Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ժխտում` ՀՀԿ-ի մեջ կան մարդիկ, որոնք միայն «Շամիրամի» կուսակցական տոմսը չունեն իրենց գրպաններում»

Ապրիլ 04,2012 22:00

Aravot.am-ը Գյումրու Հանրապետական կուսակցության պատասխանատուներից մեկից` քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այս օրերին զանգվածաբար հանրապետականացնում պետական կառույցների աշխատակիցներին, մի՞թե իշխող կուսակցությունն այդքան հզոր չէ, վախենում է ինչ-որ քաղաքական ուժից և այդ պատճառով է դիմում ստիպողական քայլերի: «Ես կուսակցական շինարարության մեջ բավականին լուրջ փորձ ունեմ, մի ժամանակ էլ Հանրապետական կուսակցությանը քննադատում էին, թե այդքան հզոր կուսակցություն է, բայց այս կամ այն կուսակցությունն իրենցից ավելի շատ անդամներ ունի: Ես պարզապես ասում եմ, որ որակը պայմանավորված է ոչ թե քանակով, այլ կոնկրետ նվիրյալներով: Կոնկրետ այս պարագայում շատ դիպուկ հարց տվեցիք՝ հոսքը անչափ շատ եղավ Հանրապետական կուսակցություն: Մարդը դիմել է, ու մենք նրա դիմումը չենք մերժել, ընդգրկել ենք մեր կուսակցության մեջ: Բայց ես վստահ եմ` նրանց մեջ կան մարդիկ, որոնք ընդամենը միայն «Շամիրամի» կուսակցական տոմսը չունեն իրենց գրպաններում: Այսօր անվերահսկելի է` ով քանի կուսակցության է անդամագրվել և ինչ նկատառումներով: Չեմ ժխտում` կան մարդիկ, որոնք Հանրապետական կուսակցությանը անդամագրվում են իրենց զբաղեցրած աթոռները պահելու համար կամ հեռահար նպատակներ ունեն, բայց ասեմ, որ Հանրապետական կուսակցությունը հզորանում է ոչ թե այդ մարդկանց անդամակցելով, այլ նվիրյալներով», -ասաց մեր զրուցակիցը:

Aravot.am-ի այն հարցին ի պատասխան էլ, թե ՀՀԿ-ի մեջ կա՞ ն մարդիկ, որոնք Նժդեհի անունն անգամ չեն լսել, մեր զրուցակիցը անկեղծացավ. «Ես կասեի ոչ թե կան, այլ անչափ շատ են:Բայց քանի որ մեր երկրում կուսակցական այս ինստիտուտը դեռևս կայացած չէ, դրա արդյունքում ունենք 72-74 կուսակցություններ եւ, եթե դնենք այդ բոլոր ցուցակները, գումարենք իրար, թե յուրաքանչյուր կուսակցությանը քանի մարդ է անդամակցում՝ մեզ մի պահ կթվա, որ մենք ոչ թե Հայաստանում, այլ Չինաստանում ենք ապրում: Բայց երբ որ մեր մոտ կկայանա քաղաքական դաշտը, բոլոր մանրմունր կուսակցությունները (ես կուսակցություն էլ չէի համարի, երևի հասարակական կազմակերպություններ էլ չհամարեի դրանց) դուրս կգան, կմնան 5-6 լուրջ կուսակցություններ, բոլոր այս ինչուների , ավելորդ խոսակցությունների վերջը կդրվի, հետագայում էլ լուրջ պառլամենտ կունենանք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30