Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը ոչ թե իրավական, այլ լրագրողական էթիկայի դաշտում է. Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը ՉԻ գործով

Հոկտեմբեր 31,2011 20:54

Տեղեկատվական վեճերի խորհուրդը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի 09.04.2011 թիվ 322 համարում եւ թերթի ինտերնետային կայքում հրապարակված «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հոդվածի վերաբերյալ ներկայացրել է իր փորձագիտական եզրակացությունը: Հիշեցնենք, որ Ազգային պատկերասրահի տնօրենը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերությանը պատկանող «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին հերքել իր հեղինակությունն արատավորող տեղեկությունները, հօգուտ հայցվորի ՍՊԸ-ից  բռնագանձել 3.000.000 դրամ որպես փոխհատուցում վիրավորանքի և զրպարտության հետևանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի դիմաց և 360.000 դրամ՝ որպես փոխհատուցում իր կողմից կատարված դատական ծախսերի դիմաց: Դատարանն այս գործով դեռեւս վճիռ չի կայացրել։

Ըստ Խորհրդի վերլուծության, հրապարակման մեջ ներառված արտահայտությունների մի մասը գնահատական-դատողություններ են եւ լրագրողի արտահայտած կարծիք, ինչը, որպես այդպիսին, պաշտպանված է ՄԻԵԴ 10-րդ հոդվածով։ Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունն այն է, որ այդ արտահայտությունները հրապարակելիս լրագրողն օգտվել է երգիծանքի ոճով ստեղծագործելու իր իրավունքից, ինչը եւս պաշտպանված է ՄԻԵԴ 10-րդ հոդվածով։ Նշվում է նաեւ, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն տեղեկությունները, այլեւ դրանց մատուցման ոճը և եղանակը, իսկ վիճարկվող արտահայտությունների մնացած մասը զուրկ չէ փաստական հիմքերից։ Խորհուրդը գտել է, որ սույն գործը լուծելիս նպատակահարմար է կիրառել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական պաշտպանության  բարձր չափանիշ, այն է, որ յուրաքանչյուր դեպքում լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի միջամտության անհրաժեշտության հարցը պետք է գնահատվի ելնելով այն սկզբունքից, թե արդյոք միջամտության համար առկա է հասարակական  սուր պահանջ և թե արդյոք նման միջամտությունն «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»: «Նպատակահարմար է, որպեսզի դատարանը տվյալ վեճը դիտի ոչ միայն մրցակցող անհատական շահերի, այլ նաև հանրային շահի տեսանկունից: Այսպիսով, որոշումը կայացնելիս դատարանը կարող է դուրս գալ մրցակցող կողմերի նեղ անձնական շահերի շրջանակներից  և կայացնել այնպիսի որոշում, որը կարող է բարենպաստ հետևանք առաջացնել ողջ հանրության համար»,- նշված է վերլուծության մեջ:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ վիճարկվող խնդիրը ոչ այնքան իրավական, որքան լրագրողական էթիկայի դաշտում է։ «Ողջամիտ եւ արդյունավետ  կլիներ, եթե հայցվորը հարցի քննությունը հանձներ ոչ թե դատարանին, այլեւ արտադատական մարմիններին՝ մասնավորապես, Էթիկայի դիտորդ մարմնին՝ վիճահարույց հոդվածը քննելու եւ գնահատական տալու համար»,- նշված է Խորհրդի եզրակացության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31