Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են

Նոյեմբեր 08,2011 00:00

Խոստանում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը

«Ես համոզված կարող եմ ասել եւ երաշխիք տալ, որ առաջիկա ընտրություններում եւս Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են: Ցանկացած մարդ, եթե տիրապետում է օրենքին եւ պատասխանատվություն ունի մեր երկրի ապագայի եւ առաջընթացի համար, պետք է ընտրակեղծիքների չգնա: Ես, որպես մարզպետ, մեր տարածքում կարող եմ դա երաշխավորել»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Դիտարկմանը, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Կոտայքի մարզում ընդդիմության ներկայացուցիչները ընտրախախտումների մասին բազմաթիվ բողոքներ էին ներկայացրել, մարզպետն ընդդիմադիրներին խորհուրդ տվեց մի քիչ ավելի իրատեսական լինել եւ իրերն իրենց անուններով կոչել. «Անցած ընտրությունների ժամանակ մարզի 157 տեղամասերից միայն 23-ում են, այսպես ասած, ընտրակեղծիքների մասին բողոքներ եղել, որոնք էլ չհաստատվեցին: Ընդդիմության ներկայացուցիչները վերահաշվարկին մասնակցել են, լավ գիտեն»: Մեկ այլ դիտարկմանը, որ օրենքները Հայաստանում երբեք էլ չեն գործել, պարոն Շահգալդյանը հակադարձեց. «Օրենքները պետք է գործողության մեջ դրվեն ժողովրդի կողմից: Երբ մենք՝ քաղաքացիներս, փողոցն անցնում ենք կարմիր լույսի տակ, իշխանությունն ի՞նչ անի դրա համար»: «Առավոտի» հարցին էլ՝ ինչո՞ւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները այդքան խիստ ընդգծված բացասական վերաբերմունք ունեն իր նկատմամբ, մարզպետը պատասխանեց. «Որովհետեւ ես էլ ընդդիմության շատ ներկայացուցիչների նկատմամբ ունեմ ընդգծված բացասական վերաբերմունք»: Պարոն Շահգալդյանը պարզաբանեց նաեւ, որ խնդիրն անձնական հարթությունում չէ, այլ՝ «նրանց կողմից վարած տնտեսական քաղաքականությանն է վերաբերվում»: Մեր զրուցակցի համոզմամբ՝ «Եթե ՀՀՇ-ն հիմնահատակ չավիրեր Հայաստանի տնտեսությունը, որը սովետական երկրի տնտեսության մեջ բավականին կայացած տնտեսություն էր՝ առաջնակարգ տեխնոլոգիաներով, մեր ժողովուրդը չէր հայտնվի այս վիճակում, սոցիալական լարվածությունն այսչափ չէր լինի: Ես ազատական տնտեսության կողմնակից եմ, ԽՍՀՄ տարիներին նույնիսկ ինքս շուկայական տնտեսությանը նախապատվություն տվող մասնագետներից էի. մրցունակ տնտեսություն եւ տեխնոլոգիաներ եւ ժողովրդին չզրկել աշխատանքի իրավունքից: Իսկ Հայաստանի անկախության տարիների առաջին իշխանությունները գնացին հիմնահատակ քանդելու ճանապարհով. ինչը խորհրդային է՝ ընդունելի չէ տրամաբանությամբ: Քանդեցին, հիմա էդ անապատից նոր-նոր սկսում ենք տնտեսություն ձեւավորել: Քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը, մեր երկիրն այսօր հնարավորություն չունի մի քանի տարում բոլորին աշխատանքով ապահովելու: Ժամանակակից տեխնոլոգիաներ, մրցունակ արտադրանք՝ դրանք լուրջ խնդիրներ են ամբողջ աշխարհում, առավելապես Հայաստանում՝ շրջափակման պայմաններում: Այն ժամանակ էլ ես դեմ էի գործադուլներին, տնտեսությունը քայքայելու գործընթացին: Վերջը մարդիկ հասկացան, չէ՞, որ այն ժամանակ բաներ արվեցին, որոնք պիտի չարվեին: Ժողովուրդը անկախացման պահանջ էր դրել, որը պետք է կատարվեր, Հայաստանը պետք է դառնար անկախ երկիր, բայց դա չէր նշանակում ամեն ինչ հիմնահատակ քանդել ու ավերակների վրա փորձել մի բան կառուցել»: «Առավոտի» դիտարկմանն էլ, թե նախորդ իշխանության մեղքերը վկայակոչելով՝ ներկայիս իշխանությունների բացթողումները չի կարելի արդարացնել, մեր զրուցակիցը նկատեց. «Հայաստանը կիսաեվրոպական, կիսաասիական երկիր է: Մեզանում ասիական մտածելակերպը, հոգեբանությունը գերիշխում է: Սովետական երկրից գալ անկախ պետության՝ բնականաբար, բարդություններ լինելու էին: ԽՍՀՄ-ում սեփականություն չկար՝ ինչպե՞ս պետք է կապիտալ ձեւավորվեր. Ֆորդի օրինակը բոլորիս է հայտնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930