Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» տարակուսում է, թե ինչու են մերժում իրենց ներկայացրած կառուցողական առաջարկները

Ապրիլ 12,2012 19:55

Լինելով ազատ ու արդար ընտրությունների հետեւողական ջատագով, կարեւորելով օրինական ընտրություններ անցկացնելու հարցում անկեղծ համագործակցությունը եւ գիտակցելով նշված նպատակին հասնելու ճանապարհին ցանկացած շահագրգիռ ուժի կողմից ներկայացվող առաջարկների քննարկման անհրաժեշտությունը, «Ժառանգության» նախընտրական շտաբն արձանագրում է, որ այս պահի դրությամբ ասպարեզ են բերվել օրինական ընտրությունների անցկացմանը միտված կամ առնվազն դրա մասին հռչակող նմանատիպ համագործակցության ձեւաչափերի վերաբերյալ երեք առաջարկներ՝ Քաղաքագետների միության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի անդամ Հմայակ Հովհաննիսյանի, ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի եւ ԱԺ նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանի հեղինակությամբ:

Վերջինիս առաջարկի կապակցությամբ մենք ստիպված ենք փաստել, որ նախօրեին, երբ պարզվեց, որ ԱԺ լիագումար նիստին ներկա է ընդամենը 5 պատգամավոր, ընդ որում` մեծամասնությունը «Ժառանգություն» խմբակցությունից, չորրորդ գումարման Ազգային ժողովը ցույց տվեց իր անգործունակությունը, հետեւապես` ցանկացած նախաձեռնության իրագործելիության անհնարինությունը:

Մյուս երկու փաստաթղթերի առնչությամբ «Ժառանգության» նախընտրական շտաբը անառարկելի ճշմարտություն է համարում, որ դրանց իրագործումն ապահովելու կարեւոր պայմանը տվյալ փաստաթղթերի ոգուն եւ տառին հակասող մինչ այժմ ստորագրված քաղաքական փաստաթղթերի ստորադասումն է: Այդ իմաստով տարակուսանք է հարուցում մեր ներկայացրած կառուցողական առաջարկների  մերժումը, այն է՝ փաստաթղթերը ստորագրել համապատասխան քաղաքական ուժերի առաջին դեմքերի մակարդակով, ինչպես նաեւ ներառել հատուկ կետ նախընտրական փուլում բացահայտ կամ քողարկված ընտրակաշառք բաժանելու, այդ թվում` քվեներ ստանալու ակնկալիքով բարեգործություններ իրականացնելու անթույլատրելիության մասին:

Մենք խորին վրդովմունք ենք արտահայտում, որ քաղաքական որոշ ուժեր մի ձեռքով օրինական ընտրություններ անցկացնելու պարտավորություններ պարունակող փաստաթուղթ են ստորագրում կամ դրանք ստորագրելու պատրաստակամություն են հայտնում, իսկ մյուսով շարունակում են խախտել ազատ եւ արդար ընտրությունների ամենատարրական չափանիշները` տեղիք տալով բազմապիսի օրինախախտումների:

Մենք անընդունելի ենք համարում ազատ եւ արդար ընտրությունների համար պայքարի նմանակումը եւ դրանում «Ժառանգությանը» ներքաշելու ամեն մի փորձ: Մյուս կողմից` մենք չէինք ցանկանա մտածել, որ ներքաշվելով որեւէ իմիտացիոն գործընթացում, մինչեւ վերջերս ամբողջական իշխանափոխություն պահանջող կամ արմատական համարվող մեր ընդդիմադիր գործընկերներն ուրիշի «պետպատվերի» շրջանակներում փորձում են «բյուրեղացնել» մի նոր, սնամեջ, «օրինակարգության» պատրանք ստեղծող կոալիցիա:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, «Ժառանգության» նախընտրական շտաբը հայտարարում է, որ մնում է իր տեսակետին եւ պատրաստ է միանալ ցանկացած ոչ ձեւական փաստաթղթի` լինի դա 9-ի, թե 4-ի ձեւաչափով, միայն հետեւյալ առաջարկների ընդունման դեպքում.

ա/ նմանատիպ նախաձեռնություններին կարող են մաս կազմել միայն այն քաղաքական ուժերը, որոնք ի սկզբանե չեն խախտում դրանցում ամրագրված դրույթները,

բ/ դրանք պետք է ստորագրվեն քաղաքական ուժերի առաջին դեմքերի մակարդակով` ամրագրված դրույթների կատարման համար թե անձնական եւ թե հավաքական պատասխանատվությունը որոշակիացնելու նպատակով,

գ/ փաստաթղթում պետք է ներառվեն պարզ ու շիտակ դրույթներ նախընտրական փուլում բացահայտ կամ քողարկված ընտրակաշառք բաժանելու, այդ թվում` կուսակցությունների կողմից քաղաքացիների անձնագրեր հավաքագրելու, քվեներ ստանալու դիմաց բարեգործություններ իրականացնելու անթույլատրելիության մասին:

Ամեն դեպքում մենք հաջողություն ենք մաղթում նախընտրական գործընթացին մասնակցող բոլոր ուժերին եւ լծվում մեր գործին` անելու այն, ինչ միշտ արել ենք մեր քաղաքական կենսագրության ընթացքում` ժողովրդի հետ միասին պայքարել ազատ ու արդար ընտրությունների, քաղաքացու յուրաքանչյուր քվեի համար: Մենք նաեւ պատրաստ ենք ընտրախախտումների վերաբերյալ մեր բոլոր փաստերն ու ապացույցները ներկայացնել ոչ միայն իրավապահ մարմիններին, այլեւ ցանկացած ձեւաչափով ստեղծված կառույցներին` անկախ պաշտոնապես դրանց միանալու կամ չմիանալու հանգամանքից:

Մենք վերահաստատում ենք մեր իրավունքը եւ հաստատակամությունը` մայիսի 7-ին հանդես գալու նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ համապարփակ գնահատականով:

«Ժառանության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30