Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի ելույթը Մալաթիա-Սեբաստիա թաղամասում

Ապրիլ 22,2012 19:17

Սիրելի հայրենակիցներ,

Մենք արդեն ընտրարշավի կես ճանապարհին ենք և արդեն բավական հստակ է, թե որ քաղաքական ուժը ինչ է առաջարկում և ինչպիսի այլընտրանքներ կան ձեր առաջ: Հենվելով այդ առաջարկների վրա, այդ քաղաքական ուժերին ես կբաժանեի հիմնականում երկու խմբի:

Մի խումբը մեծ հաշվով ասում է, որ երկրում ամեն ինչ նորմալ է, անցած հինգ տարիներին առաջընթաց է արձանագրվել և որ երկիրը զարգացման ճիշտ ճանապարհի վրա է: Այս խումբը, նույնիսկ եթե խոսում է ինչ-որ թերություններից,  բարեփոխումներից, նոր ծրագրերից, տողատակում մեզ հասկացնում է, որ ստատուս քվոն լավն է և դա պետք է պահել:

Մյուս խումբը կազմված է այն քաղաքական ուժերից, որոնք համարում են, որ մեր այս կյանքն ու հեռանկարը անընդունելի են, երկրի վիճակը ծանր է, նախկին հինգ տարիների քաղաքականությունը արդյունավետ չէր և երկրին անհրաժեշտ են լուրջ քաղաքական և տնտեսական փոփոխություններ:

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատկանում է այս խմբին և իրոք գտնում է, որ երկրի այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակը հեռու է բավարար լինելուց և շատ հեռու նրանից, ինչին մեր ժողովուրդն արժանի է: Մեզ անհապաղ անհրաժեշտ են քաղաքական և տնտեսական փոփոխություններ, որպեսզի դուք սկսեք տեսնել բարեկեցիկ և ապահով կյանքի հնարավորությունը:

Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Բարգավաճ Հայաստանը այն ուժն է, որն ունի ամենամեծ հնարավորությունը` երկրում իսկական փոփոխություններ բերելու, մեր առջև ծառացած խնդիրները լուծելու և երկիրը դնելու կայուն և հուսալի զարգացման ճանապարհի վրա:

Այսօր ձեր առաջ եղած ընտրանքը շատ հստակ է՝ կա՛մ համակերպվել այսօրվա վիճակի հետ, կա՛մ գնալ փոփոխությունների ճանախարհով, որը կնշանակի հույս և փոփոխություն նաև ձեզանից յուրաքանչյուրի կյանքում:

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Յուրաքանչյուր ընտրություն նաև հաշվետվության ժամանակ է, բոլոր քաղաքական ուժերի՝ իրենց արածի ու չարածի հաշվետվության: Սակայն հիմնական հաշվետուն այն քաղաքական ուժն է, որը պատասխանատուն է երկրում այսօր ստեղծված վիճակի համար:

Ցավալին այն է, որ ոչ միայն պատասխանատվություն, այլև հանդուրժողականություն չկա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ճիշտ ախտորոշում կատարել և նոր ճանապարհներ ցույց տալ:

Ինչ-որ մեկը պե՞տք է բացատրի մեզ, թե ինչու 2009 թվականին Հայաստանը ունեցավ երկրորդ ամենամեծ տնտեսական անկումն աշխարհում: Մեկը պե՞տք է բացատրի մեզ, թե այդքանից հետո ինչպես այդ կառավարությունը մնաց իր տեղում և շարունակեց աշխատել: Մեկը պե՞տք է բացատրի մեզ, թե ինչպես պատահեց, որ մի քանի տարվա ընթացքում եռապատկելով արտաքին պարտքը և այն հասցնելով չորս միլիարդ դոլարի՝ աղքատությունը Հայաստանում ոչ միայն չնվազեց, այլև աճեց 500 հազար մարդով: Մեկը պե՞տք է բացատրի մեզ, որ մեզ խոստացված բոլոր մեծ ծրագրերից մեկն անգամ չիրականացավ: Մեկը պե՞տք է բացատրի մեզ, թե զոհաբերելով մեր ազգային շահերը՝ համաձայնելով պատմական հարթությամբ` այսինքն Ցեղասպանությամբ զբաղվող ենթահանձնաժողով ստեղծել և ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանները, ինչու հայ-թուրքական սահմանը դեռ փակ է: «Ինչու»-ների շարքը կարելի է երկար շարունակել՝ արտագաղթի, կրթության, առողջապահության, բնապահպանության, կանանց և երեխաների խնդիրների և այլ բազմաթիվ խնդիրների մասին:

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Բարգավաճ Հայաստանն այսօր շատ լուրջ հայտ է ներկայացրել և ցանկանում է ծանրակշիռ պատասխանատվություն վերցնել Ազգային ժողովում և կառավարությունում՝ նպատակ ունենալով վերը բարձրացված խնդիրներին արմատական և անհապաղ լուծումներ տալ: Բարգավաճ Հայաստանը կախվածության մեջ չէ այլ ուժերից կամ անձանցից և առավել ևս՝ որևէ տեսակի կապիտալից: Մեզ վստահության քվե տալով՝ դուք մեզ կախվածության մեջ եք դնում ձեզանից, այսինքն՝ ժողովրդից:

ԲՀԿ-ն իր կառավարման հիմքում դնելու է ժողովրդավարության հիմնարար սկզբունքները` հանդուրժողականություն, արդարություն և մարդու և խոսքի ազատություն:

Տնտեսական քաղաքականության հիմքում մենք դնելու ենք նոր փիլիսոփայություն և մոտեցումներ: Նախևառաջ՝ անվերապահորեն հարգվելու են ազատ տնտեսական հարաբերությունների հիմնարար սկզբունքները` հավասար պայմանները, ազատ մրցակցությունը և սեփականության անձեռնմխելիությունը:

Բարգավաճ Հայաստան կուսակցության տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները կլինեն.

– Տնտեսական իրական աճ, աշխատատեղերի ստեղծում՝ արժանավայել աշխատավարձերով, և ժողովրդի կենսամակարդակի էական բարձրացում:

– Կառավարության առավել լայն ներգրավվածություն տնտեսության բոլոր ոլորտներում: Այն պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի կոնկրետ ոլորտների զարգացման և առաջընթացի համար: Այդ ոլորտները պետք է գտնվեն պետության անմիջական հոգածության ներքո:

– Գործարարները, արտադրողը չպետք է դիտարկվեն որպես օբյեկտներ, որոնց ֆունկցիան միայն հարկեր վճարելն ու բյուջե լցնելն է: Այդ խավը պետք է լինի պետության գլխավոր գործընկերը, հասարակության բարեկեցությունը ապահովող հիմնական շարժիչ ուժը, որը ստեղծում է աշխատատեղեր ու հանրային բարիք:

– Վերջապես, երկիրը պետք է բացել ամբողջ աշխարհի առջև, տնտեսությունը հրապուրիչ դարձնել օտարերկրյա ներդրումների համար: Հայաստանն աշխարհի տնտեսական քարտեզի վրա ավելի մեծ տեղ պետք է զբաղեցնի, քան նրա աշխարհագրական չափերն են:

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Ես վստահ եմ, որ քիչ առաջ ասվածի մեջ չկա որևէ բան, որի հետ դուք համաձայն չլինեք: Բայց ես նույնպես գիտեմ, որ այս տարիների ձեր հիասթափությունը և անհարկի խոչընդոտները ձեր նպատակների և ազատությունների ճանապարհին ձեզ թերահավատ են դարձրել, իսկ ձեր շուրջը ստեղծված միջավայրը վախ է սերմանել:

ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը մի հայտնի խոսք ուներ։ Նա ասում էր. «Միակ բանը, որից այսօր մենք պետք է վախենանք, վախն է»:

Այս ընտրություններում իմ միակ վախը այն է, որ հանկարծ դուք չվախենաք: Չվախենաք, թեև մինչև հիմա ձեզ վախեցրել են, վախեցնում են և մտածում են, թե դեռ կարող են վախեցնել: Ես ցանկանում եմ, որ այս ընտրություններով, ի թիվս այլ խնդիրների, մենք լուծենք նաև վախի խնդիրը:

Բռնապետությունների տակ տասնամյակներ կքած ժողովուրդներ Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, Լիբիայում կարողացան հասնել արմատական փոփոխությունների առաջին հերթին կարողանալով հաղթահարել վախը: Մերը շատ ավելի հեշտ է. ընտրության օրը ընդամենը պետք է չվախենաք, որ եթե քվեարկեք ձեր խղճով, ձեզ կարող են պատժել կամ վնասել: Ես ուզում եմ, որ դուք, մայիսի 6-ին իրացնելով ձեր իրավունքը, ցույց տաք բոլորին, որ ոչ թե ժողովուրդն է որևէ քաղաքական ուժի հպատակ, այլ ընդհակառակը՝ քաղաքական ուժերն են ժողովրդի հպատակը, և մենք՝ բոլորս, Հայաստանի Հանրապետության ազատ և հպարտ քաղաքացիներ ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30