Լրահոս
Օրվա լրահոսը

Մուտքը՝ գրքով

Փետրվար 14,2012 14:04

«Առավոտի» ուշադրությունը գրավեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 17-ին կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական ելույթի հայտագիրը՝ վերնագրված «Համերգ՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ»: Մշակութային հայտագրի ներքեւում, ուր սովորաբար լինում է «տոմսերը վաճառվում են» արտահայտությունը, տեղ է գտել մեկ այլ՝ «Մուտքը՝ գրքով» արտահայտությունը, ինչից արվեստագետներն ու արվեստասերները եզրակացնում են, որ համերգը հայ գրատպության 500-ամյակին եւ  Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումներից է: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի  փետրվարի 18-ին նշանակված Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» եւ Պիացոլայի «Տանգո» մեկ գործողությամբ բալետային ներկայացումներին դարձյալ պետք է գրքերով ներկայանալ: Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի  եւ Ազգային օպերային թատրոնի գլխավոր ադմինիստրատորներ Քնարիկ Սահակյանը եւ Ժիրայր Տիգրանյանը տեղեկացրին, որ միջոցառման նախաձեռնողը ՀՀ մշակույթի նախարարությունն է: Իսկ հավաքված գրականությունը կուղարկվի հեռավոր մարզեր:

Այսօր բոլորիս տներում էլ գրքեր կան, երբեմն դրանք «ննջում» են գրադարակներում՝ այլեւս առաջ չբերելով հետաքրքրություն, մինչդեռ ինչ-որ մեկին դրանք հաստատ պետք են, անգամ գիրք վաճառող այն մարդկանց, ովքեր երեւանյան փողոցներում խնդրում են գրքեր գնել չնչին վճարով: Չի բացառվում, որ այդ օրը գրավաճառները հայտնվեն վերոնշյալ մշակութային օջախների տոմսարկղերի մոտ՝ վաճառելու իրենց գրքերը նրանց, ովքեր տեղյակ չեն եղել, որ համերգին ու ներկայացմանը մուտքը գրքով է:

Ի՞նչ է լինելու հավաքված գրքերի հետ: Մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանն ի պատասխան՝ ասաց. «Գիրք նվիրելու օրը փետրվարի 19-ն է, իսկ 16-18-ը մշակույթի նախարարության ենթակայության օջախներում կանցկացվի 20 թատերահամերգային միջոցառում, ընդգրկված է նաեւ 28 թանգարան: Հավաքված գրքերն էլ տրամադրվելու են սահմանամերձ համայնքային գրադարաններին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829