Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմկուսը՝ 4-ի հայտարարության մասին. «Մենք անկոչ հյուր չենք»

Ապրիլ 04,2012 21:46

 Այսօր Քաղաքագետների միությունում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները քննարկել են միջկուսակցական շտաբ ձեւավորելու հնարավորությունը Քննարկման արդյունքում բացառությամբ ՀՀԿ-ի, մյուս 4 քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն՝ ի դեմս իրենց ներկայացուցիչների, ի վերջո, ստորագրել են այդ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին հայտարարություն: Այն, ի դեպ, բաց է համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար, իսկ ինչպես հայտնի է, առաջիկա ընտրություններին բացի այս կուսակցություններից, մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ այլ քաղաքական ուժեր եւս, մասնավորապես՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմկուսը, «Միավորված հայեր» կուսակցությունն ու ՕԵԿ-ը:

Ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ Դեմկուսը միանա այս հայտարարությանն ու ընդգրկվի միասնական շտաբում, կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց. «Այն ժամանակ, երբ առաջին անգամ խոսվեց միասնական շտաբ ձեւավորելու մասին՝ մենք հայտարարեցինք, որ շահագրգիռ ենք այդ հարցում եւ պատրաստ ենք մեր մասնակցությունը բերել դրան: Այս դեպքում, մենք անկոչ հյուր չենք, էլի. եթե մեզ առաջարկություն արվի՝ կքննարկենք այդ հարցը»:

Մեր հիշեցմանը, թե հայտարարությունը բաց է ընտրություններին մասնակցող ուժերի համար՝ Դեմկուսի առաջնորդն այսպես արձագանքեց. «Եթե  չորսը միասին արդեն հայտարարություն են անում՝ կնշանակի, որ կարող էին եւ հինգերորդին, եւ վեցերորդին ու յոթերորդին էլ հրավիրել: Ի՞նչ է նշանակում՝ հայտարարությունը բաց է: Եթե նախաձեռնություն է՝ թող լիներ ընդհանուր, ի՞նչ էր պատահել: Համենայնդեպս, կփորձենք  պարզել, թե դա ինչ է եւ ինչ են առաջարկում»:

Հիշեցնենք, որ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք, Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, գիտակցելով Հայաստանի առջեւ ծառացած բարդ խնդիրների բարեհաջող հանգուցալուծման համար մայիսի 6-ին կայանալիք ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ, եվրոպական չափանիշներին հարիր անցկացնելու նշանակությունը, կարեւորելով այդ գործում հանրության եւ քաղաքական կուսակցությունների ջանքերը միաբերելու անհրաժեշտությունը, համաձայնվում ենք ձեւավորել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30