Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ոչ ոք «Բարգավաճին» չի կանչել համագործակցության» (տեսանյութ)

Նոյեմբեր 30,2011 16:58

ՀԱԿ-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը «Բարգավաճ Հայաստանի» մասին բուռն քննարկումների տեղիք է տվել: ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը հեգնել էր, որ «մի օր չստացվի այնպես, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար Տեր-Պետրոսյանն առաջարկի համագործակցել Սերժ Սարգսյանի հետ»: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում պաթոսով խոսողներին խորհուրդ տվեց կարդալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի բուն տեքստը. «Այնտեղ 2 կարեւոր շեշտադրում կա, առաջին՝ որ դա Կոնգրեսի պաշտոնական դիրքորոշումը չէ, այլ Տեր-Պետրոսյանի անձնական կարծիքն է, եւ երկրորդ՝ որ այն առաջարկ չէ, այլ քաղաքագիտական վերլուծություն: Նման առաջարկ գոյություն չունի, ոչ ոք չի կանչել «Բարգավաճին» համագործակցության, ուղղակի Տեր-Պետրոսյանն իր քաղաքագիտական մոտեցումն է ներկայացրել, թե ինչ կլինի «Բարգավաճի» հետ՝ այս կամ այն ճանապարհով եթե նա գնա: Էլ չասած, որ խոսքը գնում էր մի առճակատման մասին, որն արդեն գոյություն ունի՝ անկախ մեր ջանքերից ու քաղաքական քայլերից: Իսկ եթե, այնուամենայնիվ, խնդիր են համարում այն , որ կարելի է համագործակցել դեպի ժողովրդավարություն անցնելու համար Սերժ Սարգսյանի կամ ԲՀԿ-ի հետ՝ ապա դա ինձ համար մի քիչ աբսուրդ է թվում,, որովհետեւ ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Օրինակի համար՝ կարելի է ասել՝ ո՞նց էիք պատկերացնում, որ Սերժ Սարգսյանի հետ բանակցելով՝ համագործակցելով՝ կարող էիք հասնել նրա հեռացմանը: Շատ հանգիստ ենք պատկերացնում, որովհետեւ նման փորձ եղել է բազմաթիվ երկրներում»:

Լեւոն Զուրաբյանը հիշեց Չիլիի, Լեհաստանի օրինակները, երբ ընդդիմությունը համագործակցելով բռնապետների հետ՝ նրանց քաղաքական դատից հեռացրել է. «Եթե Սերժ Սարգսյանը չընդունեց մեր առաջարկը, նշանակում է ինքը քաղաքական թատերաբեմից արժանապատվորեն հեռանալու հնարավորությունից է հրաժարվել: Սա նշանակում է, որ մենք այլեւս բանակցային հնարավորություն չունենք նրա հետ: Կամ էլ պիտի ժողովրդի ճնշմամբ այնպիսի վիճակ ստեղծենք, որտեղ ինքը ստիպված գնա բանակցելու՝ այդ ճգնաժամից դուրս գալու համար: Մեր պայքարը պարզ է՝ ուղիղ ճնշում ռեժիմի վրա, ռեժիմի քայքայման ցանկացած քայլի կիրառում, այդ թվում՝ եթե պետք է նաեւ ռեժիմի տարբեր հենարանների հետ՝ «Բարգավաճի» հետ համագործակցություն: Ի վերջո՝ ամենակարեւորը Հայաստանում ժողովրդավարության հաստատումն է, դրա համար մենք կարող ենք գնալ նաեւ նման համագործակցության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930