Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ մի երկրում թանգարանը տեղակայված չէ բնակելի շենքում

Ապրիլ 04,2012 13:29

Գեղանկարիչ Տարոն Մուրադյանը՝ Ժամանակակից արվեստի թանգարանի ու ժամանակակից նկարիչների ճակատագրի մասին:

Վերջին շրջանում արվեստի գործիչները հաճախ են բարձրաձայնում մեր երկրում իրականացվող մշակութային քաղաքականության թերությունների եւ հատկապես կերպարվեստի հանդեպ ձեւավորված անտարբեր վերաբերմունքի մասին: Սա էլ հենց առիթ հանդիսացավ գեղանկարիչ Տարոն Մուրադյանի հետ «Առավոտի» հանդիպման: Նա առաջիններից է, ով 1991-ից՝ շուրջ 18 տարի համագործակցելով Փարիզի Gallery Mouvance-ի հետ, այսօր էլ «տեղափոխվել» է Ժնեւի Gallery Bel-Air Fine Art:

Մեր զրուցակցից նախ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են իրեն «գտել» Փարիզի հայտնի ցուցասրահից: «90-ականների սկզբներին մի քանի աշխատանք վերցնելով՝ ուղեւորվեցի Փարիզ, բնականաբար, ցանկություն ունենալով պայմանագիր կնքել որեւէ ցուցասրահի հետ: Սկզբում հանդիպեցի նման մշակութային օջախների 2 հայազգի տերերի հետ, որոնք անգամ «չզննելով» աշխատանքներս, մեղմ ասած՝ ինձ դուրս հրավիրեցին:

Միայն Փարիզում գործում է շուրջ 1000 ցուցասրահ, որից 14-ի դուռը ծեծելուց եւ մերժվելուց հետո, վերջապես աշխատանքներս հավանության արժանացան Եվրոպայում ճանաչված Gallery Mouvance-ի կողմից: Ընդ որում՝ վերջինիս միջոցով էլ ինձ համագործակցության հրավիրեցին Ժնեւի ցուցասրահ, որտեղ, բացի ինձնից, ուշադրության է արժանացել նաեւ Վահրամ Դավթյանը»,- ասաց արվեստագետը: Նա հավելեց, որ Արեւմուտքում գործող ճանաչված ցուցասրահներում աշխարհահռչակ նկարիչներ Սեզարի, Դալիի, Բրակի, Բոտերոյի, Իվ Քլայնի, Արմանի եւ մյուս անվանիների ստեղծագործությունների կողքին ներկայացված են նաեւ ժամանակակից ոչ այնքան հայտնի նկարիչներ:

Քանի որ Տարոն Մուրադյանի աշխատանքներից տեղ են գտել Երեւանի «Արամե» ցուցասրահում, հետաքրքրվեցինք արվեստագետի նկարների արեւմտյան եւ տեղական գնային քաղաքականությամբ: «Եվ դրսում, եւ Հայաստանում նկարներս նույն գինն ունեն: Դրանց չափը «որոշվել» է արեւմտյան ցուցասրահներում: Չեմ կարող հավատալ հաճախ հնչող այն կարծիքին, որ նույն գործը դրսում վաճառվում է ավելի թանկ, քան Հայաստանում: Աշխատանքն աշխատանք է… Ուրիշ հարց է, որ Հայաստանում մարդիկ ընկած են կենցաղային պրոբլեմների հորձանուտը: Ինչ խոսք, բոլորիս պարզ է, որ մինչեւ մշակույթը, մեր ժողովուրդը շատ ուրիշ հոգսեր ունի, ինչի լուծումը շատ հաճախ ակնկալում է պետությունից: Սակայն դա չի նշանակում, թե մշակույթը պետք է ստվերում մնա,- ասաց գեղանկարիչը, շարունակելով, թե այս բոլոր խնդիրները հեշտ լուծվող են, օրինակ բերելով մոտակա ԱԺ ընտրությունները եւ դրան հաջորդող նախագահականը,- պետք է «վերադասի» ճիշտ ընտրություն կատարել: Ի վերջո, Հայաստանը պարզապես բնակավայր չէ մեզ համար՝ մեր հայրենիքն է»:

Տարոն Մուրադյանը զրույցի ընթացքում քանիցս նշելով հայերիս արվեստասեր լինելու հանգամանքը՝ փաստեց Ժամանակակից արվեստի թանգարանի շենքի տխուր վիճակը. «Ոչ մի երկրում չեք տեսնի, որ Ժամանակակից արվեստի թանգարանը տեղակայված լինի բնակելի շենքի առաջին հարկում: Գոնե պետության կողմից պետք է վերաբերմունք լինի, հետո էլ սիրում են անընդհատ արտասանել, թե մշակույթը մեր այցեքարտն է»: Գեղանկարիչը օրինակ բերեց Լոնդոնի Tate ժամանակակից արվեստի թանգարանը, որտեղ ընդամենը մեկ անգամ ներկայացված երիտասարդ նկարչի առջեւ կարող են բացվել աշխարհի լավագույն ցուցասրահների դռները:

Տարոն Մուրադյանը ցավով փաստեց իր այն բարձրարվեստ վրձնակիցների վիճակը, ովքեր այսօր երեւանյան վերնիսաժում դժվարությամբ գոյատեւում են. «Մինչդեռ Փարիզի Մոնմարտրի վերնիսաժում ցուցադրվող ինքնուսներին չես համեմատի Երեւանի վերնիսաժում մեծ թիվ կազմող պրոֆեսիոնալների հետ՝ գոնե մեկ պատճառով. տարեկան Փարիզ շուրջ 100 մլն զբոսաշրջիկ է ելումուտ անում, ինչից պակաս չի մնում Մոնմարտրը… Մի խոսքով՝ յուրաքանչյուրս մեր հերթին, իսկ պետությունն էլ շատ խնդիրներ ունի լուծելու»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30