«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում մամուլի ազատության առումով որոշակի առաջընթաց է նկատվում: Առաջընթաց իսկապես կա, բայց այն չնչին է, որովհետեւ «Ա1+»-ը եթերում չէ, հեռուստաընկերությունները շարունակում են ղեկավարվել նախագահական նստավայրից (թեեւ ոչ այն կոշտ ոճով, որն ընդունված էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ), իսկ թերթերի դեմ անկապ դատեր են բացվել եւ նույնքան անկապ դատավճիռներ հրապարակվել: Նշվում է, որ Հայաստանը «պատվավոր» 77-րդ տեղում է: Դա փոքր սփոփանք է, որովհետեւ ա/ մեր ժողովրդի մտավոր պոտենցիալով մենք պետք է առաջին տասնյակում լինենք, բ/ մենք պարտավոր ենք ժողովրդավարության առումով մեր հարեւաններից մի քանի գլուխ բարձր լինել՝ մեր ազգային խնդիրները առաջ տանելու համար: Դրա մասին բազմիցս ասվել է՝ չարժե կրկնել:
Փոխարենն արժե հասկանալ, թե որոնք են ներկա վիճակի արմատները: Պատկերացրեք մի մարզպետի, որն ուզում է իր մարզի ժողովրդին ինչ-որ կարեւոր հաղորդագրություն ուղարկել: Նման հաղորդագրությունների համար նա ստեղծոււմ է իր մարզային թերթը եւ իր հեռուստատեսությունը, որոնց միջոցով էլ շփվում է իր բնակիչների հետ: Եթե մարզում կան ոչ իր գրպանում գտնվող լրատվամիջոցներ, եւ նա հնարավորություն չունի դրանք փակելու, ապա նա, համենայնդեպս, ամեն ինչ կանի դրանց հետ չշփվելու եւ դրանց հարցերին չպատասխանելու համար: Այսինքն՝ կա հստակ բաժանում «մերոնքական» եւ «ոչ մերոնքական», «բարեկամ» եւ «թշնամի» լրատվամիջոցների: