Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ գիրք է, նրան ոչինչ չի լինում». Բարսեղ Կեսարացու ավետարանը բերվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի

Ապրիլ 15,2012 20:17

2005 թվականից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին ուխտավայր է դարձել: Ամեն տարի Մատենադարանից այստեղ է բերվում Բարսեղ Կեսարացու ավետարանը: Այս ավանդույթը ձևավորվել է շնորհիվ մի խումբ հայրենադարձված պարսկահայերի, որոնք հավատում են նրա մեջ ամփոփված խորհրդավոր զորությանը:

Այս տարի ևս բացառություն չէր: Այսօր եկեղեցու բակը վաղ առավոտից լի էր ուխտավորներով: 1498 թվականին գրված Ավետարանը հատկապես պարսկահայերի մոտ հայտնի է Շուրիշկանի Ավետարան անունով: Այդ անվանումը նա ստացել է շնորհիվ իր երկար ճամփորդության: Շահ-Աբասի բռնի տեղահանության ժամանակ այս Ավետարանը հայերը Օշականից տարել են Պարսկաստան և մինչև այստեղ բերելը այն դարեր շարունակ պահվել է Պարսկաստանի հայաբնակ Փերիա գավառի Շուրիշկան գյուղում: Այստեղից էլ ստացել է իր անվանումը: Գավառի նախկին բնակիչներից Անտոն Հովհաննիսյանը պատմում է, որ 1970 ական թվականներին գյուղում գրեթե հայ չէր մնացել . «Մեծ մասը հայրենադաարձվել էին Հայաստան, իսկ մյուսներն էլ տեղափոխվել էին այլ քաղաքներ: Սյդ պատճառով Ավետարանը բերվեց Հայաստան և հանձնվեց Մատենադարանին»,-ասում է նա:

Ավետարանի հետ կապված բազմաթիվ պատմություններ ու լեգենդներ կան, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են գյուղի բնակիչների կողմից: 96- ամյա Արմենակ պապը, որը երկար ժամանակ ծառայել է Շուրիշկան գյուղի եկեղեցում, ուր պահվում էր Ավետարանը, պատմում է, որ սկզբում եկեղեցի չունենալու պատճառով այն պահում էին ծառի տակ՝ վախենալով ավազակների հարձակումներից : «Մեր գավառում բոլորն էլ գիտեին նրա հետ կապված պատմությունները: Մի խումբ ավազակներ գողացել էին այն, հետո բոլորն էլ մեկ տարվա մեջ մահացան: Սուրբ գիրք է, նրան ոչինչ չի լինում: Նույնիսկ յոթ տարի ջրի տակ է մնացել, հետո հանել ու տեսել են, որ լրիվ չոր է»,-ասում է նա:

Նրա հրաշագործություններին հավատում էին ոչ միայ հայերը, այլև պարսիկներն ու հնդիկները: Ավետարանը զարդարված  է թանկարժեք քարերով, որոնք, ըստ ավանդույթի, մի պարսիկ փաշա է նվիրել՝ իր որդուն Ավետարանի միջոցով բուժելու համար: «Ասում են, որ շատերին է բուժել, նույնիսկ գյուղում պարսիկ հարևաններ ունեինք, որոնք մեզ պես հավատում էին, որ այն բուժում է մարդկանց: Այսօր էլ եկել ենք այստեղ այդ նույն հավատով, որ կօգնի մեզ»,-ասում է այցելուներից մեկը:

Ավետարանի մուտքը եկեղեցի մեծ ոգևորություն առաջացրեց: Բազմաթիվ հավատացյալներ ջանում էին գոնե մեկ անգամ դիպչել նրան՝ հավատալով, որ նրա մեջ ամփոփված խորհրդավոր ուժի շնորհիվ կբուժվեն կամ կհասնեն  իրենց երազանքներին: Եկեղեցում մատուցվեց պատարագ, որից հետո հավատացյալները մոտենում էին Ավետարանին, համբուրում  այն, իսկ ցանկացողները հանգանակություն անում:

Հետո Ավետարանը կրկին վերադարձվեց Մատենադարան՝ ուխտավորների մեջ թողնելով այն հույսը, որ մեկ տարի անց Սուրբ Գևորգ եկեղեցին կրկին իր դռները կբացի նրա առաջ:

 

                Արմինե Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30