Առաջին նախագահի մտերիմ լրագրողների եւ նրանով հիացածների շարքերում ես չկամ: Չեմ էլ եղել: Այն տարիներին, երբ իշխանություն էին առաջինները, ես մեր ցուրտ եւ մութ տանը իմ երեք երեխաներին էի մեծացնում եւ սովորում էի փայտի վառարան վառելու կանոնները: Աշխատանք չկար, փող չկար, հետո՝ չեղած փողն էլ փոխվեց:Որպես երեք երեխա ունեցող ընտանիք մեզ բաժին էր հասնում չոր կաթի փոշի՝ սեւ ու սպիտակ կովիկի նկարով բանկաների մեջ, մեկ ու քառորդ չափի մատնաքաշ, եւ նավթ: Սա էր անկախությունից հետո մեր բաժինը: Հոգեւորի մասին չեմ խոսում եւ թող ոչ մեկը չփորձի ճոռոմ-ճոռոմ բաներ ասել եւ խրատել, թե էս ի՞նչ ես ասում: Էդ մենք էլ կարող ենք անել, բայց հիմա դրա մասին չէ, որ գրում եմ:
Երբ <Պիոներ կանչում> էի աշխատում, մեր խմբագրություն հաճախ էր այցելում Համբարձում Գալստյանը, բերում էր իր նկարած սեւ-սպիտակ լուսանկարները, ես այդ նկարների համար մակարգություններ էի գրում, որի համար եւ ես եւ Համբարձումը հոնորար էինք ստանում:Իսկ երբ Համբարձումին սպանեցին, ձյուն էր գալիս, եւ ամբողջ Դավթաշեն էր դուրս թափվել Երեւանի քաղաքապետին հրաժեշտ տալու եւ մարդիկ սրտանց լաց էին լինում:
Եթե ճիշտ եմ հիշում՝ 90-91-ին, այժմյան Ամերիկյան համալսարանի շենքում պետք է տեղի ունենար ՀՀՇ երկրորդ համաժողովը: Գնացի լուսաբանելու: Այդտեղ առաջին անգամ ծանոթացա Հակոբ Ավետիքյանի հետ, ով նոր-նոր էր եկել Հայաստան եւ մեզ՝ հայաստանցի լրագրողներիս բացատրում էր, թե ինչն է մեզ պակասում լավ թերթ անելու համար: Դեռ համագումարը չէր սկսվել եւ բեմի վրա ինչ-որ մարդիկ էին շրջում, նրանց մեջ առաջինն աչքի էր զարնում կաթնագույն սվիտերով, վիզը մինչեւ ականջները փակ, վզին ինչ-որ սարք հարմարեցրած, բարձրահասակ եւ ինքնագոհ մի մարդ: Տեր-Պետրոսյանն էր: Ջահել էր, ինքնահավան, բոլոր բարձրահասակների պես: Այդպես տեսա նրան եւ այլեւս մենք չհանդիպեցինք: Ես երբեք նրանից հարցազրույց չեմ վերցրել, քաղաքական թեմաների շուրջ չեմ զրուցել, հետը ծիրան չեմ կերել եւ երբեք նաեւ այսօր, չեմ եղել առաջին նախագահի մերձավոր շրջապատում:
Սակայն, առաջին տպավորությունս այդպես էլ մնաց , չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ առաջին նախագահը կրկին դարձավ հասանելի:
Արդեն 2000-ին, եւ ինչպես այսօր, անկախության տոնը նշվում էր առանձին-առանձին՝ իշխանությունն իր համար, ՀՀՇ-ն ՝ իր: ՀՀՇ-ն դեռ ուներ Խանջյան 27-ը, եւ ես՝ որպես <Ազատություն> ռադիոկայանի աշխատակից գնացի այդ միջոցառումը լուսաբանելու: Ասեղ գցելու տեղ չկար, բոլորը սպասողական վիճակում էին, չէին ուտում-խմում, սպասում էին <Շեֆին>: Տեր-Պետրոսյանը եկավ նույն ինքնագոհ պահվածքով, դանդաղ, արժանապատիվ, մեզ՝ հասարակ մահկանացուներս անգամ իր հայացքին չարժանացրեց: Անմիջապես նրան շրջապատեցին դեմքեր, որոնց մի մասն այսօր էլի նրա կողքին են, բայց եւ շատերը բոլորվին այլ տեղերում են: Շրջապատեցին նաեւ ընտրյալ լրագրողներ: Միջոցառումը պարզապես տապալվեց, քանի որ Անկախության տոնը դարձավ <Շեֆի> բաժակին խփելու եւ հումորի երեկո:
Եվ այն ժամանակ եւ դրանից հետո ցանկություն չունեցա մոտենալ եւ հարց տալ: Հասկանում էի, որ որպես լրագրող ճիշտ չեմ աշխատում, որ ինչ-որ սուբյեկտիվիզմ կա, որ պետք է մոտենալ, աշխատել: Բայց՝ այդպես էլ չարեցի այդ բանը: Լինում է չէ՞, երբ ասում են՝ <Մաստը չի բռնում>, մեր պարագայում երեւի այդպես էլ կա: Ի վերջո, արդեն 2007-ի սեպտեմբերի 21-ին, <Արմենիա-Մարիոթ> -ում կրկին ասեղ գցելու տեղ չկար: Գալու էր <հիմնադիրը>: Որոշեցի, որ այս անգամ ամեն ինչ դնելու եմ մի կողմ եւ մոտենամ: Մոտեցա, բայց՝ կարողացա՞, իհարկե՝ ոչ:Առաջինի թինկապահներն այնպես հրմշտեցին, այնպես բոթբոթեցին, իսկ ինքը՝ <հիմնադիրը> առանց ձայն հանելու կամաց-կամաց հեռացավ, խույս տվեց եւ ի վերջո հասավ մի տեղ, որտեղից այն կողմ էլ փախչելու տեղ չկար, այդտեղ էր, որ ասացի ՝ինչու են Ձեր թիկնապահները այդքան կոպիտ, իսկ Դուք ինչո՞ւ եք հեռանում, կանգնեք, հարց ենք ուզում տալ: Ինձ հետ էլի լրագրողներ կային: Բայց համընդհանուր աղմուկի եւ խրախճանքի մեջ ձայնս իհարկե, չլսվեց:
Հետո եղան հանրահավաքներ, եղան երգի ու պարի <միջոցառումներ>, եւ ամեն անգամ երբ տեսնում եմ Ազատության հրապարակում թեւերը աջ ու ձախ թափահարող առաջին նախագահին, տխրում եմ, շատ եմ տխրում:
Ես արդեն հարցեր չունեմ, ցավոք, այս դեպքում կան պատասխաններ:
Նախորդ նյութերը
- Բլոգ: Միջբուհական բանավեճ-մրցույթում պարտվողը հայերենն է - Փետրվար 22, 2012
- Որքան դժվար է իրար լսելը - Փետրվար 18, 2012
- Տեղ-տեղ կուսակցական բարություն - Փետրվար 17, 2012
- <Դու ունես խոզի պոչ, քո ականջներն էլ խոզի ականջների նման են> - Փետրվար 17, 2012
- Եւ չվախենալով, որ անարեւ կմնանք, շպրտեցի մի կողմ - Փետրվար 13, 2012
Հեղինակի 5 վերջին հրապարակումները
- Իսկ ընտրողները կարդո՞ւմ են ծրագրերը - Փետրվար 22, 2012
- «Միշտ էլ ԵԿՄ-ն եղել է երկրի նախագահի կողքին» - Փետրվար 21, 2012
- «Երկրապահը» մեզ հետ է - Փետրվար 21, 2012
- Ձգտում ենք լիակատար ժողովրդավարության - Փետրվար 18, 2012
- «Եթե ներքեւում սրբեր են, ապա կընտրեն սրբերին» - Փետրվար 18, 2012
Նման նյութեր
1,904 դիտում


25 մեկնաբանություններ
Դւք հիշեցիք Հ. Գալստյանին, ես մի դեպք հիշեցի։ Նրա սպանւթյան օրը մեզ՝ ներքին զորքերի ծառայողներին տագնապով հանեցին և խւմբ-խւմբ տեղակայեցին Երևանով մեկ։ Ես հայտնվեցի կինո Նաիրիի մոտ՝ ստւգւմ էինք մեքենաները։ Ձյւն էր գալիս և ցւրտ էր։ Հերթական մեքենան կանգնեցրի, պարզվեց “հիմնադրի” անվտանգւթյան աշխատակից էր։ Նա ասաց, թե նախագահականւմ խորհրդակցւթյւնից է գալիս և ասաց, որ ԼՏՊ ն կարգադրել է 3 օրւմ բացահայտել սպանւթյւնը։ Թե ինչ դարձավ 3 օրը ինքներդ գիտեք։ “Հիմնադրին” մոտիկից հանդիպեցինք նախագահականի հետնամասի այգւմ՝ խաղողի վազերի տակ, ւր նա եկավ մեր հետ ծխելւ և զրւցելւ։ Պարսպից այն կողմ ՀՅԴ ն միտինգ և նստացւյց էր անւմ։ Նա չէր կարողանւմ հեռանալ, որովհետև Բաղրամյանը փակ էր ։ Զրւցեց և կատակեց ւ հեռացավ շենքի ներսը։ Փառք Աստծո, կրակելւ և ջարդել փշրելւ հրաման չտվեց։ Ահա այսպիսի տխւր հիշողւթյւններ։
Շնորհակալ եմ:
Անկեղծ ու պարզ հոդված է, որի տակ շա~տ շատերը կստորագրեին, իրենց հավանությունը տալով:
David-ի մեկնաբանությունից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ նա տխուր է, որ կրակելու հրաման չտրվեց։
Համենայնդեպս իմ հիշողություն մեջ միայն մի «նախագահի» օրոք է ժողովրդի վրա կրակոց եղել։ Իսկ մյուսները, որ նման հրաման չէին տալիս, դա աստծու շնորհքը չէր։
ես 25 տարեկան եմ, լրագրող չեմ և Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ արդեն մի քանի անգամ անձամբ մոտեցել և բարևել է չիմանալով թե ով եմ ես…..
Ցավում եմ որ ձեր դեպքում դեպքերն այդպես են դասավորվել
Հատված “ԱՌԱՎՈՏ”-ի խմբագիր Արամ Աբրահամյանի պատասխանից այս նյութի վերաբերյալ
Ես
հասկանում եմ, որ այսօր կամ
վերջին ժամանակներս
առաջին նախագահին կարելի
է ընկալել նաեւ այդպես՝
մոտենալով զուտ էմոցիոնալ
տեսանկյունից: Բայց այդ
ընկալումը, թող ներվի ասել,
չափից դուրս սուբյեկտիվ է,
միակողմանի, քանի որ խոսք է
գնում պետական եւ
քաղաքական գործչի մասին:
http://www.aravot.am/2011/12/11/16583/
Դուք նկարագրել եք ԼՏՊ-ին սկսած իր նախագահությունից: Մինչ այդ նա ունեցել է ևս մի քանի կեցվածքներ: Մինչև 1988 թվականի հունիսի սկիզբը՝ անգոյություն: 1988-ի հունիսից մինչև 1988-ի աշուն՝ Ղարաբաղ կոմիտեի պասիվ, որևէ հարցի չխառնվող անդամ, որի միակ գործը նիստին մասնակցելն է եղել ու հարցնելը, թե միտինգին իր ելույթը որ համարն է լինելու: Այնուհետև մինչև 88 դեկտեմբերի 10-ի բանտարկվելը, երբ հասցրեց իր հռետարականով առաջնային դիրքեր գրավել ղարաբաղ կոմիտեում: 1989-ի մայիսի 31-ից, մոսկովյան բանտից վերադարձած և ոչ թե Ղարաբաղի հարցով, այլ նաիրիտ քանդող ԼՏՊ: Ու հետագա ԼՏՊ-ն արդեն քիչ թե շատ այն, որին ծանոթ եք:
Անցած տարիներին ԼՏՊ-ն և գործիք է եղել, և մարդատյաց, անհաղորդ նախագահ, և իր իսկ առաջ մղած ճիվաղի խամաճիկ, և ղարաբաղյան հարցի՝ միացումից – անկախացում նենգափոխողը:
Այդ մարդը երևի լավագույնն է եղել հայկական պարզ էության վրա մակաբուծելու հարցում և ամենավնասակարը իր իսկ երկրի ու ազգի հերն անիծելու հարցում:
Սա էլ, Ձեր թույլտվությամբ, իմ տեսածը.
«1994-ին համալսարանի գիտական խորհրդի նիստերից մեկում ելույթ ունեցավ ՀՀ Նախագահը։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, մարդիկ կանգնած էին նաև միջանցքներում՝ բաց դռներից հետևելով նիստի ընթացքին։ Իսկ ընթացքը բուռն էր՝ դասախոսները տեղից ձայն էին խնդրում, հարցեր տալիս, ելույթներ ունենում՝ շատ սուր, էմոցիոնալ, երբեմն նաև, ինչպես հաճախ պատահում է նման դեպքերում, քաղաքավարության սահմաններն անցնելով։ Նախագահը մասնակցում էր բանավեճին և ամենայն լրջությամբ պատասխանում բոլոր հարցերին, անգամ, ինչպես հաճախ պատահում է նման դեպքերում, ամենազավեշտական, հանգիստ և հարգալից արձագանքում անգամ ամենաորոտընդոստ ելույթներին։ Ավարտից հետո, նա՝ դասախոսների հետ միջանցքում էլ շարունակելով խոսել, մեկնեց։
2007-ին, խորհրդարանական ընտրություններին նախորդող մի օր, համալսարանի գիտական խորհրդի նիստերից մեկին ելույթ ունեցավ ՀՀ Նախագահը։ Դահլիճ կարելի էր մտնել միայն անձնագրերով, նախապես հաստատված ցուցակի համաձայն՝ անցնելով անվտանգության մի քանի գոտի։ Դահլիճում ազատ կարելի էր տեղավորվել, դռները պինդ փակ էին։ Ընթացքը հանդարտ էր՝ դասախոսները և ուսանողները նախապես պատրաստված հարցերով մոտենում էին խոսափողին և վերարտադրում էին դրանք։ Նախագահը չէր մասնակցում բանավեճին՝ վերջինիս ի սպառ բացակայության պատճառով։ Հարցերին պատասխանում էր տարօրինակ ժպիտով։ Ավարտից հետո համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ անցավ ետևի սենյակ, որտեղ, վերականգնված ավանդույթին համաձայն, արդեն հյուրասիրություն էր նախապատրաստված։
Դատեք ինքներդ»
Հարգելի Մարգարիտ, Դուք դաշնակցակա՞ն եք։ Կներեք, ես այդպիսի զգացողություն ունեցա Ձեր հոդվածը կարդալուց հետո։ Ասեմ, որ ես Տեր-Պետրոսյանի համակիրներիվ չեմ, երբեւէ նրա հետ չեմ շփվել։ Ձեր հոդվածը շատ-շատ սուբյեկտիվ էր, կներեք։
Ոչ, դաշնակցական չեմ, ընդհանրապես որեւէ կուսակցության չեմ անդամակցում, ես սովորական հայ մարդ եմ, ով բոլորիդ պես ապրել է պատերազմի եւ դժվարությունների մեջ, ցուրտ ու մութ տարիներին, /որը ես ավելի հակված եմ անվանել վերածնունդի տարիներ/, պահել է երեք երեխա, եւ սիրում է իր երկիրը: Իսկ առաջին , հիմնադիր /կամ՝ ինչպես կուզեք անվանեք/ նախագահի մասին գրառումս զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է, որի մասին նյութում մի քանի անգամ նշել եմ: Այդուհանդերձ., ուրախ եմ, որ այդ փոքրիկ եւ անկեղծ նյութն այսքան մեկնաբանությունների տեղիք տվեց: Ուրեմն, անհամեստ չհնչի՝ լավ եմ տեսել:
Մարգարիտ ջան, կորսետով Տեր-Պետրոսյանն առաջին համագումարում էր: Մնացածը՝ շատ մարդկային, շատ լավ տեքստ է, ինչպես և քո ամեն տեքստ:
Հրաչին` շնորհակալ եմ, հնարավոր է համագումարի թիվը սխալ հիշում:
Հրաչին` հնարավոր է համագումարները շփոթել եմ, շնորհակալ եմ:
Իմ կարծիքով,այդպիսի մեծ ,քաղաքական գոծչի մասին,նման օրինակ «ստեղծագործությունը»,Ձեզ ՝որպես իմ կոզմից հարգված գրողի,վայել չէ.որովհետեվ շատ նեղացծ տեսք եք ընդունել մի մարդուց,որը շատ ու շատ պրոբլեմներ է լուծել եվ լուծում,իմ ու Ձեզ համար: Եվ քավ լիցի, 21-րդ դարում ենք ապրում,աշխատեք արդեն մի փոքր օբյեկտիվ լինել:Բոլոր տրտնջացողների ցավը՝հենց սուբյեկտիվիզմն է: Խնդրում եմ ներել ինձ,եթե չափից ավելի կոշտ եմ եղել,ահա Ձեզ սուբյեկտիվության վառ օրինակ:
Կներեք
ՀՀ առաջին նախագահը, ինչպես ցանկացած մահկանացու, զերծ չի եղել եւ չէ մարդկային թերություններից: Ես չեմ կարծում, թե շատ հարգելի Մարգարիտ Եսայանը սուբյեկտիվ կարծիք է հայտնել: Այն որ Տեր-Պետրոսյանը մարդու, լիդերի “սառը” տեսակ է, հանրահայտ փաստ է: Այն որ նա իր թիկնազորին երբեք չի սանձել ոչ նախագահության տարիներին, ոչ ներկայումս, նույնպես հանրահայտ փաստ է: Իմ համար անհասկանալի է, թե ինչն է վրդովեցրել Տեր-Պետրոսյնաի կողմնակիցներին Մարգարիտ Եսայանի գրվածքում: Իմ հիշողության մեջ ամենաթարմը 2011թ.ի մարտի 1-ի հանրահավաքն է, երբ “Ժառանգությունը” Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ միացավ Մատենադարանի մոտ հրավիրված /մարտի 1-ի դեպքերի հիշատակի կապակցությամբ/ հանրահավաքին, եւ հարթակի ներքեւում կանգնած էինք ժողովորդի հետ միասին: Տեր-Պետրոսյանի ելույթի ընթացքում, երբ նա կարդում էր ՀԱԿ պահանաջագրի կետերը, բարձրությունից մարդ էր ընկել հարթակի ներքեւի հատվածում եւ արնաշաղախ պառկած էր: Ցուցարարներից ոմանք առաջին օգնություն էին ցուցաբերում, ոմանք էլ փորձում էին միջանցք բացել այն հատվածում /այդ մարդուն տեղափոխելու համար/, որտեղ մենք էինք կանգնած: Այդ ամենը արվում էր բավական աղմուկով եւ դժվար թե մի քանի մետր բարձրության վրա պահանջագրի 15 կետերը կարդացող Տեր-Պետրոսյանը չլսեր այդ իրարանցում-աղմուկը: Հատկապես, ովքեր որ ներկա են եղել այդ հանրահավաքին, կվկայեն, որ նա ամեն մի կետը կարդալիս նայում էր բազմությանը, քանի որ “քվեարկություն” էր կազմակերպվում եւ նա “հետեւում” էր “կողմ”-ին եւ “դեմ”-ին /թեպետ “դեմ”-եր չկային էլ/ կամ մարդկանց արձագանք-վանկարկումներին: Որքան էլ այդ մարդուն պառկեցրել էին հարթակի ներքեւում, մարդիկ շարունակում էին իրարանցումը` դրանով իսկ խանգարելով Տեր-Պետրոսյանի ելույթին, միեւնույնն է, նա բավականին ուշ դադարացերեց իր ելույթը /այդ ընթացքում բազում կետեր կարդաց/ եւ նոր միայն արձագանքեց պատահարին` հրավիրելով բուժանձնակազմին: Բայց անգամ դրանից հետո մարդկանց մոտ խուճապը չդադարեց եւ շարունակեցին իրենց աղմուկով խանգարել Տեր-Պետրոսյնաի ընդհատված ելույթի շարունակությունը, որին հետեւեց Տեր-Պետրոսյանի արձագանքը` “Լավ, լավ, տարան”: Այս միջադեպից անտեղյակները նկարագրվածը կարող են դիտել նրա ելույթում եւ կհամոզվեն դրանում: Իմ համար շատ անսովոր էր նման սառնասրտությունը, որովոհետեւ ես նման իրավիճակում այլ կերպ կպահեի ինձ կամ այլ կերպ եմ պատկերացնում լիդերի արձագանքը: Բայց չեմ քննադատում Տեր-Պետրոսյանին նման պահվաքի համար: Միգուցե ճիշտը դա է: Եւ Տեր-Պետրոսյանի պահվածքը միանգամայն օրինաչափ է իր` “սառը լիդերի” խառնվածքի շրջանակներում: Հանրահավաքի ավարտին, երբ պետք է երթով շարժվեինք դեպի Մյասնիկյանի արձանի մոտ եւ հայտարարվեց, որ առջեւից գնալու է Տեր-Պետրոսյանը, նա իր թիկնազորով հարթակից իջավ մարդկանց բազմության միջով: Իմ կողքը կանգնած էր “Ազատություն” ռադիոկայանի լրագրող Ռուզան Ստեփանյանը: Երբ թիկնազորը Տեր-Պետրոսյանի համար ճանապարհ էր բացում այդ հատվածում, եւ մի անպատկերացնելի հրմշտոցի տակ ընկանք նաեւ մենք: Ես միայն լսեցի Ռուզան Ստեփանյանի ճիչը, ով թիկնազորին ավելի մոտ տարածքում էր հայտնվել, քան ես: Չեմ կարծում, թե Տեր-Պետրոսյանը չէր նկատում, որ իր համար միջանցք բացելու համար թիկնապահները հրմշտում են մարդկանց: Դա ուղղակի մի ալեկոծություն էր բազմության մեջ, ինչը չնկատել հնարավոր չէր: Եւ եթե դա նորմալ է /եղել/ Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների համար եւ դա շարունակվում է, չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր քննադատում են Մարգարիտ Եսայանին նման մեկ այլ դրվագի մասին բարձրաձայնելու համար: Այլապես ստացվում է, որ օրը ցերեկով նման պահվածքը նորմալ է, բայց դրա մասին գրելը` աննորմալ:
Շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար, ուրախ եմ, որ անտարբեր չեք եւ aravot.am-ի էջերում ծավալվում է այսքան հետաքրքիր եւ անմիջական քննարկում: Առաջիկայում ես կգրեմ իմ տպավորությունները բոլոր հրապարակված եւ չհրապարակված մեկնաբանությունների մասին, իսկ առայժմ բավարարվենք միայն հետեւյալով՝ Լեւոն Տեր Պետրոսյանի հարգելի սիրողներ, համակիրներ, զինակիցներ, ընկերներ, առաջին նախագահի օրոք մեծ կամ փոքր պաշտոններ զբաղեցնողներ՝ հանգիստ եղեք, ոչ ոք իմ եւ ձեր երկրի անկախության առաջին տարիների առաջին նախագահին չի կախում կամ չի քարկոծում, ընդհամենը կարծիք է, դիտարկում, տպավորություն: Իսկ խոսքի ազատության մեր օրերում դա նորմալ պետք է ընդունվի, հակառակ դեպքում ես խիստ կասկածներ կունենամ մեր երկրում ազատ խոսքի հնարինության մասին, եթե հանկարծ դուք գաք իշխանության: Կարծում եմ, լայնախոհությունը լավ բան է:
Ես խորապես անտարբեր եմ ԼՏՊ-ի անձի նկատմամբ, բնականաբար, ինձ հետաքրքիր չեն նրա մասին հնչող կարցիքները: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, կարեոր է, թե ինչ է տեղի ունեցել երկրում նրա կառավարման օրոք: Մի քանի անհերքելի փաստ.
1. Գրեթե 0-ց ստեղցվել են պետական կառավարման ինստիտուտներ
2. Հաղթանակ Ղարաբաղի պատերազմում
3. 24 ժամյա էլ.էներգիա
4. 96-ի դեպքերի ժամանակ` ոչ մի զոհ
5. կարճատև ներգաղթ
6. Ընհանուր առմամբ` տանելի մակարդակի հանդուրժողականություն
Առաջարկում եմ Մարգարիտային նման մի ցուցակ ել կազմել հաջորդ երկու նախագահերի վերաբերյալ:
Հարգելի Արթուր, իմ խնդիրը թվաբանությունը չէ, այդուհանդերձ, ահա.
1.Ով էլ լիներ ՀՀ նախագահը այդ օրերին,Ձեր նշած պետական կառավարման ապարատը ստեղծվելու էր:
2.Հաղթելու էինք ցանկացած դեպքում:
3.Ձեր նշած էներգիան լինելու էր շատ ավելի վաղ:
4.Զոհերի մասով համաձայն եմ, ունեմ վերապահումներ:
5.Չեմ մոռանում 11 հազար առանձնատների մասին, որոնց մասին հայտարարվեց եւ որոնք կառուցվել էին, երբ մեր ժողովուրդն ամբողջության մեջ սոված էր եւ սառած, իսկ աղետի գոտին` անտուն:
6. Հանդուրժողականությունը խիստ հարաբերական է, նայած որ անկյունից ես նայում:
Հարգելի Մարգարիտա, 1-ին, 2-րդ , 3-րդ կետերի վերաբերյալ Ձեր գրածը ենթադրություն է, իմը` փաստ : Երրորդ կետի վերաբերյալ ավելացնեմ նաև, որ, եթե հիշում եք, Ազգային ժողովում ստեղծվեց հանձնաժողով Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ` մարդ, որին դժվար է համարել ԼՏՊ-ի կողմնակից ))))) , և այդ հանձնաժողովը երկար ուսումնասիրեց վառելիքի, մազութի գորցերը..ոչինչ չգտան: Առանձնատների մասին ` հիշեցի Վանոյի տունը, և համեմատեցի Հովիկ Աբրահամյանի տան հետ..)))
Այնուամենայնիվ, համաձայնեք, ճշմարտությունը ի հայտ է գալիս համեմատության մեջ, և ուրեմն, կրկին թախանձագին խնդրում եմ Ձեզ կազմել նման մի ցուցակ ել հաջորդ նախագահների վերաբերյալ:
Հա, մի բան ել.. Ռ.Քոչարյանի, Ս.Սարգսյանի ունեցվածքի, բիզնեսների, ժամանցների մասին բոլորս շատ ենք լսել, կարդացել , ձանձրացել: Հիմա` լինելով ցուցակներ կազմելու սիրահար, փորձում եմ նման մի ցուցակ ել կազմել ԼՏՊ-ի վերաբերյալ, բայց չի ստացվում: Չեք օգնի ինձ? )))
Հարգելի Արթուր, ցուցակի հանդեպ Ձեր հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի հայտնի հեռուստաբանավեճը:Երբ երկուսն էլ արդեն իրար ասելու բան չունեին եւ մեկը ցուցակ էր պահանջում, մյուսն էլ խոստանում էր, թե կներկայացնի:Հուսամ, Դուք Ռոբերտ Քոչարյանը չեք անվան տակ թաքնված, իսկ ես էլ Դեմիրճյանը չեմ եւ Ձեզ չեմ խոստանում ինչ-որ ցուցակ կազմել եւ ներկայացնել: Ես Ձեզ կարող եմ միայն մեկ բանում օգնել, ինչպես խնդրում եք` պարզապես ընդունե ք որպես բարեկամական հորդոր` Ձեզ համար կուռքեր մի ստեղծեք եւ եթե արդեն ստեղծել եք, մի պարտադրեք այդ կուռքերը հասարակությանը:Ինքս կուռքեր չունեմ, իմը էս երկրին է, որի բոլոր նախագահները միասին վերցած չեն կարողացել Երկիրը կարգին Երկիր դարձնել:Հուսամ, սա դեռ վերջը չէ:
Չէ, Մարգարիտա ջան, Դուք ուշադիր չեք, ցավոք.. Ես կուռքեր չունեմ, ինչի մասին գրել եմ հենց սկզբից ` ԼՏՊ-ի անձը ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Խորապես համոզված եմ մեկ բանում` ցանկացած երևույթ օբյեկտիվորեն գնահատելու համար, այն պետք է դիտարկես համեմատության մեջ: Այդ համեմատությունն է, որ օգնում է ճիշտ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ կատարել : Իսկ եթե Դուք գիտեք, թե ինչպես մեր սիրելի երկիրը կարգին երկիր դարձնել` ես հաճույքով իմ ձայնը կտամ Ձեզ:
Շնորհակալ եմ, ուրեմն, արդեն Ձեր ձայնն ունեմ ճճճ, շատ հաճելի է: Իրականում, համամիտ եմ` ցանկացած երեւույթ պետք է դիտարկել համեմատության մեջ է , եւ եթե Դուք, հարգելի Արթուր, համեմատում եք առաջինին, երկրորդին եւ երրորդին, մի մոռացեք նրանցից յուրաքանչյուրի Ժամանակը, թողած ու ստացած Ժառանգությունը:Դա եւս անչափ կարեւոր է:
Իսկ երկիրը երկիր դարձնելու համար միայն մի բան է հարկավոր` ՍԵՐ : Չկարծեք պարզունակ է:Սա բավականին լուրջ պայման է:
Անկեղծ՝ չհասկացա ինչ է ուզում ասել հարգելի Մարգարիտը:
Դժվար է եղել իր և ընտանիքի համար անկախության առաջին տարիներին:
(երևի ավելի հեշտ՝ հաջորդ տարիներին):
ԼՏՊի վզին ամրացված սարք է եղել մինչև անկախացումը (իսկ անկախացումից հետո այդ սարքը չի եղել, ու սվիտերն էլ ուրիշ է եղել….)
Բայց ի՞նչ կապ ունի դրա հետ ԼՏՊ-ի ինքնահավանությունը:
Ի հարկէ, շնորհաւոր Նոր տարի… Հակաքրիստոնէաների գլխին էլ թող Յիսուսի Ծնունդը իր պատիժը բերի… Յատկապէս նրանց, ովքեր իրար ետեւից Աւետարանի վրայ երդուելով՝ նոյնիսկ Յիսուսի հերն անիծեցին… Ուր մնաց թէ հասարակութեանը չլլկէին… Չէ՛, պարոնայք, հաստատ որ տիրացու Սոսը իրաւացի է. հայերի արեւը ծագելու է Հիւսիսից, թէեւ հէնց Հիւսիսում էլ մարել է… Իր յիշողութիւնները պրպտող հեղինակը յիշողաթող է արել մի շատ կարեւոր հանգամանք… Երբ Ռուսաստանի ազնուական ժողովուրդը ոտքի է կանգնում չէկիստական իրականութիւնը ջնջելու նպատակով, մեր ականջները խլացնող վայանասուն են բարձրացնում Մարդու իրաւունքի պահապանները, Ֆրանսայի մէջ Մարդու իրաւունքը աչքի լոյսի պէս պահպանելու համար… Եզրակացութի՞ւն — այո, հեռանկարը շատ տխուր է։ Օրէնքը Թուրքիայի մաման լացացնելու է, հետն էլ Մոսկուայի եւ Երեւանի մայրիկներին… Էլ ո՞ր պարանի վրայ պէտք է խաղան իշխանութիւնները… Ինչո՞վ են սարսափի մէջ պահելու Հային։ Էլ ո՞ր Յուշարձանի մօտ են յիշատակի համար լուսանկարուելու նախագահները՝ պաշտօնական հիւրերին մոլորեցնելու համար… Երեւի՝ Շահումեանի կամ Միասնիկեանի… Էլ ո՞ւմ պաշտպանութեան համար է Հայաստանում հայի հացն ուտող Կրեմլի 102-րդ զօրաբանակը… Իսկապէ՛ս, շնորհաւոր 2012-ը եւ Յիսուս Փրկիչի ծննդեան 2012-ամեակը…
Հայն արդէն ասել է. «Մեր յոյսը սակայն մեր վրայ լինի / Այսպէս թէ միայն կայ ճար փրկութեան»։
Ռուսն էլ ասել է. «Սիրեցէ՛ք ազատութիւնը, նոյնիսկ նրա բոլոր անյարմարութիւններով հանդերձ»։
Ես էլ, որ ոչ ազնուական Հայից եմ պակաս եւ ոչ էլ ազնուական Ռուսից, ասում եմ. «Պրն Ռուբինեան, Ձեր „տարտամ“ յիշողութիւնները շատ աւելի զօրաւոր են, քան նախագահական երեք դիակների վրայ լացող եղերա-հայրերի սրտաճմլիկ ողբը… Արդեօք արդեն որոշուա՞ծ է նրանց Հերոսի կոչում տալը եւ Կոմիտասի ու Տէրեանի աճիւնների մօտ թաղելը…»