Ինչպես տեղեկացրել ենք, մի քանի ժամ առաջ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները կրքոտ ելույթ էին ունենում Վարդանանց հրապարակում` բացառելով ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Գյումրիում: Նրանք ամենավերջին անհարգալից արտահայտություններն էին հնչեցնում կազմակերպչի` Գեորգի Վանյանի և Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հասցեին, ով համաձայնել է իր ակումբը տրամադրել կինոցուցադրման համար:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Առավոտի» հետ զրույցում իր կողմից տարածք տրամադրելն այսպես պարզաբանեց . «Խաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն հ/կ-ի նախագահ Գեորգի Վանյանը մոտավորապես մեկ ամիս առաջ ինձ դիմել էր խնդրանքով` տարածք տրամադրել վրացական ու ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության համար: Բանավոր, ոտքի վրա խոսակցություն է եղել, ես ասել եմ` մեր տարածքը բաց է ցանկացած մարդու, կազմակերպության առաջ, ով հետաքրքված է, կարող է գալ , իր ասելիքն ասել, և վերջ. մեր պայմանավորվածությունն ավարտվել է»: Ըստ նրա` երկու շաբաթ առաջ ակումբում ցուցադրվել են վրացական երկու ֆիլմեր` «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ», մյուսը` «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ -2», առաջինը ինքը դիտել է, երկրորդի սյուժեին ժամանակ չունենալու պատճառով չի ծանոթացել:
Լևոն Բարսեղյանի ներկայացմամբ, կազմակերպիչը ադրբեջանական ֆիլմերի հետ կապված նախապես հայտնել է, որ 4 կարճամետրաժ ֆիլմեր են, ընդհանուր տևողությունը 1 ժամ 15 րոպե, երեքը գեղարվեստական են , մյուսը` վավերագրական: Կազմակերպիչը նաև նախազգուշացրել է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ որևէ կապ չունեն:
Լևոն Բարսեղյանի պատմելով` որոշ ճշգրտումներ կատարելու նպատակով երեկ առավոտյան իրեն զանգահարել է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Արտաշես Կարապետյանը: Նա պաշտոնյային ամեն ինչ մանրամասն պատմել է, որից հետո վերջինս շնորհակալություն հայտնելով կախել է հեռախոսը: «Կես ժամ հետո նորից զանգեց, արդեն երևի ինստրուկտաժ ստացած, ասեց` չի՞ եղնի օր ցուցադրումը չեղնի Լևոն ջան, ասի չէ` պիտի լինի, որովհետև երբ որ դու եկար «Ասպարեզ» ակումբ` Մինաս Ավետիսյանի նկարների հետ կապված ասուլիս տալու, քեզ ոչ մեկը չհարցրեց ի՞նչ պիտի ասես `լա՞վ բան, թե՞ վատ բան: Մեր ակումբը 12-13 տարի ազատ է ցանկացած մեկի համար `գողեր, բոզեր, իշխանություններ, ընդդիմություն, ազատամարտիկ, ազատամարտիկի ընտանիքի մարդ, անօթևան, չգիտեմ իմպորտնի, տեղական, բոլոր մարդիկ էստեղ ասուլիս են տվել, մեր հիմնարար սկզբունքն է, որից նահանջել չենք կարող: Մշակույթի բաժնի պետը սկսեց ինչ-որ բաներ բացատրել, թե լավ չի լինի, կարող է ձեր համար վատ լինի: Ես բացատրեցի, որ մենք պատրաստ ենք դիմագրավել, մանավանդ սովոր ենք. ավտո՞ պիտի պաժառ տան` տվել են, էլի թող տան, շե՞նք պիտի պաժառ տան, փորձեն թող տան: Երկրորդ զանգի ընթացքում մոտ 20 րոպե փորձում էր բացատրել , որ ճիշտը դա չէ, ես բացատրեցի, որ «Ասպարեզը» չի կարող առավոտ տղա լինի, ցերեկը հղի կնիկ, իրիկունը` ազապ աղջիկ: Բոլորին էլ խորհուրդ եմ տվել դիմել կազմակերպչին, ով որ նախաձեռնել է , անունը դրել է փառատոն, ով որ մերժվել է Երևանում, Վանաձորում դահլիճներ ստանալ: Էդ տրամաբանությամբ նույնն է, որ իրենք փորձեն Գեորգի Վանյանին Գյումրի բերող տաքսու շոֆերին ասել ` մի բեր, ռեստորանում ասեն` հաց մի տուր, հյուրանոցում ասեն` տեղ մի տուր և այլն, և այլն:Այսինքն լոգիկայից փախած է, իրանք թիրախը սխալ են ընտրել և չեմ կարծում, թե իրենք պատահական են սխալ ընտրել, դիտավորյալ են ընտրել»:
Լևոն Բարսեղյանը զառանցանք է որակում միտինգի ժամանակ իր հասցեին հնչեցրած թուրք, դավաճան և այլ արտահայտությունները: «Եթե ես պատգամավորության թեկնածու լինեի, կհասկանայի այդ զառանցանքները, ես գիտեմ, որ «Ասպարեզը» բազմաթիվ թշնամիներ ունի, ես էլ ունեմ թշնամացած մարդիկ, բայց որ էդքան կիջնեին, մտքովս չէր անցնում: Էս ամբողջ պատմության մեջ պակասում է իմ թեկնածու լինելը, կարո՞ղ է թեկնածու եմ, խաբար չեմ», – ծիծաղեց պարոն Բարսեղյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ








Անձամբ չեմ ճանաչում Լեվոն Բարսեղյանին, բայց կասեմ, որ այս պարագայում «ինստրուկտաժ» արած կամ էլ իրենց կյանքում իրենց երկրին ու ժողովրդին միայն վնաս հասցրած այդ մի քանի «հայրենասերներից» շատ ավելի հայրենասեր է Լեվոն Բարսեղյանը: Եվ ոչ միայն ավելի հայրենասեր է, այլ ամենակարեվորը՝ սկզբունքային է …