Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը փնտրում է Գյումրիում «դեբոշ» սարքած Շեկոյին

Մարտ 31,2012 19:10

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրիում երկու մականունավոր երիտասարդներ` ԲՀԿ-ի համար ձայներ հայցող «Շեկոն»` Արտյոմ Կարապետյանը, և ՀՀԿ-ի համար նույն գործին լծված «Տանկը»` Հովհաննես Մկրտչյանը, ընտրական հողի վրա ծեծկռտուք էին սարքել` ապացուցելու, թե թիվ 34 ընտրատարածքում ով է իրենից ավելի մեծ հեղինակություն ներկայացնում: Արդյունքում «Շեկոն»` Արտյոմ Կարապետյանը, երկու այլ երիտասարդների հետ ծեծել է «Տանկին», և մինչ «Տանկը» նախապատրաստվել է պատասխան տալու, իր ընկերական շրջապատին է հավաքել, ճիշտ ժամին վրա է հասել ոստիկանությունը: «Շեկոն» դեպքի վայրից դիմել է փախուստի:

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը հենց նոր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք փնտրում են «Շեկո» մականունով երիտասարդին և քանի դեռ նրան բերման չեն ենթարկել, չեն կարող տեղեկություններ տրամադրել դրդապատճառների մասին, չեն կարող ասել ` անձնակա՞ն բնույթի վեճ է եղել, թե՞ ընտրությունների թեմայով: Ոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ «Տանկի» հետ եղել են ևս երկու հոգի, որոնց կբացահայտեն հերոսին գտնելուն պես: «Պաշտոնապես հայտարարում եմ, Գյումրիում կրակոցներ չեն հնչել»,-ասաց Կարեն Բաբակեխյանը:

Նշենք, որ «Շեկոն» աշխատում է ԱԺ պատգամավոր , ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանի ընտանիքին պատկանող ավտոկայանում, իսկ «Տանկը»` Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Ռեպինի փողոցում տեղակայված սպորտդպրոցի տնօրենն է: Ի դեպ, ծեծկռուտքը տեղի է ունեցել հենց «Տանկի» գլխավորած կառույցում:

Այսօր Գյումրի ժամանած ԲՀԿ առաջնորդը կրակոցների հետ կապված փորձում էր համոզել, որ դրանք ընտրությունների նախաշեմին տարածվող հերյուրանքներ են, որոնց իրենք չեն հավատում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031