Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցնելու ճանապարհ ունենք». հարցազրույց Ռուսաստանի հայկական հեռուստատեսության հիմնադիրների հետ

Ապրիլ 04,2012 14:15

Հեռուստաընկերության նախագահ Արմեն Ղազարյանը

Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Տաթեւ Աղամիրյանը

Տեղեկացա, որ ապրիլի 2-ին կլրանա Մոսկվայի ռուսալեզու, արբանյակային միակ հայկական հեռուստաալիքի ` «TV ARM RU»-ի երկու տարին:  Ղեկավարությանը ճանաչում էի հեռակա: Բնականաբար, ոտքերս դեպի հեռուստատեսություն ուղղորդեցին: Ընկերության նախագահը` Արմեն Ղազարյանը և գլխավոր տնoրեն Տաթևիկ Աղամիրյանը, ամուսիններ են: Ինձ ջերմ ընդունեցին: Երկուսն էլ ստեղծագործող մարդիկ են: Իմ հարցին՝ իրենց սիրո պատմության վերաբերյալ, պատասխանեցին, որ դա, միանշանակ, սեր չէր առաջին հայացքից, այլ փոխադարձ համագործակցություն, որ օր օրի հանգեցրեց գիտակցված սիրո, մեկը մյուսին լրացնելու և առանց մեկմեկու տխրելու զգացողության:

Մենք բնավորությամբ էլ նույնն եք,-պատմեց Տաթևիկը,- եթե մի գործ ենք սկսում, ապա այնքան ամուր և հավատքով ենք կառչում` մինչև հաղթական ավարտին հասցնենք: Ամեն ինչ սկսվեց 2004-ին, Ղրիմում, որտեղ ես հեղինակային երգի մրցույթի էի մասնակցում: Հաղթող ճանաչվեցի, շահեցի «Գրան Պրի» մրցանակը: Հետո ապագա ամուսինս առաջարկեց երգի  միջոցով գովազդել «Անելիք» բանկի, այսպես ասած, բրենդը: Այն տարիներին Արմենը Մոսկվայի «Անելիք» բանկի կառավարիչն էր: Աստիճանաբար իրար կողքի գտնվելն անհրաժեշտություն դարձավ, այնուհետ` կարոտ, փոխադարձ հարգանք ու սեր: Ամուսնացանք: 2008-ին ես վերջնականապես տեղափոխվեցի Մոսկվա: Հեռուստաընկերություն բացելու գաղափարը հայավարի ծնվեց` խաշի սեղանի շուրջ, և այդպես էլ, ցավոք սրտի, շարունակվում  է երկու տարի (ժպտում է-Ս.Ս.):

-Ինչո՞ւ ցավոք սրտի:

Տեղի մեծահարուստների հետ, ինչպես ասացի, խաշի էինք հրավիրված: Խոսակցություն բացվեց Ռուսաստանում հայկական հեռուստաընկերություն հիմնադրելու մասին: Բոլորը ոգևորվեցին: Սեղանակիցներից ոմանք  նունիսկ վրդովվեցին, թե` մեզ պատիվ չէ, ԱՄՆ-ում անգամ մի քանի հայկական հեռուստաալիք կա, իսկ այստեղ` ոչ մեկը: Նրանցից շատերը խոստացան նաև, հեռուստաընկերություն բացելու դեպքում, վեցանիշ թվերով ներդրումներ անել: Ահա այսպես հայավարի մենք` ամուսիններով, լծվեցինք գործի: Արդեն երկու տարի է հեռուստաալիքը գործում է, բայց վեցանիշ թվեր խոստացող մոսկովյան մեծահարուստները  ընդհատակ անցան: Նույնիսկ բաժնետերերի առաջին ժողովին, «քաղաքում չեմ» պատճառաբանությամբ, խուսափեցին մասնակցել:

-Փաստորեն, տեղի գործարարները Հայաստանի գործարարներից շատ չեն տարբերվում:

Թույլ տվեք` ես չհամեմատեմ, միայն արձանագրեմ իմ վերը ասածը` հայավարի մոտեցան:

-Ըստ ձեզ, ի՞նչն է պատճառը:

Թերևս անկախ լինելը, կոնկրետ մարդկանց շահեր չհետապնդելը: Մեր հեռուստաընկերությունը շահերի սպասարկու չդարձավ: Մենք մեր ներքին կանոնադրությամբ այդ դրույթն ամրագրել ենք: Որպես լուրեր` եթեր ենք հեռարձակում միայն  ՀՀ-ից ստացած պաշտոնական տեղեկատվությունը և  ավելի շատ  շեշտը դնում ենք մշակութային, իմացական և գիտական ծրագրերի կայացման վրա: Մանավանդ, որ մեր հաղորդումները բացառապես ռուսերենով են: Ասել է թե` մեր հաղորդումները Ռուսաստանի ազգաբնակչության պահանջներին պիտի համապատասխանեցնենք նաև: Մի բացառությամբ, որ հնարավորություն է ընձեռվել ներկայացնել հայ մշակույթն ու պատմությունը: Ի դեպ, ուզում եմ նշել, որ միլիոնավոր մարդիկ են դիտում մեր հաղորդումները աշխարհով մեկ:  Հիշում եք` տասնամյակներ առաջ ինչպես էինք կաշիներիցս դուրս գալով ռուսներին պատմում, թե որքան հին են մեր արմատները, պատմում էինք Վարդանանց պատերազմից, մեր` քրիստոնեությունը  առաջինը պետական կրոն ընդունած ազգ լինելուց, ցեղասպանությունից և այլն, ցուցակը կարող ենք շարունակել: Այսօր մեր հեռուստաընկերության միջոցով հնարավորություն ունենք ոչ միայն խոսել այդ մասին, այլև ցուցադրել Հայաստան աշխարհն իր բազմադարյա եկեղեցիներով ու խաչքարերով, հպարտ սար ու ձորերով: Եղածից ավելի ոչ ոքին ու ոչինչ հավաստիացնելու խնդիր չունենք: Ահա հայկական ռուսալեզու հեռուստաընկերության պատկերը: Ի սկզբանե մենք նաև նպատակ ունեինք աշխատելու ԲԲԸ-ի կառուցվածքով, որպեսզի այստեղ բնակվող յուրաքանչյուր հայ կարողանա ակտիվներ ձեռք բերել և սեփական ներդրումն ունենալ հեռուստաընկերության կայացման գործում: Ավաղ,  այդ ծրագիրը դեռ չի իրականանում: Ուրեմն, անցնելու ճանապարհ ունենք:

-Դե ինչ, շնորհակալություն և Ռուսաստանի առաջին հայկական հեռուստաընկերությանը բարի երթ:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.-Ցավով պիտի արձանագրեմ, որ Ռուսաստանի հայ համայնքը, ի տարբերություն ԱՄՆ-ի, ապաքաղաքական է: Ավելի շուտ` ձեռքերն է լվանում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի անցուդարձին, ավելի շատ, պարտականության պես, աշխատած գումարներն ուղարկում հարազատներին: Իսկ, այ պահանջվող պարտականության զգացումը դեռ չի հասունացել: Պատճառները բազմաթիվ են: Մեղմ ասած` Ռուսաստանը ևս ժողովրդավարացման ճանապարը նոր պիտի անցնի, դե իսկ մեր հայրենակիցներն էլ, դրան համահունչ, քաղաքացի դառնալու ճանապարհը:

Այստեղ և ամենուր հայի տխուր «գլուխդ կախ, հացիդ փոխը վաստակի′ր» փիլիսոփայությունը դեռ երկար կիշխի: Իսկ հեռուստաընկերությունը, թեկուզև այս չափորոշիչներով, կարծում եմ` կարևոր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30