մանկական անհետաձգելի ծառայության տրավմաների, պոլիտրավմաների բուժման միակ կենտրոնն է, այդ բոլոր ծանր դեպքերը տեղափոխվում են հենց այս բուժհիմնարկ. «Ամեն օր, հատկապես ամռանը, մեզ մոտ են ընդունվում ծայրահեղ ծանր զուգակցված տրավմաներով երեխաներ, եւ շատ հաճախ ազատ մահճակալ չենք ունենում»: Տնօրենի տվյալներով, տարեկան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվում ողջ հանրապետությունից 7000 երեխա. «Նրանցից 1500-ը ընդունվում է վերակենդանացման բաժին, այսինքն՝ 20-25 տոկոսը գալիս է ծայրահեղ ծանր վիճակում եւ կարիք ունի լուրջ բուժման, ինչով էլ պայմանավորված է մահացու դեպքերի բարձր տոկոսը»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել