Երեկ ձերբակալվել է Աշոտ Ավետիսյանը, նույն ինքը՝ հանրահայտ Բանգլադեշի Համոն: Այդ մարդն ունի հարուստ եւ բովանդակալից քրեական կենսագրություն: 2004 թվականի ապրիլի 5-ին «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ նա ձվեր էր նետում ԱՄԿ ղեկավար Արտաշես Գեղամյանի ուղղությամբ, իսկ երբ լրագրողները փորձեցին նկարահանել դա, նա ջարդեց նրանց ֆոտո եւ տեսախցիկները՝ բռնություն կիրառելով լրագրողների նկատմամբ:
2005 թվականի փետրվարի 4-ին Ավետիսյանն ակտիվ մասնակցություն ունեցավ երկու հանցավոր խմբավորումների միջեւ տեղի ունեցած եւ մարդկային կյանքեր խլած «ՏԷՑ-ի կռուգի ճակատամարտին», որի ընթացքում կիրառվեց տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում նաեւ՝ ինքնաձիգներ: Երկու դեպքում էլ Համոն ստացավ պայմանական պատիժ:
2010 թվականին Տիգրան Մեծի պողոտայում նա վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու եւ փախուստի դիմել: Չնայած այդ քաղաքացին մահացավ՝ Ավետիսյանը դրա համար ընդամենը տուգանք վճարեց: