Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Նայեք, նայեք, էլի Անդրանիկն ա անցնում». Մեծ եղեռնից փրկված Համասփյուռը կյանքի վերջին տարիներին խելագարվել էր

Ապրիլ 24,2012 21:15

Համասփյուռ

Քնարիկ տատի մայրը` Համասփյուռը

Քնարիկ տատը 85 տարեկան է, 2 եղբայր ունի, սակայն երբեք չի մոռանում իր 2 քույրերին և մեկեղբորը, որոնց երբեք չի տեսել: Նրանցից երկուսը մահացել են գաղթի ճանապարհին, իսկ մեկի ճակատագիրը անհայտ է. այդ մասին նրան իր մայրը`Համասփյուռն է պատմել: Ըստ նրա` ընտանիքը Վանից գաղթել էր Նախիջևանի Ակուլիս գյուղը: Ապրիլի 23-ի գիշերը տեղեկանում են, որ թուրքերը գալիս են: Անդրանիկ զորավարի ուղեկցությամբ գյուղի բնակչությունը գիշերը ճանապարհ է ընկնում դեպի Արևելյան Հայաստան: Համասփյուռի աղջիկներից մեկը հիվանդ է լինում և ամբողջ ընթացքում լաց է լինում, Անդրանիկի պահանջով Համասփյուռը երեխային թողնում է մի ծառի տակ և շարունակում ճանապարհը, որպեսզի թուրքերը չլսեն լացի ձայնը և չհարձակվեն իրենց վրա . «Մայրս մեզ պատմում էր` երեխես պաչամ, դրամ ծառի տակ, որ ամերիկացիները հետևներիցս գան, վերցնեն, տանեն որբանոց: Հետո` մինչև վերջ հավատում էր, որ էդ երեխեն գտնվելու ա»,- հիշում է Քնարիկ տատը:

Ճանապարհին պետք է գետ անցնեին, Համասփյուռի ամուսինը` Խալաթը, երեխաներից մեկին կտորով կապել էր իր դոշին, վարարած գետն անցնելիս ջրի հոսանքը երեխային պոկում և տանում է: Երրորդ երեխան էլ սովից է մահանում: Այնուհետև գալիս են Արևելյան Հայաստան և 3 երեխա էլ այստեղ ունենում` Քնարիկին և իր 2 եղբայրներին:
Քնարիկ տատը իր մոր պատմածներից հիշում է նաև իր հորեղբայրների պատմությունը:
«Նրանցից մեկը Կարապետ Ֆիդային էր: Իր ջոկատով սարերում էին թաքնվում, գիշերներն իջնում էին, թուրքերին ջարդում ու էլի բարձրանում սարերը: Ամբողջ գյուղին ինքն էր ուժ տալիս: Հետո թուրքերը բռնում են նրան, ձեռքը կտրում, հագցնում սրի վրա ու ամբողջ գյուղով թափ տալով գնում ու ասում` էլ պաշտպան չունեք, թևաթափ ենք արել ձեզ: Էս ա էն ձեռքը, որ պաշտպանում էր ձեզ»: Մյուս հորեղբայրն էլ էր նույն գյուղում ապրում իր 5 երեխաների հետ: Թուրք հարևան ունեին, որոնց հետ մտերմություն էին անում: «Երբ ջարդերը սկսվում են, այդ թուրքը նրանց տանում և իր տան նկուղում թաքցնում է` ասելով. «Սպասեք, կգան կանցնեն, գիշերով կփախնեք»: Բայց թուրքերն իմանում են, որ էդ մարդու տանը հայեր կան, գալիս հարցնում են` քո տունը «գյավուր» կա՞, հանի, էս թուրքն ասում ա` չկա: Նրանց ընտանիքին ստիպում են, որ տնից դուրս գան ու վառում են տունը»:
Քնարիկ տատն արցունքն աչքերին է հիշում մոր ողբերգական մահը: Համասփյուռը կյանքի վերջին տարիներին խելագարվել էր. ամեն անգամ անցյալը հիշելիս անմարդկային ձայնով գոռում էր: Նայում էր պատին ու կողքիններին, ասում. «Նայեք, նայեք, էլի Անդրանիկն ա անցնում»:

 

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30