Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեքսանյան Սամվելը թող ականջին օղ անի, սա իմ դաշտն է» (Տեսանյութ)

Ապրիլ 13,2012 23:16

«Ես քաղաքական գործիչ եմ, իմ դաշտը սա է, սա Ալեքսանյան Սամվելի եւ մնացած օլիգարխների դաշտը չի, իրենք թող հիշեն, ականջին օղ անեն: Սա այն դաշտն է , որտեղ մենք ենք, եւ իրենք պիտի հեռանան այդ դաշտից: Սերժ Սարգսյանն կրենց զոռով  որ բերել է, սխալ է արել: Սերժ Սարգսյանն էլ գիտի, ուզում էր հրաժարվել՝ չկարողացավ: Մեզ նման մարդիկ պառլամենտում իրենց պետք չեն, որովհետեւ մենք գալու ենք, իրենց ասելու ենք` գնացեք, դուք ավելի հաջողակ եք բիզնեսում, ես հաջողակ չեմ բիզնեսում, չեմ էլ փորձել զբաղվել: Ես դասախոս եմ եղել, կարողանում եմ օրենքներ կարդալ, օրենքներ գրել, ես լավ հասկանում եմ այդ ամեն ինչից, իրենք չեն հասկանում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա համնայնքի թիվ 8 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀԱԿ անդամ Վահանգն Խաչատրյանը:

Նա խոստացավ, որ բիզնեսմենների համար լավ պայմաններ կստեղծի. «Իդեալական պայմաններ` առաջին հերթին Սամվել Ալեքսանյանի համար: Ի միջի այլոց, իմ գրած օրենքների շնորհիվ է, որ ինքը սկզբում կարողացել է կապիտալ հավաքել: Եթե ես մտածեի իրենց նման, հիմա իրենք չէին լինի, ես իրենց տեղը կլինեի: Օլիգարխը կլիներ Վահագն Խաչատրյանը»:

Մեր հարցին՝ Մալաթիայի բնակիչները այսպես ասած՝ «քյարթու» մտածելակերպ ունեն, ամբողջ օրը «ապերոյական բազարների» մեջ են, գողական օրենքներով են առաջնորդվում, այդ բնակիչների լեզուն ո՞նց եք հասկանալու, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Լեզու կգտնե՜մ, այդպես շատ մարդկանց եմ հանդիպել իմ կյանքում: Իրենց էլ խաղի կանոններն այդպես են սովորեցրել, իրենք ճիշտ խաղի կանոներին շուտ հարմարվում են, որովհետեւ ամենակարեւորը արժանապատվության հարցն է իրենց համար, այս համակարգը բոլորին վիրավորում է, անգամ այդ ապերոներին ու գողականներին: Ես խոստանում եմ ոչ թե մի Լֆիկ Սամո ունենալ, այլ՝ նրա նման միլիոնավոր ու իրենք կախված չլինեն իմ անձից, իմ տեղն էլ չիմանան: Հիմա ում սա բացատրես՝ ասի չէ, հենց այդ գողականներին: Ճիշտ  է, ես իրենց լեզվով, ժարգոնով չեմ կարա բացատրեմ, բայց սա է իմ ասելիքը: Հիմա թող որոշեն՝ եթե գերադասելի կլինի, որ ունենան Լֆիկի նմաններ՝ թող ունենան»:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին պահում է հիմնականում տոնավաճառը, քանի որ համայնքի բնակիչների մեծ մասը առեւտրով է զբաղվում: Իսկ տոնավաճառը կապված է անմիջականորեն ՀՀԿ-ի հետ: Երեկ էլ ՀՀԿ-ի հանրահավաքին լուրեր տարածվեցին, որ տոնավաճառի մարդկանց բռնի տարել են հավաքի: Այս առնչությամբ մենք Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով, որ մարդկանց հացը կախված է տոնավաճառի, ՀՀԿ-ի հետ, ձեր պայքարն այդ համայնքում ինչպե՞ս եք պատկերացնում: Նա պատասխանեց, որ լուրեր չեն, հենց այդպես էլ եղել է, մարդկանց բռնի տարել են ՀՀԿ-ի հանրահավաքին. «Մեր պայքարը հենց դրա դեմ է, որ մարդկանց որոշումը կախված չլինի տոնավաճառի, հացի հետ, որ կախված լինի ինքն իր որոշումից: Այսօրվա համակարգի արատավորությունը կայանում է նրանում, որ մարդկանց դարձրեց այդպիսին, աղքատացրեց, զրկեց իր աշխատելու հնարավորությունից, բարեկեցիկ կյանքով ապրելու բոլոր միջոցներից եւ դրանց տեր դարձրեց առանձին մարդկանց խմբերի՝ հանձինս Սամվել Ալեքսանյանի եւ նմանատիպ մարդկանց, որոնք շատ լավ իրենց ղեկավարում են, մանիպուլյացիա են անում: Իսկ մարդկանց վրա ազդելու լծակը ո՞րն է՝ աշխատանք կտամ կամ չեմ տա  կամ ես եմ պահում եւ այլն: Սա ամենավատ  երեւույթն է, որ կարող է իշխանությունն անել իր երկրի քաղաքացիների հանդեպ: Այդ երկրի քաղաքացին, տվյալ դեպքում՝ տոնավաճառում աշխատող մարդը երբեք երկրի պետական խնդիրներին մասնակից չի դառնում՝.Աստված հեռու տանի` պատերազմ, աղետներ, ինքը մասնակից չի դառնում, որովհետեւ ինքը երկրի առջեւ պատասխանատվություն չունի: Ինքը ունի մի մարդու առջեւ պատասխանատվություն՝ շատ ձեւական՝ դա օլիգարխն է»:

Մեր հարցին՝ դուք ի՞նչ եք առաջարկում՝ մարդիկ վտանգի տա՞կ դնեն իրենց աշխատանքը՝ ՀԱԿ անդամը պատասխանեց, որ մարդիկ պիտի ընտրություն անեն, թե ինչպես են ուզում լուծել իրենց վաղվա ապրելու խնդիրը. «Շարունակ այդ մարդու ստրուկը լինելո՞վ՝, թե՞ ավելի ազատ ապրելով, մի քիչ դժվարություն շատ կարճ, հետո ավելի լավ ապրելու հնարավորություն: Ուղղակի այդ մարդիկ չգիտեն, որ իրենք հնարավորություն ունեն շատ ավելի լավ  ապրելու, չգիտեն, որ երկրի բյուջեն ավելի մեծ պետք է լինի, քան հիմա կա, մարդիկ շատ լավ գիտեն, որ այդ մարդիկ հարստացել են՝ իրենց գրպանի հաշվին,  ոչ թե իր գիտելիքի հաշվին, այլ այդ նույն քաղաքացու, իմ, ձեր գրպանի հաշվին, դրսից փոխանցումների հաշվին: Մարդկանց պիտի բացատրենք սա: Շաքար եք գնում, կարագ եք գնում՝ 1/3-ն է գնում բյուջե, հիմա որոշեք՝ եթե ուզում եք այդպես ապրել՝ խնդրեմ: Մարդիկ կհավատան ինձ, կգան իմ հետեւից՝ շատ լավ, ես խոստանում եմ, որ շատ կարճ ժամանակ հետո իրենց կյանքը կփոխվի , լավագույն օրինակը Վրաստանն է՝, մի մարդ՝ Միխայիլ Սահակաշվիլին այդ արատավոր համակարգը ջարդեց, ամբողջ կոռուպցիան վերացավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30