Անցած տարին նշանավորվեց մի պատմությամբ, որը, ճիշտ է, ինչ-որ իմաստով սասանեց մարդկանց հավատը կառավարական օղակների բանիմացության հանդեպ, սակայն, փառք աստծո, զվարճալի ավարտ ունեցավ: Խոսքը վերաբերվում է քյավառցի ինքնահռչակ աստղաֆիզիկոսի կողմից ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մոլորության մեջ գցելու պատմությանը: Սակայն ծիծաղում է նա , ով վերջում է ծիծաղում: Հիմա եկել է Հրանուշ Հակոբյանի հերթը քահ-քահ ծիծաղելու: Այս անգամ հերթական ավանտյուրիստի որոգայթներում հայտնվեցին ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները: Ինչպես մեծ մտածողներից մեկն էր ասում` «Պատմությունը կրկնվում է երկու անգամ, մերթ որպես զավեշտ, մերթ որպես ողբերգություն»: Պատմությունն այս անգամ ոմանց համար ողբերգական ընթացք ունեցավ: Եվ այսպես, լրատվամիջոցները մեծամասամբ, սոցիալական ցանցերն ու բլոգները , «Չենք լռելու» երիտասարդականը, անցած տարում ձեռքից-ձեռք խլելով, իրար հերթ չէին տալիս ինտերվյու վերցնելու մի անձնավորությունից, որն իբր վերջին տասը տարում զբաղվելով կինոարտադրությամբ, թողել է Մոսկվան, եկել Հայաստան, ֆիլմ է նկարահանում Ղարաբաղի պատերազմի մասին, որով նա լուծելու է ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը: Այդ ֆիլմի բյուջեն մի լրատվամիջոցում ներկայացվում է 5-7 միլիոն դոլար, մյուսում` 7,5 միլիոն դոլար: Այդ ֆիլմի նկարահանման համար իբր ռեժիսորը 7 միլիոնն արդեն ունի, ֆիլմն ավարտին հասցնելու համար նրան պակասում է ընդամենը կես միլիոն դոլար, որն էլ խոստացել է տրամադրել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` հանձնարարելով այդ գործը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, վերջինս էլ, չգիտես ինչու, ձգձգում է գումարի տրամադրումը արդեն միջազգային ճանաչում ձեռք բերած այս ֆիլմի հեղինակին: Ֆիլմի մասին նաև ԶԼՄ-ները գրում են, որ ռեժիսորի ասելով այն ներկայացվելու է Օսկարի մրցանակի, արտադրվելու է հինգ լեզուներով, հինգ երկրների կողմից: Ֆիլմում երևալու են նաև Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Քերոլայն Քոքսը, Կոմանդոսը, Սամվել Բաբայանը և ուրիշներ: Գլխավոր դերակատարներից մեկն էլ լինելու է թուրքերի և ադրբեջանցիների կողմից սիրված հնդիկ դերասան/ անունը չի նշվում/: Ամենասարսափելին այն է, որ այս ֆիլմի մասին ադրբեջանցիներն արդեն իմացել են և ամեն օր սպառնում են ֆիլմի հեղինակին, որ դադարեցնի նկարահանումները, թե չէ վիզը կթռցնեն: Հակառակի պես մեր Ազգային անվտանգության մարմիններն էլ կարծես քնած լինեն, տիրություն չեն անում , «աշխարհահռչակ» այս ռեժիսորին: Հայկական լրատվամիջոցներից և ինտերնետ կայքերից հայտնի դարձավ, որ «աշխարհահռչակ» այս ռեժիսորը 17 տարեկանից մասնակցել է Արցախի ազատագրման մարտերին, առանձնակի նշանակության գումարտակի հետախույզ է եղել, տեսել է, թե թուրք բանտապետները ինչպիսի դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ, այդ ամենը նա տեսել, զգացել է իր վրա և համոզված է, որ լավ ֆիլմ է ստացվելու: Կարդալով և դիտելով այս ամենը` սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ծավալվում, հնչում են դառն ու թունոտ արտահայտություններ ֆիլմի արտադրությունը կասեցնող Հասմիկ Պողոսյանի հասցեին, իսկ Հասմիկ Պողոսյանի «իսկի վեջն էլ չէ, տնաշենը չի էլ արձագանքում»: Դեռ ավելին, աշխահահռչակ ռեժիսորին մի կարգին ընդունելության էլ չեն արժանացրել, աշխատողներն այդ օրը կոֆե խմելիս են եղել, «Օդնոկլասնիկ»-ով են զբաղվել, փոխանակ նրան հոտնկայս դիմավորեին: Ինչու է լռում երկրի նախագահը, որն իր դաբրոն վաղուց արդեն տվել էր այս ֆիլմի նկարահանումն ավարտին հասցնելու համար, 500 հազար դոլարն ինչ է, որ չեն տալիս: Մամուլում և սոցցանցերում հնչող հարցեր, որոնց պատասխանները չեն տրվում ոչ նախարարի և ոչ էլ նախագահի աշխատակազմերի կողմից: Այս ամենը կարծես կատակերգական սերիալի սցենար լինի: Սոցցանցերում և մամուլում գրվում է նաև, որ արդեն ֆիլմի մասին կարծիքներ են հայտնում աշխարահռչակ կինոգործիչներ: Լրատվամիջոցներն իրար հերթ չեն տալիս հարցազրույցներ ունենալու ռեժիսորի հետ: Նրա մասին գրվում է, որ վերջին տասը տարում ապրելով Մոսկվայում աշխատել է մոտ տասնհինգ հեռուստաընկերություններում, տասնյակ հեռուստածրագրերի ղեկավար է, հայտնի շոումեն է,/հայտնի չէ`որտեղ է հայտնի/, վոկալիստ է, երգում է, պարում է/ հայտնի չէ` որ բեմերում է երգել, պարել/:Նշվում է, որ ռուսերեն գերազանց գիտի, /միայն վատն այն է, որ ռուսերեն ոչ մի բառ նրա կայքում առանց տառասխալի չի գրված/, անգլերենին տիրապետում է բառարանով, /լավն այն է, որ բառարաններում բառերն առանց տառասխալի են գրվում/, ձայնը նման է Լևիտանի ձայնին /երևի շուտով կազդարարի իր ֆիլմի հաղթական ավարտի մասին/: Նաև սցենարներ է գրում: / Ափսոս, որ նա հայերեն կամ ռուսերեն մի նախադասություն առանց սխալի չի կարող շարադրել/: Մի դիտարկում ևս` ռեժիսորի մասին ներկայացվող կենսագրության մեջ ոչ մի տեղ չի նշվում, թե ինչ կրթություն է ստացել / երևի վստահ չէ, որ ավարտել է Հրազդանի պրոֆտեխուսումնարանը ընդամենը / և որտեղ է աշխատել առհասարակ / երևի իրեն արժանի տեղ չի գտել/: Ոչ մի լրագրողի մտքով իսկ չի անցել հետաքրքրվելու` պատերազմում երեք տարի կռիվ տալուց հետո /իրականում պատերազմը երկու տարի է տևել/ Արցախի պատերազմի այս «վետերանին» ինչ մարտական շքանշանների և պատվի են արժանացրել կամ վիրավորվել է արդյոք քաջազուն այս «վետերանը»: Ոչ մի լրագրողի մտքով չի անցել, բա սա լինելու բան է…
Թվում էր սենսացիոն այս պատմությունը, որն արդեն վերածվել էր անհեթհեթության, այդպես էլ կավարտվեր. երբեմն սենսացիաները հատկություն ունեն արագ տարածվելու և արագ էլ մոռացվելու: Քիչ էր մնացել մոռացության մատնվեր նաև այս մարդը, եթե տարվա վերջին տեղի չունենար մի այլ կարևոր իրադարձություն, որին դարձյալ անդրադարձան հայկական լրատվամիջոցներն, այս անգամ առանց բացառության: Մամուլում և հեռուստաէկրաններին հայտնվում է «ՀՀ տարվա քաղաքացի» տիտղոսին արժանացած մարդը, նույն ինքը «աշխարհահռչակ» կինոռեժիսորն արդեն նոր կարգավիճակով, այս անգամ որպես կրպակավար, որն իր իրավունքների համար մինչև վերջ պայքարող և հաղթանակի հասնող ՀՀ 2011թ. «Տարվա քաղաքացի» է ճանաչվում: Այս կոչումը նրան շնորհում է «ՇՊԱԿ» կազմակերպությունը` Հրազդանի տարածքային կազմակերպության ներկայացմամբ: Բայց ավելի լավ է ներկայացնենք պատմությունն այն մասին, թե «Աշխարահահռչակ» ռեժիսորը ինչպես դարձավ սովորական կրպակավար: Այն ժամանակ, երբ մամուլում և սոցցանցերում թնդում էր «ռեժիսորի» անունը, Հրազդանի հարկային տեսչության աշխատակիցները չիմանալով նրա «համբավի և հռչակի» մասին, փորձել են մուտք գործել տեսասկավառակների վաճառքի Հրազդան քաղաքի Կենտրոնում գտնվող նրա կրպակ և արձանագրություն կազմել ՀԴՄ կտրոններ չտրամադրելու վերաբերյալ: Դու մի ասա այս «աշխարհահռչակ» ռեժիսորը,, կրպակում թաքնված տեսախցիկ է ունեցել , նկարահանել է, և ապա ՇՊԱԿ –ի իր ընկեր Տիգրան Գրիգորյանի իրավաբանական աջակցության շնորհիվ հարկային աշխատողների վրա կանոնակարգի խախտումների մասով գործ է սարքվում: Եվ քանի որ ռեժիսորի քաջնազարական դրոշն արդեն ծածանվում էր ինտերնետում և հայկական մամուլում, Հրազդանի հարկային տեսչության 7 երիտասարդ աշխատակիցների կարիերային վերջ է տրվում: Ինչպես տեսնում եք պատմությունը կրկնվեց, այս անգամ ոմանց համար ողբերգական ավարտով: «Աշխարհահռչակ» այս ռեժիսորը, որը Հրազդանում ճանաչված էր որպես գործ տվող ու գործ սարքող անձնավորություն, /հայտնի է նաև, որ նա նույնիսկ Ղարաբաղում կռված իր հարազատ եղբոր վրա է գործ սարքել Հրազդանի ոստիկանությունում/ , ահուսարսափ է տարածում տեղական մարմինների վրա, մանավանդ որ մամուլով տարածվել է, թե սա ունի ՀՀ նախագահի դաբրոն: Ն.Վ. Գոգոլի «Ռևիզորի» Խլեստակովից ահաբեկվածների նման շատ շատերը խուճապի են մատնվում: Մարդիկ մտածում են`«Թերթերը, որ այսքան գրում են, մի բան կա երևի, գուցե իսկապես սա նախագահի դաբրոյին արժանացած անձնավորություն է, զգուշանանք սրանից, միգուցե մի սխալ էլ մենք գործած կլինենք»: «Աշխարհահռչակ» -ի մարդկային որակների մասին քաջատեղյակ էին Հրազդանում, սակայն ռեժիսորականի և դերասանականի մասին շատ քչերը գիտեին : Այն , որ վերջին 10 տարում նա ապրել և ստեղծագործել է Մոսկվայում, թերթերից իմացան: Հրազդանցիները կրկին ներշնչվեցին իրենց տեսողության վերաբերյալ կասկածներով: Եթե նա 10 տարի ապրել է Մոսկվայում, ապա այդ ով էր տարիներ շարունակ տեսասկավառակներ պտտեցնում Հրազդանի Կենտրոնում` չորսբոլոր լցնելով թուրքական և ադրբեջանական մեղեդիներով ու մուղամներով, դիտողություններին էլ միշտ պատասխանում` «Ժողովրդի պահանջով եմ անում»: Այդ ով էր Հրազդանում տպիչների ոչ արհեստավարժ լիցքավորում իրականացնում` տեղիք տալով այցելուների բողոքներին:Այդ ով էր տնետուն ընկած որպես վարձու Ձմեռ պապ ներկայանում, որի գովազդը պտտվում էր Հրազդանի եթերում: Այդ ով էր Հրազդանում թաքնված տեսախցիկով անտաղանդ ու անճաշակ «Բլեֆներ» սարքում, որոնից միայն մեկը ցուցադրման ենթարկվեց «Հրազդան» ՀԸ-ում` նրա երկարատև խնդրանքներին և ծակող–թափանցող համառությանը անսալով: Հետո էլ պատրաստվում էր դատի տալ «Արմենիա» հեռուստաընկերությանը `իբր «Բլեֆ»-ի վերնագիրը իրենից են գողացել: Խելքը իրենը չէ մարդկանց դատի տալու համար: Թերթերում գրում են, որ «Աշխարհահռչակը» դերասան Իշխան Ղարիբյանի արժանավոր հետնորդն է: Հրազդանի Դրամատիկական թատրոնի ռեժիսոր, բազմաթիվ փառատոնների մրցանակակիր Աշոտ Սարգսյանը, որը երջանկահիշատակ Իշխան Ղարիբյանից հետո գլխավորում էր Հրազդանի դրամատիկական թատրոնը, նրա մասին կարճ արտահայտվեց`«Նա Իշխան Ղարիբյանի հետնորդ չէր կարող լինել, որովհետև նրա մեջ ոչ դերասան կար և ոչ էլ ռեժիսոր, նրա օրոք սա նույնիսկ բեմի բանվոր էլ չի եղե»: Օրինական հարց է առաջանում, եթե այսքան բան գիտեինք, ինչու էինք լռում, որպես լրագրող ինչու չէինք արձագանքում: Սա արդեն ուրիշ պատմություն է. բոլոր ձվերը մեկ զամբյուղում չեն տեղավորվի…: Թեև մենք գիտեինք «Աշխարհահռչակի» ստախոսության և շանտաժի հատկությունների մասին, այնամենայնիվ, այսքան ստեր լսելուց հետո, անկեղծ ասած, քիչ էր մնում մենք էլ հավատայինք նրան: Այն որ նա կինոարտադրությամբ է զբաղվել և «աշխարհահռչակ» ռեժիսոր է , ավելի շատ կոմիկական, քան էպիկական ժանրի պատմություն էր: Բայց Արցախի պատերազմին մասնակցելու մասին մտածում էինք` մեր աչքի առջև թրև եկող այս տղան կարող է իսկապես մեզանից թաքուն գնացել, Ղարաբաղի կռիվներին մասնակցել է, այն էլ 17 տարեկան հասակում: Փորձեցինք Հրազդանի զինկոմ, գնդապետ Ս. Գրիգորյանից ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք պատերազմի վետերան ներկայացած «Աշխարհահռչակ ռեժիսորը» եղել է Ղարաբաղում և մասնակցել ազատագրման կռիվներին: Նա մեր հարցմանը ներկայացրեց պաշտոնական պատասխան` «Գագիկ Շիրինի Աթասյանը ՀՀ ԶՈՒ ծառայել է 1995թ. հոկտեմբերի 23-ից մինչև 1997թ. նոյեբերի 25-ը: Արցախի ազատագրման համար կռվողների կազմում նրա անունը չկա»: Ապա զինվորականին հատուկ կտրուկ ավելացրեց`«Մարդ, որն իր կենսագրությունը ֆալսիֆիկացիայի է ենթարկում շահադիտական նպատակով ինչ-որ դիվիդենտներ ձեռք բերելու համար և պատերազմի մասնակցի կեղծ տեղեկություններ է տարածում, քրեական հանցագործ է, պատերազմի ժամանակ այդպիսի պադոնոկներին գնդակահաում էին, նրանք պղծում են մեր զոհերի թափած արյունն ու հիշատակը»; Արցախյան պատերազմին մասնակցած հրամանատարի ինքնասիրությունն ու պատիվը վիրավորված էր: Մեզ հասած ստույգ տեղեկություններով պարզեցինք նաև, որ այս անձը բանակում եղել է մոտ երեք տարի, նրա մեկ տարին ծառայություն չի համարվել, քանի որ զինվորական պարտադիր երկու տարվա ծառայությունից խուսափել է: Մեր հերոսի անունը ընդամենը մեկ անգամ նշեցինք: Պետք չէ, որ նրա անունը մնա պատմության մեջ: Ինչպես քյավառցի «աստղաֆիզիկոսի» , այնպես էլ հրազդանցի «աշխարհահռչակ» ռեժիսորի անունները պիտի ջնջվի մարդկանց հիշողությունից :Պիտի անհետանա նաև մամուլի էջերից ու ինտերնետ կայքերից: Դա կարելվույն չափով շուտ է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ կարողանան շարունակել ապրել և արարել անխռով ու ազնիվ կյանքով, որպեսզի չսասանվի մարդկանց հավատը մեր սուրբ նահատակների և հայրենիքի նվիրյալների հանդեպ: Պիտի ընդունենք նաև , որ այս «հերոսներին» մենք չենք ստեղծել, նրանք ապրում են մեր շրջապատում մեզնից անկախ ու ինքնուրույն կյանքով: Ինչպես Նար-Դոսն էր գրում «Սպանված աղավնին» վիպակում իր կերտած հերոսի մասին`«Նա ինձ այլևս չի ենթարկվում, ցինիկի պես անպատկառ է, լրբի պես համարձակ»:
Հ.Գ. Թվում է ամեն ինչ ասված է այս հոդվածով, սակայն գլխավոր եզրակացությունը կարծես չի արվել: Այդ ինչպես եղավ, որ կիսագրագետ այս անձնավորությունը նման փառքի և ընդունելության արժանացավ: Մի փոքրիկ էքսպերիմենտ կատարեմ: Եթե այս հոդվածի վերջում գրեմ, որ հեղինակը Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ է, հոգեբանական գիտությունների թեկնածու է և «Նյու-Յորք թայմս» թերթի թղթակիցն է , անկախ այն բանից, թե դա ճիշտ է, թե սուտ, Ձեր ընկալումները որոշակի չափով կփոխվեն: Բայց եթե ավելացնեմ նաև. որ այս հոդվածը լույս ընծայելու համար հեղինակը ստացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դաբրոն, պատկերը լիովին կփոխվի, ակամայից սկսում եք մտածել, որ երևի նախորդ երեքը ճիշտ են, որ հեղինակը ստացել է նախագահի դաբրոն: Իրականում այս տեղեկությունների բաղկացուցիչ մասերի միասնությունն ստեղծում է հոգեբանական ներգործության մի իրավիճակ, երբ բավական է որևէ մեկը հավատա այդ ստերից մեկին, մյուսներն ակամայից կընդօրինակեն: Գիտական հոգեբանության մեջ դա կոչվում է հոգեբանական ընդօրինակման / իմիտացիայի/ վարակ: Այդ վարակը թափանցել էր ամենահեղինակավոր լրատավիջոցներ` «Առավոտ», «Հետք», «Զրուցակից», «Ա1+», lragir.am, PanARMENIAN.Net , 1.am, «Ժամանակ», , 7or.am, «Իրավունք tefacto», «Հրապարակ», maxinfo.am, aysor.am և այլն: Հասարակությունը լրագրողների նկատմամբ մշակած ունի առանձնահատուկ վերաբերմունք: Նրանց նկատմամբ հասարակության պահանջը եղել և մնում է`«Ավելի լավ է լրագրողները նմանվեն ագռավի, քան թութակի»:Թերթերից վարակը տարածվել էր նաև ընթերցողներիս շրջանում: Բոլորս էլ բուժման կարիք ունենք: Նախագահականի և նախարարի աշխատակազմերի լռությունը, որը սովորաբար մեկնաբանվում է համաձայնության նշան, ժողովրդական լեզվով ասած, ակամայից ջուր է լցրել ստի տարածման ջրաղացին: Ինֆորմացիոն աղմուկի և անկառավարելի ինտերնետի պայմաններում սուտ տեղեկությունը տարածվում է լույսի արագությունից ավելի արագ , և սթափ միտքն ու հոգեկան հավասարակշռություն պահպանելը դառնում է մեր ժամանակների գլխավոր հարցը: Այս ամենը տեղի չէր ունենաև և հայ հանրությանը մեկ տարվա մեջ երկրորդ ավանտյուրիստը չէր մատուցվի, եթե ժամանակին լրագրողները նրան երկու կամ երեք հարց տային` 1.Որպես կինոարտադրողի ինչ ֆիլմ/եր/ է արտադրել , 2.Որպես ազատամարտիկի որտեղ է կռվել:Նույնիսկ հրամանատարի անունն էլ պետք չէր հարցնել: Այս հարցերը կարելի էր տալ անգամ սկսնակ լրագրողի մակարդակով: Երրորդ հարցը կարելի է ուղղել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Տարվա քաղաքացի» շնորհող ՇՊԱԿ կազմակերպությանը`«Միթե Հայաստանին 2011թ. համար այսպիսի ՏԱՐՎԱ ՔԱՂԱՔԱՑԻ էր հարկավոր»:
Մնացական Հարությունյան
«Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն, գլխավոր խմբագիր
Նկարում` «ԱՇԽԱՀԱՀՌՉԱԿԸ» հագուրդ է տալիս ինքնամեծարման մոլուցքին : «Աշխարհահռչակի» թակարդում հայտնվել է նաև Հ1 հեռուստաընկերությունը: Նա վերջերս իր փառքի գագաթնակետում երևաց «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալի մի դրվագում: Թղթին նայելով արտաբերեց ընդամենը երկու նախադասություն: Փողոցից բերված պատահական մարդն ավելի հաջող հանդես կգար: Բայց տեսեք որ ինտերնետն ողողված է նրա մասին հավանաբար իր իսկ կողմից սարքված գովասանքներով, որ իբր այդ սերիալում նա ամենահաջողված դերակատարն է և շատ նման է Դ. Մեդվեդևին: Ինչ-ինչ, այդպիսի բաներ նրա մոտ շատ լավ է ստացվում:
Հոդվածում առկա մեջբերումների ճշտությունը ստուգելու համար մտեք ինտերնետ, գրեք` Աթասյան Գագիկ, Ձեր առջև կբացվեն այս մարդուն առնչվող շատ տեղեկություններ:Նա իսկապես արդեն ,, աշխարհահռչակ,, է դարձել: Հավատալն ու չհավատալը Ձեր գործն է:
Նախորդ նյութերը
- Հայդ պարկ: Հնագույն հույները եւ նորագույն հայերը - Փետրվար 22, 2012
- Պատանդի բարդույթ - Փետրվար 21, 2012
- Յո՞ երթաս, ԺԷԿ… - Փետրվար 20, 2012
- Հայոց բանակը - Փետրվար 17, 2012
- Սղոցարանի թախիծ - Փետրվար 17, 2012
Նման նյութեր
1,448 դիտում











10 մեկնաբանություններ
Շնորհակալ ենք այս հետաքրքիր նյութի համար: Լավ է, որ բացահայտվեց տարվա քաղաքացի հռչակված մարդու իրական դեմքը: Պետք չէ, որ մարդիկ իրենց վերագրեն այնպիսի բաներ, որոնք իրենց չեն պատկանում, առավել ևս եթե դա վերաբերվու է ազատագրական մեր պատերազմին, մեր սրբություններին: Իր խոսքում ճիշտ է նշում զինկոմը ՝ նման պադոնոկներին հարկավոր է գնդակահարել: Այս նյութը լավ ճանաչողական նշանակություն ունեցավ մեզ համար: Սուտ ռեժիսորի և սուտ ազատամարտիկի իրական դեմքը բացահայտվեց: Ցավալի է, որ շոշափվում է նաև ՀՀ նախագահի անունը, իբր դաբրո է տվել ֆիլմի նկարահանման համար:
Ամեն ինչ լավ է ասված, հզոր նյութ է, բայց ենթատեքստը շատ տխուր է: Փաստորեն, ամեն մի արկածախնդիր, ով տիրապետում է համակարգչին և համացամցին կարող է դառնալ Աշխարհահռչակ, նրան օգնում են ոչ պրոֆեսիոնալ լրագրողներն ու նրանց խմբագիրները, նույնիսկ երկրի նախագահն` իր աշխատակազմով, իրավապահներն էլ , անվտանգության մարմինների հետ խոր քուն են մտել:Ողբամ զքեզ , Հայաստան աշխարհ:
Հիմա Հայաստանում այսպիսի ,,Տարվա քաղաքացի,, է հարկավոր:
Իսկապես այս հոդվածը ամբողջությամբ ճշմարտացի է: Աթասյան Գագիկը բացարձակ անգրագետ է և արհեստավոր դերասան: Մեծն Գոգոլի հայտնի հերոսի մասին հիշատակումը նույնպես հատկանշական է, միայն մի բան ևս, նա կերազեր սրա նման երևակայություն ունենար: Իսկ մեր սերիալներում` ավարտած դերասաները թանկ են նստում հեռուստատեսության վրա, քան Գագիկի պես սիրողները:
Ցնցող նյութ է: Հասկանում ես, որ ազատ խոսքի իրավունքը հզոր զենք է, որը ոչ ճիշտ, ոչ հիմնավոր, ոչ փաստարկված կիրառելու դեպքում հանգեցնում է չարիքի: Այս պատմության երկու հետևանքներից /զավեշտ և ողբերգություն/ ինձ ավելի շատ հետաքրքրեց և զայրացրեց ողբերգական հետևանքը, քանի որ Մարդն ինձ համար բարձրագույն արժեք է: Ցավալի է, որ այս խեղկատակության արդյունքում տուժել են կոնկրետ մարդիկ, կոնկրետ ճակատագրեր: Ստացվում է պարադոքս. հարկային տեսչությունը մի կողմից իր աշխատակիցներից պահանջում է կիրառել օրենքի պահանջը` տուգանել ՀԴՄ կտրոն չտրամադրող անձին, մյուս կողմից աշխատանքից ազատում է նրանց` իրենց պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ինչ է թե խաբեբան վայելում է “նախագահի դաբռոն” և միամիտ լրատվամիջոցների շնորհիվ դարձել է “աստղ”: Պարզից էլ պարզ է, որ 7 հարկային տեսուչները, չունենալով “տանիք”, դարձել են “հարկային բարեփոխումների” քավության նոխազ /սրանից 37թ. ստալինա-բերիական տարիների հոտ է փչում/: Որտեղ են մեր մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության ջատագովները և, վերջապես, ազնիվ քաղաքացիները, ինչու են լռում, գործ ունենք կոնկրետ մարդկային ճակատագրերի հետ… Ուսումնասիրեք դեպքի մանրամասները, համոզվեք տեսուչների նկատմամբ կիրառված պատժի անհիմնության մեջ, և, եթե դրանից հետո էլ լռեք, ապա գրոշի արժեք չի ունենա ձեր դավանած բարձր արժեքները, հետևաբար մեր հասարակությունը արժանի է ունենալ բազում “գագիկ աթասյան”-ներ…
Այս տիպի մարդկանց միայն զոնայի կյանքը կարող է վերափոխել: Եթե դա էլ չստացվի, այնտեղից սաղսալիմ դուրս չեն գա:
Ափսոս, որ դա իմ անունից է կրում, փաստորեն սա դիակապտությամբ է զբաղվում, իր կռված ախպոր վրա գործ սարքող մարդը, ամեն ինչի էլ կդիմի:Կեղծ ազատամարտիկի կերպարի մեջ մտած սա շատ առաջ կեթար, եթե ժամանակին սրա առաջը չառներ հոդվածի հեղինակը, դրա համար շնորհակալ ենք իրենից: Բայց հիմա երկիրը լիքն է սրանցից: Ամեն ժուռնալիստ, եթե մի հատ սրանցից բացահայտեր, հիմա այս օրին չէինք ընկնի:
Հետաքրքրիր է ,սա Հրազդանում ընտրակաշառք ստացող է եղել , թե բաժանող, թեև դժվար, թե սրան որևէ մեկը հիմա կվստահի: Սա երևի օգտվելով առիթից, որ հրազդանում խառն իրավիճակ էր , փախած կլինի, կամ ուր պիտի փախի, նրան միայն ադրբեջանում կընդունեն, որպես իրենց գործակալ:
Հարգելի Մանվել, հնարավոր է, որ սա Ադրբեջանի գործակալ լինի, մանավանդ, որ հայրանունը Շիրին է, ուրեմն ինչ-որ արյունակցական կապեր կունենա թուրքերի հետ: Բայց ավելի հավանական է, որ սա ոստիկանական գործակալ կլինի, որ արդեն քանի մարդու, այդ թվում և իր եղբոր վրա գործ է սարքել տվել, իսկ ոստիկանները չեն ցանկանում առայժմ նրա դեմ գործ բացել զինկոմի ասած կեղծ ազատամարտիկի կերպարի մեջ մտնելու համար: Նախագահականն էլ կարծես չի ուզում իր ,,դոբրոյին,, անդրադառնալ, երևի թե նրանց դուրն էլ գալիս է այս կարգի ավանտյուրիստների առկայությունը մեր երկրում:
Հեղինակը հոդվածի վերջում շատ հասկանալի ակնարկել է, թե ում գործակալն է պրոֆտեխուսումնարանի այս նախկին սանը: ,,Երրորդ հարցը կարելի է ուղղել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Տարվա քաղաքացի» շնորհող ՇՊԱԿ կազմակերպությանը`«Միթե Հայաստանին 2011թ. համար այսպիսի ՏԱՐՎԱ ՔԱՂԱՔԱՑԻ էր հարկավոր»:
Հիմա Հայաստանին ,,ցինիկի պես անպատկառ է, լրբի պես համարձակ» մարդիկ են հաջողության հասնում: Իսկ զինկոմի այն դատողությունը, որ «Մարդ, որն իր կենսագրությունը ֆալսիֆիկացիայի է ենթարկում շահադիտական նպատակով ինչ-որ դիվիդենտներ ձեռք բերելու համար և պատերազմի մասնակցի կեղծ տեղեկություններ է տարածում, քրեական հանցագործ է, պատերազմի ժամանակ այդպիսի պադոնոկներին գնդակահաում էին, նրանք պղծում են մեր զոհերի թափած արյունն ու հիշատակը» վկայում են լոկ զինկոմի ռոմանտիկ բնավորության մասին, որոնք և կռվեցին և հաղթանակ բերեցին մեր երկրին, հիմա նրանց թիվը օրօրի պակասում է: