Լրահոս
Օրվա լրահոսը

Սառած ճանապարհների պատճառով մեքենաներ են բախվել Կապանում

Փետրվար 01,2012 15:10

Սյունիքի մարզկենտրոնում այս օրերին բավականին ավելացել են ավտովթարները: Այս անգամ մեքենաների բախման պատճառը սառած ճանապարհներն են եւ ձյան ծածկույթը: Մեքենաների հասցված վնասները տարբեր չափերի են՝ թեթեւ վնասներից մինչեւ 200 հազարը եւ ավելին:

ՙԻնգո Արմենիա՚ ապահովագրական ընկերության Կապանի գրասենյակը միայն երեկ մեքենաների իրար բախման 12 դեպք է արձանագրել եւ իր ծառայությունները մատուցել: Ապահովագրական ընկերության փորձագետ Ռոբերտ Հարությունյանի խոսքով՝ դեպքերի հիմնական պատճառը ձյան շերտն ու սառած եւ դժվարանցանելի ճանապարհներն էին: ՙ12-ից մեկը խոշոր չափի վնաս էր կրել` 200 հազարից ավելի, իսկ մնացածի վնասները տարբեր չափերի էին՝ մինչեւ 200 հազար դրամի հասնող՚, – հավելում է զրուցակիցս:

Երեկ միանգամից մի քանի մեքենաների բախում է արձանագրվել Կապանի հիվանդանոցի հարեւանությամբ կամուրջից դեպի մանկապարտեզ տանող ճանապարհահատվածում, որտեղից այդ ժամանակ ծնողները երեխաներին մանկապարտեզից տուն էին տանում: Ըստ վարորդների` մեքենաների արգելակները սառցապատ ճանապարհին դժվարությամբ են աշխատում: Տվյալ հատվածի նման վտանգավոր մի քանի այլ հատվածներ էլ կան քաղաքում: Կապանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունից փորձեցինք ճշտել, թե ինչ աշխատանքներ են տարվում իրենց կողմից, քանի որ բացի մեքենաների բախումներից, անցորդներն էլ են մայթերին ու ճանապարհներին ընկել եւ վնասվածքներ ստացել: Ծառայության պետ Արմեն Գեւորգյանը հավաստիացրեց, որ այս պահին աղ ու ավազի 3-րդ մեքենան է դատարկվում, վաղ առավոտից Կապանի կենտրոնական ու ծայրամասային բոլոր թաղամասերի ճանապարհներն ու մայթերն են աղ ու ավազով մշակել, աստիճանավանդակերն ու բոլոր հետիոտն կամուրջները: ՙՁյուն եկած օրվանից աշխատում ենք, էս պահին ծայրամասային Բարաբաթում եւ Բաղաբուրջ թաղամասեր տանող ճանապարհներն ենք մշակում: Աղ ու ավազի բավականին պաշար ունենք` 20-30 տոննա ավելի նախորդ տարվանից: Քաղաքի դժվարանցանելի հատվածներին ավելի ուշադիր ենք լինում, աղ ու ավազով մշակման ամենօրյա աշխատանք ենք անում, նույնիսկ օր է եղել, որ օժանդակ բանվորները մաքրել են, աղ ու ավազ ցանել, բայց մի ժամ հետո ձյուն է եկել ու կրկնակի ենք էդ աշխատանքներն արել՚, – պարզաբանում է կոմունալ ծառայության պետ Արմեն Գեւորգյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829