Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. «Գելափն» այն «Գելափը» չէ, ВЦИОМ-ն էլ «Կրեմլի բուդկա» է

Ապրիլ 27,2012 19:35

ՀՅԴ-ն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Ճարտարապետների միության դահլիճում հանդիպեց մտավորականների հետ՝ ներկայացնելու համար իր նախընտրական ծրագրի՝ «Մարդու կայուն զարգացում» բաժինը։ Դաշնակցականներն այս հանդիպմանը ներկայացել էին ներկայացուցչական կազմով՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան, ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբաբյան, ՀՅԴ նախընտրական շտաբի քարոզչության համակարգող Աղվան Վարդանյան։ Մտավորականների թվում էլ մեր հասարակությանը հայտնի անձինք կային, այդ թվում՝ մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը, երգահաններ Ռուբեն Հախվերդյան, Գիսանե Պալյանը, Վահան Արծրունին, Թովմաս Պողոսյանը, հրապարակախոս Հովիկ Չարխչյանը, դերասաններ, գրողներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ եւ այլք։ Դահլիճում տեղ չկար, շատերը ոտքի վրա մնացին:

Վահան Հովհաննիսյանը, ողջունելով, իր ձեւակերպմամբ՝ Հայաստանի մտավորական էլիտային, ասաց, թե նրանք «այն կոնտինգենտը չեն, ում հարկ է ներկայացնել, քարոզել  ՀՅԴ-ի ծրագիրը, թեեւ դա էլ կանենք», ու նկատեց, թե իրենք հոռետես են եղել սահմանափակ տեղերով այդ դահլիճի ընտրության հարցում՝  կարծելով, թե Հայաստանում իսկական մտավորականներն այնքան քիչ են մնացել, որ այդ  դահլիճը կհերիքի, բայց «բարեբախտաբար, պարզվում է՝ իրավիճակը շատ ավելի բարենպաստ է, ու ազգի էլիտա, այնուամենայնիվ կա եւ այսքան շատ: «Մենք այն դժբախտ ժողովուրդներից ենք, որտեղ էլիտա եւ իշխանություն հասակցությունները չեն համընկնում: Երջանիկ ու առաջադեմ է այն ժողովուրդը, որտեղ էլիտան եւ իշխանությունը  հատվում են, որտեղ գործում է լավագույններին ընտրելու սկզբունքը: Մեր խնդիրն է՝ ազգի էլիտան դարձնել  իշխանություն եւ տիրապետել լավագույնին ընտրելու արվեստին: Մեր խնդիրն այն է, որ վերադարձնենք ձեզ այն հավատը, որ էլիտան դուք եք եւ ոչ թե փողը, զոռբայությունը, որովհետեւ սրանք արդեն զբաղեցրել են իրենց տեղերը: Հիմա մեր խնդիրն այն է, որ այդ տեղերը վերադարձնենք արժանիներին՝ բոլոր բնագավառներում, որովհետեւ հիմա այդ էլիտան արմատախիլ է արվել: Մեր խնդիրն է՝ մեր եւ ձեր միջեւ հարազատությունը  զգացականից փոխադրել կազմակերպական միավորի, որը հսկայական  կարողություն է: Այդ կարողությունը ձեզ վերադարձնելու  ժամանակն է, եւ դրա բանալին  կարող է եւ պետք է լինի ու անպայման կլինի հենց Դաշնակցությունը»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ մայիսի 6-ին «մեր հարազատության նոր փուլ կտեղափոխվենք մեր հաջողությամբ ու հաղթանակով»:

Դաշնակցական գործիչների ներածական ելույթներին հաջորդեց ներկա մտավորականների հարցադրումներին պատասխանելու փուլը: Ներկաներից մեկը՝ ով ներկայացավ Շահնազարյան ազգանունով, հարցրեց, թե արդյոք ՀՅԴ-ականները չե՞ն կարծում, որ ընթացքող քարոզարշավի ժամանակ պետական այրերը խախտում են գործող օրենքներն ու պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ, աշխատանքային ժամերին ու աշխատանքային այցերի անվան տակ քարոզչություն են ծավալում իրենց կուսակցությունների օգտին՝ մատնանշելով մասնավորապես ՀՀ նախագահին: Շահնազարյանը նաեւ դժգոհեց, թե ՀՀ նախագահը որոշել է քարոզչության բեռը մենակ տանել ու միայն ինքն է ելույթներ ունենում՝ սարկազմով նկատելով, թե դրանով նա ժողովրդին զրկում է ՀՀԿ-ական մյուս «հանճարեղ հռետորների, օրինակ՝ Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի հիանալի ելույթները լսելու հաճույքից»: Մտավորականի ամփոփ հարցադրումն այս էր` չե՞ք կարծում, որ պետք է միջոցներ ձեռնարկել օրենքի տառը պահելու համար։

Հարցին պատասխանեց Վահան Հովհաննիսյանն ու ասաց, թե՝ այո, իշխանություններն օրենքը խախտելու եզրին են, բայց այնքան նուրբ են գործում, որ դժվար է նրանց դատարան տանելը: Նա միաժամանակ ասաց, թե ՀՅԴ-ի համար դա անընդունելի է, ի սկզբանե անընդունելի է եղել նաեւ այն, որ երկրի բարձրագույն պաշտոնյաները՝ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը կուսակցական կրծքանշաններ են կրում, որը աշխարհի որեւէ երկրում չենք տեսնի: Նա հայտարարեց, թե նրանք դա անելու իրավունքը չունեն, որովհետեւ ոչ թե իրենց կուսակցականների, այլ երկրի բոլոր քաղաքացիների նախագահն ու վարչապետն են:

«Կուսակցապետերն իրենց ամբողջ քարոզարշավը մենակ են տանում, որովհետեւ ա) ուրիշ մարդ չկա, որ տանի, բ) եթե տանի՝ այդ դեպքում ինչ «Գելափ» ուզում ես բեր՝ այդ կուսակցությանը տրվող 50 տոկոսն արդեն ծիծաղելի կդառնա:  Այսինքն, Հայաստանում հետեւյալ համակարգն է գործում, կամ՝ արդար ընտրություններ, կամ՝ իրենք (ՀՀԿ-ն) ունեն 50 տոկոս: Չի կարող  լինել, որ տեղի ունենան արդար ընտրություններ եւ ՀՀԿ-ն ունենա 50 տոկոս, որովհետեւ դա հնարավոր չէ: Պարզվում է այդ «Գելափն» այլեւս այն «Գելափը» չէ, ВЦИОМ-ը( Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն) ընդհանրապես Կրեմլի «բուդկա» է, որոնք հրապարակում են սոցիոլոգիական մի պատկեր, որը ոչինչ  է իրական սոցիոլոգիայի՝ փայլուն ու շատ լավ գիտության համեմատ: Նրանք միայն փչացնում են այդ գիտությունն ու քաշվում մի կողմ»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանն ու, անդրադառնալով հարցին, շեշտեց, թե բացի օրենքի խախտումից, կա նաեւ բարոյական օրենք ու բարոյականության խնդիր:

Նա նաեւ ասաց, թե պարզ է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող մարդը՝ ՀՀ նախագահը, այնպես չէ, որ իր պաշտոնից հրաժարվելու  է ու պատգամավոր է դառնալու, ու «մենք չենք տեսնում՝ իսկ այդ ովքե՞ր են, որ գալու են ԱԺ: Սա, համաձայն եմ, խախտում է, որովհետեւ ժողովուրդը փաստացի, որ իր «հերոսներին» չի ճանաչում»։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30